.jpg)
Էմմա Ասատրյանի սպասվելիք անակնկալը և անսպասելի առաջարկը. life.panorama.am
Ճիշտ մշակված ձայն և ճիշտ երաժշտական դաստիարակություն, մարդկային դաստիարակություն… Հայաստանի պետական ջազ նվագախմբի երգչուհի Էմմա Ասատրյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, փառամոլ չի դարձել ու հնարավորությունների սահմանը չի օգտագործել…
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին հասցրեց և անկեղծանալ, և զարմանալ, և հպարտանալ… Հպարտանալ մեկ-մեկ պետք է, բայց՝ տեղին…

- Գիտեմ, որ ակտիվ գործունեություն եք ծավալում, բայց էկրաններից գրեթե չեք երևում: Ինչո՞ւ:
- Ուղղակի չեմ սիրում առանց առիթի եթերում հայտնվել: Եթե ունեում եմ նոր տեսահոլովակ, նոր մի բան, որի մասին կարելի է խոսել, ապա երբեք չեմ խուսափում էկրաններին երևալուց… Նաև գիտեք, պետք է այնպես անել, որ չհոգնեցնես հեռուստադիտողին, քո հանդիսատեսին… Հենց այնպես եթերում երևալու կարիք, չեմ կարծում, որ կա… Իսկ համերգների շատ չեմ մասնակցում, քանի որ երբեմն երաժշտական մթնոլորտն իմը չի լինում, իմ ոճի համերգներ չեն լինում… Ես ամեն ամիս ունենում եմ համերգներ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ… Քիչ ներկայանալս կապված է նաև այն բանի հետ, որ ես դասավանդում եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ունեմ շատ աշակերտներ…
- Իսկ նորություններ չե՞ք պատրաստում:
- Ես միշտ հարցազրույցների ժամանակ ասում եմ, որ չեմ սիրում պլաններից խոսել… Բայց այս անգամ ինքս ինձ առավելություն թույլ տամ և խոսեմ, քանի որ իմ ամենասիրելի երաժիշտներից մեկը՝ դաշնակահար Վահագ Հակոբյանը, մեկ ամսից 1-2 տարով պետք է մեկնի Ֆրանսիա… Վերջերս ստուդիայում մի ձայնագրություն կատարեցինք, որը անակնկալ է և նվիրված է լինելու Էլվինա Մակարյանի հիշատակին… Իսկ թե ինչու, հետո բոլորը կհասկանան…

- Չե՞ք մտածում դուետով հանդես գալու մասին:
- Չեմ մտածել… Բայց վերջերս, երբ դիտում էի «Ռեինկարնացիա» խմբի համերգները, մոտս ցանկություն առաջացավ՝ նրանց հետ զուգերգ կատարելու… Դեռ չեմ դիմել, բայց երևի կդիմեմ գիտե՞ք…
- Այսօր ջազը հնչում է նաև ակումբներում… Փորձո՞ւմ եք ակումբային աշխատանքը համատեղել, թե դեմ եք ակումբներում երգելուն:
- Իմ առօրյան ինձանից այնքան էներգիա է խլում, որ ի վիճակի չեմ լինի գնալ, ակումբներում երգել… Այնպես չի, որ չեմ ընդունում ակումբներում երգելը, պարզապես ինքս չեմ սիրում ակումբային մթնոլորտը, քանի որ տանել չեմ կարողանում ծխի հոտը… Օրինակ, վերջերս «Մեցցո» ակումբում համերգ ունեցանք ջազ նվագախմբի հետ և իմ աչքերից արդեն արցունքներ էին հոսում, քանի որ ծուխն ինձ խանգարում էր… Ու հասկացա, որ հենց միայն այդ պատճառով չեմ կարող աշխատել ակումբում…
- Էմմա, եթե չեմ սխալվում, դասավանդում եք 2008 թվականից… Ինչպե՞ս համարձակություն գտաք 22 տարեկանից ուսուցանողի դերում լինել…
- Շատ լավ հիշում եմ այդ զանգը… Նոնա Մուշեղովնան՝ իմ կոնսերվատորիայի դասախոսը և հայրիկիս դասընկերուհին, զանգահարեց ինձ ու ասաց, որ երաժշտական դպրոցի տնօրենի հետ զրուցում են դպրոցում ջազ-վոկալ բաժին բացելու համար: Նա առաջարկել էր տնօրենին, որ ես դասավանդեմ… Ես զարմացել էի, մտածում էի՝ կարող եմ, չեմ կարող, այդ ինչպես պետք է անեմ… Շատ մեծ պատասխանատվություն է: Այսօր դժվար է ապրուստը, ծնողները գումար են տնտեսում, որպեսզի իրենց երեխաներին երգի, երաժշտության ուղարկեն, և պետք է կարողանաս բալիկներին մաքսիմալ գիտելիք տալ:

- Այս ընթացքում ձեր սաներից երկուսը մանկական եվրատեսիլյան բեմ են բարձրացել… Գուցե այս տարի և՞ս անակնկալ անեն ձեզ:
- Չգիտեմ… Ի դեպ, ինձ մոտ է սովորում նաև «Kompass band»-ի Պարոնիկյան Դավիթը, ու արդեն շատերը կատակ են անում՝ ինձ ասելով՝ կարո՞ղ է մանկական եվրատեսիլի հետ ինչ-որ կապեր ունես… Եթե անկեղծ լինեմ, այդ մրցույթը այնքան էլ չեմ սիրում: Երբ և Դալիթան, և Մոնիկան ինձ առաջարկեցին, ասացի, որ դա այնքան էլ կապ չունի երաժշտության հետ, լարված մրցույթ է… Բայց և երեխաները, և ծնողները շատ էին ցանկանում մանակցել… Հուսով եմ, որ իմ աշակերտները այլևս չեն դիմի մասնակցելու (ծիծաղելով)… Կցանկանայի ավելի լուրջ բաների մասնակցեն… Եվրատեսիլն իր մեջ մի քիչ վտանգավոր բան էլ ունի, երեխաների հոգեբանական աշխարհի հետ է խաղում…
- Դուք ձեզ շոու բիզնեսի մասնիկ համարո՞ւմ եք: Ջազը կարո՞ղ է շոու բիզնես կոչվել:
- Այսօր ամեն ինչ մի քիչ շատ խառն է… Գիտեք այսօր ինչը ինձ դուր չի գալիս, որ ամենուր ողողված է, թե ի՞նչ բրենդ են հագնում, ի՞նչ ժամացույց են կրում, ո՞ր ոճաբանի մոտ են հագնվում… Հիմա ամեն ինչ դրանով են չափում, փոխանակ գնահատելու աշխատանքը…Նկարահանում են տեսահոլովակ, որտեղ ավելի շատ գնահատվում է կոսմետիկան ու հագուստը, քան ստեղծագործական միտքը… Այդ առումով մի քիչ խճճվել եմ, չգիտեմ, համարե՞մ ինձ շոու բիզնեսի մասնիկ, թե ոչ… Այսօր կան երգիչներ, որոնց համար կարող ենք ասել, որ իրենք ցածր որակի երաժշտություն են երգում, բայց ես գիտեմ՝ ինչ ճանապարհ են անցել, ինչ բարձրակարգ երգեր են երգել… Այդ ժամանակ նրանց չէին գնահատում, չէին ճանաչում, չէին ցուցադրում… Այդ մարդիկ ստիպված եղան ընտրել մեկ ուրիշ ոճ, որպեսզի ճանաչում ձեռք բերեն… Նկատե՞լ եք, մամուլը, հեռուստատեսությունը խոսում են այն երգիչների մասին, որոնցից նաև բողոքում են… Իսկ մարդիկ ուզում են հայտնի լինել, փառք ձեռք բերել, գումար աշխատել, ընտանիք պահել, և ստիպված են լինում անել այն երաժշտությունը, որի մասին անընդհատ խոսվում է… Օրինակ հիմա իմ տեսահոլովակները այնքան շատ ցույց չեն տալիս, ինչքան Արմենչիկինը… Եվ ո՞վ է այդտեղ մեղավոր… Մարդու ճաշակը ձևավորվում է դեռ մոր որովայնից…

- Այսօրվա երեխայի համար հայ երաժշտության չափանիշը վաղը ո՞վ է լինելու:
- Այսօր երեխան միացնում է հեռուստացույցը, համակարգիչը, ամսագիրը՝ ամենուր նույն դեմքերն են ու բոլորը լեգենդ են… Մենք գոնե ունեինք Էլվինա Մակարյան, Տաթևիկ Հովհաննիսյան… Իմ կամ ձեր երեխան վաղը, մյուս օրը ո՞ւմ է լեգենդար արտիստ համարելու… Դա արդեն ողբերգություն է, քանի որ պարզ է՝ ովքեր են հետագայում հայկական շոու բիզնեսի լեգենդներ կոչվելու… Երեխայի ուղեղը խմորի պես մի բան է, ինչպես ուզում են, ձևավորում են…
- Շատերը ձեր՝ Երևանի պետական ջազ նվագախմբում ընդգրկված լինելու փաստը հաճախ կապում են ձեր հայրիկի հետ…
- Եթե կան մարդիկ, որ կարծում են, թե դա այդպես է, ես դրա համար միայն հպարտ եմ… Ավելացնեմ, որ հայրս նաև երգի պետական թատրոնի տնօրենն է, նաև պրոդյուսեր է «Շարմ» ընկերությունում…Ես կարող էի ունենալ շատ մենահամերգներ, տեսահոլովակներ, մասնակցել այդ նույն եվրատեսիլին… Այդ ամեն ինչի հնարավորությունը, բնականաբար, ունեմ, բայց չեմ արել…Այդ ամենը իմ հայրիկից է գալիս: Երբեք չեմ տեսել, որ հայրս զանգի այս կամ այն մարդուն ու ասի, որ ես այստեղ կամ այնտեղ պետք է երգեմ կամ մրցանակ ստանամ… Եթե այդպես մտածողներ կան, թող մի քիչ ավելի լայն բացեն աչքերը և շատ այլ խնդիրներ կտեսնեն… Ես եմ իմ երգերի հեղինակը, ինքս գրում եմ, ինքս երգում: Ոչ ոքից չեմ գնում… Հայրս միայն նրանում է օգնում, երբ ժամանակ առ ժամանակ մտածում է, որ հասունացել է պահը տեսահոլովակ նկարահանելու…Այ այդ հարցում ինձ երբեմն օգնում է…Ես երեք տարեկանից այս ոլորտում եմ մեծացել, մինչև 13 տարեկան երազում էի հնարավորության մասին… Հայրս դեմ էր, որ երգչուհի դառնայի, մինչև հիմա էլ կողմ չէ իմ որոշմանը…

- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք երգի պետական թատրոնում՝ սանի կարգավիճակում:
- Մի անգամ քթիս տակ երգում էի, Արթուր Գրիգորիչը լսեց, զարմացավ, երգել տվեց, ձայնս հավանեց ու ընդունեց Հայաստանի երգի պետական թատրոն՝ որպես մեներգչուհի… Հայրս երբ իմացավ, առանձնապես չուրախացավ, որ մուտք գործեցի այս ասպարեզ…
- Էմմա, ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ շատ կցանկանայիք բեմ բարձրանալ որպես դերասանուհի… Այդ երազանքը դեռ փայփայո՞ւմ եք…
- Իսկապես շատ կցանկանայի, երևի նախորդ կյանքում դերասանուհի եմ եղել (ծիծաղելով)… Սովորելու շատ մեծ ցանկություն միշտ եմ ունեցել, բայց՝ բժշկական համալսարանում, ոչ թե թատերական ինստիտուտում… Ամեն դեպքում, Հայաստանում թատերական հաստատ չէի ցանկանա գնալ…
- Ինչո՞ւ…
- Ընկերներ ունեմ, ովքեր այնտեղ սովորում են… Մի քանի անգամ հյուրընկալվել եմ նրանց, շատ չի ձգել այն, ինչ կատարվում էր այնտեղ (ծիծաղում է)… Բայց եթե որևէ ռեժիսոր հետաքրքիր առաջարկ անի, ցանկանա, որ ես խաղամ իր բեմադրած ներկայացման մեջ, ես էլ դերը համապատասխան համարեմ՝ սիրով կխաղամ…
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: