.jpg)
Հայոց լեզվի դասավանդման նպատակով կստեղծվի վիրտուալ հեռուստադպրոց
Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց մայրենի լեզվի ուսուցման նպատակով ՀԲԸՄ-ի հետ համատեղ սփյուռքի նախարարության կողմից վիրտուալ հեռուստադպրոցի ստեղծման հարցը: Նախատեսվում է հեռահար ուսուցմամբ մայրենին հասանելի դարձնել հայկական Սփյուռքի տարբեր համայնքներին: Հայոց լեզուն դասավանդվելու է օտար լեզվի հիմքով:
Ծրագիրը նախատեսված է լեզվի իմացության տարբեր մակարդակների համար՝ հաշվի առնելով առանձին երկրներում լեզվի ուսուցման պահանջարկը և նախատեսված է 10 տարեկան և ավելի մեծ տարիքի երեխաների համար: Դասընթացն իրականացվելու է ինտերակտիվ մեթոդով ուսուցողական վարժությունների միջոցով: Այն հեռուստադպրոցի աշակերտների հարցերին օն-լայն պատասխանելու, շփման, կարծիքները փոխանակելու և քննարկելու հնարավորություն է ընձեռում:
Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ ավելի ուշ նախատեսվում է նաև կազմակերպել արևմտահայերենի ուսուցում: