.jpg)
Փորձագետ. «Սաֆարովի գործը»` Հունգարիայի անպատասխանատվության հարց
Միջազգային հանրության արձագանքը «սաֆարովյան իրադարձությանը» անհամարժեք էր, իսկ միջադեպից հետո, ադրբեջանական հայատյաց քարոզչությունն առավել աճել է: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի կողմից, 10 տարի առաջ, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու փաստը, ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
«Ադրբեջանը, մարդասպանին հերոսացնելով, խրախուսում է սպանությունն ու հայատյացությունը, ինչը միանշանակ միջազգային իրավունքի խախտում է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Սաֆարովի էքստրադիցիայի ու ազատության մեջ գտնվելու պատասխանատվությունն անմիջապես դրված է նաև Հունգարիայի վրա, և եթե այդ երկիրը հայտարարում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ` Սաֆարովին բանտում պահելու հարցում, ապա այսօր դիվանագիտական, միջազգային դատական ատյանների միջոցով պետք է ամեն ինչ աներ` հասնելու հարցի արդարացի լուծմանը:
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ այս օրը` 2004 թվականին, ՆԱՏՕ-ի կողմից, Բուդապեշտում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված անգելերենի ուսուցման կուրսերի ընթացքում, Ադրբեջանը ներկայացնող Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Հետագայում հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Սաֆարովին, սակայն միջադեպից 8 տարի հետո, 2012 թվականի օգոստոսի 31-ին, հունգարական իշխանությունները վերջինիս էքստրադիցիայի ենթարկեցին:
Դրան հետևեց ադրբեջանական իշխանությունների սպասված քայլը. Իլհամ Ալիևը վերջինիս «ներում շնորհեց», ապա` հերոսի կոչում տվեց հանցագործին, իսկ պաշտոնի ու կոչումի բարձրացումից հետո փոխանցվեց նաև վերջին 8 տարիներին չվճարված աշխատավարձը: