Զինծառայողների մահվան գործով ծառայողական քննություններն ավարտվել են
19/02/2014 13:40

Զինծառայողների մահվան գործով ծառայողական քննություններն ավարտվել են

Զինծառայող Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու, ժամկետային զինծառայողներ Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի՝ մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են, զորամասերի հրամանատարները նկատողություն են ստացել, Մ. Խլղաթյանի և Է. Շահնազարյանի գործերով ներգրավված բժիշկներն ազատվել են աշխատանքից:

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Մ. Խլղաթյանի գործով նկատողություն են ստացել զորամասի հրամանատարները, բժիշկները՝ այդ թվում նաև բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ազատվել են զբաղեցրած պաշտոնից: 

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Այս գործով կալանավորվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով:

Հունվարի 20-ի առավոտյան Էջմիածնի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, քր. օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):

Փետրվարի 12-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թ. ծնված ժամկետային զինծառայող Զարդարյան Արշակը:

Նրա մահվան փաստի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ՝ 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախորդող հրապարակում՝ Ծեծված զինվոր Մհեր Խլղաթյանը դեռ մեկ ամիս կմնա հոսպիտալում

Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել են կրտսեր սերժանտ ու կապիտան

Նորակոչիկ զինվորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՊՆ. Ծեծված զինծառայողի վիճակը դեպի բարելավում է գնում

Այսօր հիվանդանոցում մահացած զինվորը մեկ շաբաթ առաջ էր բանակ զորակոչվել

Զինվորական հոսպիտալում զինվոր է մահացել

Զինծառայողների մահվան գործով ծառայողական քննություններն ավարտվել են