«Բորոդինո» պահածոների գործարանը դեռևս 10 մլն դրամի պարտք ունի գյուղացիների
19/02/2014 20:43

«Բորոդինո» պահածոների գործարանը դեռևս 10 մլն դրամի պարտք ունի գյուղացիների

Արարատի մարզում գտնվող «Բորոդինո» պահածոների գործարանը դեռևս շուրջ 10 մլն դրամ  պարտք ունի հողագործներին` բանջարեղենի գնումների դիմաց: Aysor.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը վստահեցրեց, որ մինչև փետրվարի վերջ ամբողջովին պարտքերը կմարեն:

Նաև նշեց, որ այս օրերին մարդկանց վճարումներ են կատարում, կան մարդիկ, ովքեր բացակայում են, երբ կգան` կստանան. Աշնանը բերքը հանձնել` գնացել են. մեկը շուտ է գալիս, մյուսը` ուշ, բայց բոլորն էլ կստանան իրենց գումարը:

Ընկերության ֆինանսական խնդիրները, ըստ տնօրենի, պայմանավորված էին իրացման դժվարություններով. տևական ցուրտ եղանակը ազդել էր տակառներում պահվող արտադրանքի վրա, սակայն եղանակային պայմաններն արդեն թույլ են տալիս սկսել իրացումն ու արտահանումը:

«Մեր արտադրանքի շուրջ 60 տոկոսը արտահանում ենք»,- տեղեկացրեց Վարդան Մարգարյանը՝ հավելելով, որ պայմանագրեր ունեն, և ըստ այդմ` «Բորոդինոն» կազմակերպում է արտահանումը` ՌԴ, նաև եվրոպական 14 երկրներ. արտահանում են լոլիկի մածուկ, պյուրեներ և այլն:

«Հայկական պահածոները մեծ պահանջարկ ունեն արտերկրում»,- ասաց տնօրենը, նաև հաղորդեց, որ ընկերության իրացման ծավալները շուրջ 100 մլն դրամով ավելացել են:

Լոլիկի արտադրությունը 2013թ-ին կրճատվել էր, սակայն տնօրենը հույս ունի, որ այս տարի ծավալները կավելանան, քանի որ նախորդ տարի լոլիկի մթերման գները բարձր էին:

Հարցին, թե Մաքսային միությանը միանալուց ի՞նչ ակնկալիքներ ունի, Վ. Մարգարյանը պատասխանեց. «Երբ կմիանանք, այն ժամանակ կասենք, դեռևս պատկերացում չունենք սակագների, քաղաքականության մասին»:
 

«Բորոդինո» պահածոների գործարանը դեռևս 10 մլն դրամի պարտք ունի գյուղացիների