Էդվարդ Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին
19/02/2014 19:18

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և Բարոնուհի Հուփերը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, և անդրադարձ է կատարվել խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին