Ուղերձ. Փետրվարի 20-ն արցախցիների համար խորհրդանշում է անկախ ապրելու կամքը
20/02/2014 12:30

Ուղերձ. Փետրվարի 20-ն արցախցիների համար խորհրդանշում է անկախ ապրելու կամքը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն Արցախի վերածննդի օրվա առթիվ այսօր հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Փետրվարի 20-ը մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ և մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ` մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց, այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և սերունդների հիշողության մեջ:

Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի: Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները:

Թանկագին արցախցիներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ ու հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի և Արցախի Հանրապետության»:
 

Ուղերձ. Փետրվարի 20-ն արցախցիների համար խորհրդանշում է անկախ ապրելու կամքը