.jpg)
1 տարի ազատազրկում՝ իր փաստացի կնոջ անչափահաս դստերը հղիացնելու համար
49-ամյա Անդրանիկ Թ.-ն մեղավոր է ճանաչվել անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, որի հետևանքով վերջինս հղիացել է: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Armlaw.am-ից:
2012թ. օգոստոսի 07-ին Անդրանիկ Թ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի վերջերին` Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, փաստացի կնոջ 14-ամյա դստեր հետ:
Այդ սեռական հարաբերությունների արդյունքում անչափահաս տուժողը հղիացել և 2012թ. սեպտեմբերի 14-ին ծննդաբերել է աղջիկ երեխա:
Մայրն ու աղջիկը հրաժարվել են երեխայի նկատմամբ իրավունքներից: 2012թ. հոկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանը երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացություն է տվել և 2012թ. նոյեմբերի 01-ի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի համաձայն երեխան տեղափոխվել է Երևանի «Մանկան տուն» մանկատուն:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Անդրանիկ Թ.-ն միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել պաշտպանի հետ, գիտակցել է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել :
Տուժողը և տուժողի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը դատարանին հայտնել են, որ ամբաստանյալ Անդրանիկ Թ.-ից քաղ. հայցի պահանջ չունեն:
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն ամբաստանյալ Անդրանիկ Թ.-ի արարքում պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Անդրանիկ Թ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 1(մեկ) տարի 3(երեք) ամիս ժամկետով: