Գերմանիայում կբացվի Մինաս Ավետիսյանի և նրա որդու աշխատանքների ցուցահանդես
18/02/2014 19:46

Գերմանիայում կբացվի Մինաս Ավետիսյանի և նրա որդու աշխատանքների ցուցահանդես

Փետրվարի 21-ից մայիսի 4-ը Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում կկայանա «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա փետրվարի 20-ին:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ցուցահանդեսի շրջանակում կցուցադրվեն Մինաս Ավետիսյանի 19 (Հայաստանի Ազգային պատկերասրահի, Մինաս Ավետիսյանի ընտանիքի, Ռուսական արվեստի թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի հավաքածուներից) և որդու՝ Նարեկ Ավետիսյանի 9 ստեղծագործություններ: Այսպիսով, գերմանացի արվեստասեր հանրությանը կներկայացվեն Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը, միևնույն ժամանակ հնարավորություն կընձեռվի ծանոթանալու Նարեկ Ավետիսյանի «Ինտերֆրակտալներ» (2008-2010 թթ.) շարքին: Ցուցահանդեսի շրջանակում Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքներն առաջին անգամ կցուցադրվեն միասին:

Հրատարակվել է նաև ցուցահանդեսի ընդգրկուն, եռալեզու պատկերագիրքը (գերմաներեն, հայերեն և անգլերեն): Պատկերագրքում զետեղված է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիլհեմ Շլինկի արվեստաբանական հոդվածը, որն անդրադառնում է Մինաս Ավետիսյանի արվեստին, ինչպես նաև Նարեկ Ավետիսյանի բացառիկ և ընդգրկուն հարցազրույցը արվեստագիտության թեկնածու Մարի-Քրիստին Ֆրիտչի հետ: 

Գերմանիայում կբացվի Մինաս Ավետիսյանի և նրա որդու աշխատանքների ցուցահանդես