.jpg)
Արևիկ Ուդումյանը՝ հարուստ ազգականից ստացած կտակի մասին. Life.panorama.am
Թեև Հայաստանում պրոդյուսերական դպրոցները բոլորովին վերջերս լայն տարածում են ստացել, սակայն կան մարդիկ, ովքեր առանց այդ դպրոցներում ուսանելու՝ կազմակերպչական ձիրքի ու մարդկանց հետ ճիշտ շփման շնորհիվ, վաղուց հմտացած պրոդյուսերներ են… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը տնտեսագետի մտածելակերպով հաղորդավար-պրոդյուսեր Արևիկ Ուդումյանն է, ով էկրանների թե՛ այս, թե՛ այն կողմում ունի մի կարևոր ընդհանրական գիծ՝ շփվող է ու շողարձակող…
.jpg)
-Արևիկ, հիմա Ձեր ընդհանուր գործունեությունը ինչո՞ւմ է կայանում:
-Այժմ հիմնական գործունեությունս հեռուստատեսության ոլորտում է: Հանրային հեռուստաընկերությունում «Մեր մեջ ասած» նախագիծն ենք իրականացնում, որի և՛ վարողներից եմ, և՛ պրոդյուսերը: Բավականին ծավալուն աշխատանք է: Ամբողջ ուշադրությունս և ժամանակս այս նախագծի վրա եմ ծախսում:
-Կարծեք թե պրոդյուսերական աշխատանքը ձեզ մոտ շատ լավ է ստացվում, միշտ ձեզ վրա դրվում են նման պարտականություններ… Դա ինչի՞ց է՝ կազմակերպչական լավ ջի՞ղ ունեք, թե հատուկ դասընթացներ եք անցել…
-Նախ, շատ շնորհակալ եմ նման կարծիքի համար… Կարծում եմ, պետք է այն մարդկանց հարցնել, ովքեր ցանկանում են ինձ տեսնել նաև պրոդյուսերի դերում, վստահում են այդ աշխատանքը… Երևի իրենք ավելի ճիշտ կբնորոշեն: Ես ճիշտ պատասխանը չեմ կարող տալ…
-«Մեր մեջ ասած»-ը նորությո՞ւն է հեռուստադիտողի համար, թե ունի նախադեպ:
-Հաղորդման վրա աշխատել սկսել են ամռանից: Այս ֆորմատը ոչ միայն հայկական հեռուստաընկերություններում, այլ առհասարակ՝ նախադեպը չունեցող է… Սրանք ամպագորգոռ բառեր չեն, պարզապես ֆորմատը ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության կողմից… Մենք 4 հաղորդավարներ ենք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տաղավարը, թեմատիկ ուղղվածությունը, հյուրերը…Եթե նմանատիպ հաղորդման նախադեպը լիներ, միգուցե ավելի հեշտ լիներ, քանի որ օրինակը ունենալով՝ կիմանայինք, ինչը պետք է պակասեցնել, ինչը՝ ավելացնել, ինչն է սխալ կամ ճիշտ… Քանի որ սա նորություն է, բնականաբար ավելի բարդ է, պետք է ամեն ինչ փորձարկել՝ հասկանալու համար՝ որն է լավագույն տարբերակը…
-Դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք, մտածո՞ւմ եք երբևիցե այդ բնագավառ վերադառնալու մասին… Ինչո՞ւ որոշեցիք ձեր մասնագիտությամբ չզբաղվել:
-Հեռուստատեսության ոլորտում ամեն ինչ շատ պատահական ստացվեց… Սկսվեց որպես հոբի, բայց տարիների ընթացքում դարձավ մասնագիտություն…Չեմ կարող ասել՝ կզբաղվե՞մ երբևիցե տնտեսագիտությամբ, թե՞ ոչ, բայց շատ ուրախ եմ, որ տնտեսագետի որակավորում ունեմ: Հավատացեք, եթե այսօր մասնագիտություն ընտրելու լինեի, նորից նույն մասնագիտությունը կընտրեի: Այն իմ մեջ տրամաբանական արդյունավետ մոտեցումներ է սերմանել, որը շատ անհրաժեշտ է հատկապես պրոդյուսերական աշխատանքներում…
-Փաստորեն, այն ձեզ օգնո՞ւմ է այժմյան գործունեության մեջ:
-Պրոդյուսերի համար շատ կարևոր է մարդկանց հետ ճիշտ աշխատել, կարողանալ ճիշտ կառավարել մարդկանց ռեսուրսները, ունենալ «հոտառություն», հասկանալ՝ ինչը կսիրվի ու կընդունվի մարդկանց կողմից և կարողանալ այդ ամենը ճիշտ մատուցել…Այդ ամենով մարդը կարող է բնությունից օժտված լինել, կարելի է նաև սովորել… Իսկ տնտեսագիտության, կառավարման հմտությունների մեջ նման բաներ ուսուցանվում են…
-Դուք համագործակցում եք նաև թենիսի ֆեդերացիայի հետ… Թեև կրկին լրատվական դաշտում եք, բայց հետաքրքիր է, սպորտով սիրո՞ւմ եք զբաղվել:
-Սպորտը ինձ համար միշտ էլ կարևոր է եղել, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակի վրա… Ֆեդերացիայի մամլո ծառայությամբ կամ PR-ով զբաղվելու համար, բնականաբար, անհրաժեշտ չէ, որ սպորտսմեն լինես… Թենիսի ֆեդերացիան և «Օրանժ» ակումբը դուրս են քաղաքային իրականությունից. Այնտեղ խաղաղ է, մաքուր օդ, լավ բնություն ու լավ պայմաններ կան, ու այդ մթնոլորտն էլ նպաստել է, որ երկար տարիներ համագործակցեմ ու աշխատանքս հաճույքով կատարեմ…
-Արևիկ, դուք երիտասարդ, բայց կայացած անհատ եք… Տարբեր ոլորտներում եք, ծավալում եք տարբեր գործունեություններ: Հետագայում ձեզ ո՞ր ոլորտում եք պատկերացնում:
-Ձեր խոսքերը ուրախացնելու հետ մեկտեղ ինձ նաև մի քիչ վախեցնում են (ծիծաղելով)…Չեմ համարում, որ լիովին կայացած եմ… Չգիտեմ, մասնագիտությունիցս է, թե տեսակիցս, բայց ես միշտ վաղվա գործը պլանավորում եմ ժամ առ ժամ, հանգիստ էլ քիչ եմ ունենում… Բայց այդ մի հարցում փորձում եմ հանգստություն ցուցաբերել: Այս տարիների ընթացքում, ինչ աշխատում եմ, միշտ այնպես է ստացվել, որ գործունեությունս ինքն իրեն է ստացվել… Այդ մի բանը երբեք չեմ պլանավորել: Այնպես է ստացվել, որ ինձ են առաջարկել, ոչ թե ես եմ դիմել, այդ իսկ պատճառով մտածում եմ, եթե աշխատանքդ միշտ որակյալ կատարես, ապա նոր հնարավորություններ, նոր տարբերակներ կընձեռվեն… Այն, որ ինձ համար հեռուստատեսությունը շատ կարևոր ու շատ հաճելի ոլորտ է, դա փաստ է, և, ինձ թվում է, այն իմ կյանքում միշտ պետք է տեղ զբաղեցնի… Բայց կրկնում եմ, երբեք չեմ պլանավորի, թե վաղը որ ոլորտում կլինեմ… Գուցե բոլորովին ա՞յլ բաներ փորձեմ…
-Իսկ ի՞նչ կցանկանաք փորձել… Շատերը երազում են բեմ բարձրանալ՝ դերասանի կարգավիճակում…
-Չէ, այս ոլորտում իմը միայն հեռուստատեսությունն է… Ցանկություններս տարբեր են, բայց դրանք իրագործել հնարավոր կլիներ, եթե ինձանից մի քանիսը լիներ… Երբեմն մտածում եմ՝ ինչ հետաքրքիր կլիներ, եթե որևէ գործարանում աշխատեի, որտեղ չկան «թիթիզ» վիճակներ, կոկետություն, այլ զուտ մաթեմատիկական, արտադրական հարցեր են… Բայց, իհարկե, հասկանում եմ, որ այդ ամենը հնարավոր կլիներ, եթե տարբեր կյանքեր ունենայի… Ամեն դեպքում, նաև ոչինչ չեմ բացառում…
-Ի՞նչ կարծիքի եք, Հայաստանում այսօր տաղանդը՞, թե գումարն է ճանապարհներ հարթում…
-Տաղանդ ասածը մի քիչ հնչեղ է, ամեն ժամանակաշրջան տվյալ երկրում 2-3 տաղանդ է ծնում… Ինձ թվում է կարևորը շնորհքն է, աշխատասիրությունը… Փողը, կարծում եմ, ոչ բոլոր բնագավառներում կարող է դեր խաղալ… Ես կդժվարանամ մատնացույց անել մեր ոլորտում որևէ մեկին, ով փողի միջոցով ինչ-որ բանի է հասել… Միգուցե ոմանք ճիշտ կապեր են ունենում, ծանոթներ: Բայց փողի գործոնը այս ոլորտում այնքան էլ արդիական չէ… Իսկ մնացած բնագավառներին ներսից ծանոթ չեմ… Կյանքում ինչ-որ բանի հասնելը դժվար է, բայց եթե լինում ես համառ և ունենում ես որոշակի ներուժ, ապա անպայման կհասնես մի բանի… Դրան հավատում եմ…Եթե չհավատամ, շատ տխուր կլինի…
-Քիչ առաջ ասացիք, որ իմ խոսքերը ձեզ վախեցնում են… Վախենում եք ինչի՞ց՝ ծուլանալո՞ւց, թե հպարտանալուց…
-Ծուլանալուց երբեք չեմ վախենում, քանի որ ինձ երբեմն պետք է լինում ստիպել՝ գոնե մի քիչ հանգստանալ… Բայց հպարտանալն էլ ինձ համար չի, քանի որ երբեք արածներիս վրա չեմ կենտրոնանում… Իմ մեջ երեխան մի քիչ շատ է, երբեմն մանկական բաներ եմ անում, մանկական ցանկություններ ունենում…
-Արևիկ, թեև ձեր համագործակցությունը Սիրուշոյի հետ ավարտվեց, բայց հնարավո՞ր է միասին սկսեք նոր շրջան:
-Սիրուշոյին շատ եմ սիրում… Մեր աշխատանքը պարզապես համագործակցություն չէր, այն 4 տարվա երկար պատմություն էր, շատ լավ պատմություն… Այս պահին ոչ թե արտիստի հետ չեմ կարող աշխատել, այլ ընդհանրապես ոչինչ անել չեմ կարող, քան այս նոր, հեռուստատեսային նախագիծը… Ես օրվա մեջ լրացուցիչ կես ժամ չունեմ և ամբողջովին նվիրվել եմ այս աշխատանքին…
-Մի անգամ նշել եք, որ ձեր հայրիկը գրքեր է գրում պորտուգալերենով: Ինչո՞ւ հենց այդ լեզվով:
-Հայրս փիլիսոփայության մասնագետ է… Հայերեն գրում է, բայց վերջին 20 տարիների ընթացքում նա հիմնականում շրջագայում է, պորտուգալախոս երկրներում է լինում: Հրավիրվում է որպես մասնագետ, ով դասավանդում է փիլիսոփայություն: Նա Հայաստնից դուրս հիմնականում իր աշխատանքը ծավալում է պորտուգալերենով…
-Այսօր գիրք նվիրելու օրն է, պատրաստվո՞ւմ եք որևէ մեկին գիրք նվիրել…
-Նախ ասեմ, որ ժամեր առաջ մենք ենք հրաշալի մի նվեր ստացել… Քույրիկս բալիկ է ունեցել՝ երկրորդ որդին… Այնպես որ մեզ համար այս պահին բոլոր տոնական առիթները իր հետ են կապված… Այսօր ամբողջ օրը ընտանիքիս հետ եմ անցկացնելու: Մեր փոքրիկին առաջին նվերը գրքի տեսքով կմատուցեմ… Մանկական գեղեցիկ մի գիրք կնվիրեմ…
-Մի ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ դուք շատ-շատ հարուստ ազգական եք ունեցել, ով իր ողջ ունեցվածքը կյանքից հեռանալուց առաջ կտակել է ձեզ… Ի դեպ, նշվում էր կոնկրետ թիվ՝ 1 միլիոն դոլար… Դա ճի՞շտ է:
-(Ծիծաղում է) Այնպես կցանկանայի իմանալ ումից է այդ կտակը, միգուցե ճի՞շտ է… Շատ ծիծաղելի նորություն էր… Իսկ հետաքրքիր է, ես այն արդեն վերցրե՞լ եմ, թե նոր պետք է ինձ հասնի…
-Ասում էին արդեն վերցրել եք ու միանգամից բավական հարստացել…
-Սկսենք այնտեղից, որ ես ինձ հարուստ չեմ համարում(ծիծաղելով)… Իրականությանը չի համապատասխանում, թեև դեմ չէի լինի… Ես նորմալ կյանքով ապրող մարդ եմ, ում ծնողներն են օգնել որոշ գնումների հարցում: Աշխատանքային հարցերում ամեն ինչ ինքս եմ արել՝ սկսած 18 տարեկանից: Չկա մի մարդ, որ երբևիցե կարողանա ասել, որ մի հարցով ինձ օգնել է… Հարուստ ազգականիս համար խնդրում եմ ճշտեք, ինձ էլ հետաքրքրեց: Գուցե կա՞ այդպիսի մի մարդ, գտնեմ…
-Արևիկ, արդեն ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ձեր սիրտը զբաղված է… Սիրուն մոտենում եք գիտակցությա՞մբ, թե զգացմունքով:
-Երկուսը մեկում…Հավասար կարևոր են, առանց մեկի մյուսը չի կարող լինել… Առանց գիտակցության զգացմունքը կարճատև կլինի, միգուցե նաև վտանգավոր: Իսկ առանց զգացմունքի ցանկացած գիտակցություն կլինի պարզապես մտքեր՝ առանց շարունակության…
Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: