.jpg)
ՄՄ-ն չի կարող ստիպել, որ կենսաթոշակային գումարները մնան միության տարածքում
Ծաղկաձորում ընթացող կենսաթոշակային համակարգին նվիրված սեմինարի ժամանակ լրագրողները ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեցին, թե Մաքսային միության անդամակցությունը կենսաթոշակային բարեփոխումների վրա ինչպե՞ս կազդի` նկատի ունենալով, որ ոչ վաղ անցյալում ՄՄ գնալու փոխարեն գնում էինք ԵՄ: Երիցյանը կարծիք հայտնեց, որ դրական կազդի, Հայաստանը կարող է օգտվել նաև Մաքսային միության անդամ երկրների կապիտալի շուկաներից, եթե այդ շուկաները բարձր որակ ապահովեն:
Այն դիտարկմանը, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեսակետ էր հայտնել, որ հնարավոր է` ՄՄ-ն թույլ չտա եվրոպական երկրներ տեղափոխել կենսաթոշակային համակարգում կուտակված գումարները, Երիցյանը պատասխանեց. «Նման պահանջ չի կարող լինել, դա հակասում է միջազգային համաձայնագրերին: Մենք որոշակի սահմանափակումներ ենք դրել, գործում են այդ սահմանափակումները»:
Ն. Երիցյանը փոխանցեց, որ Մաքսային միությունը տնտեսական ինտեգրման կառույց է, քաղաքական կոմպոնենտը դրան բերել-խառնել և դոմինանտ դարձնել` սխալ մոտեցում է. «Մաքսային միությունն առանց սահմաների և առանց տարիֆների առևտուր է»,- ասաց նա: