Աշխատավարձով պատգամավորներն են վատ ապրում, էլ ուր մնաց`մենք. Ն. Հայկազյան
20/02/2014 20:17

Աշխատավարձով պատգամավորներն են վատ ապրում, էլ ուր մնաց`մենք. Ն. Հայկազյան

Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, թեև հասցրել է նկարահանվել «Հանուն սիրո», «Քաղցր կյանք» հեռուստասերիալներում, Life.panorama.am-ի հետ զրույցում առողջ հասարակություն ունենալու համար կարևորեց հատկապես թատրոնի դերը` անդրադառնալով նաև հայկական սերիալների խոցելի տեղերին և առավելություններին:

-Այսօրվա հասարակությունը թատրոնի կարիք ունի՞:

-Թատրոնը միշտ պետք է հասարակությանը, թատրոնն է վաղվա սերունդ դաստիարակողը: Ես շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում երիտասարդները շատ են հաճախում այնտեղ: Ծնողները երեխաներին պետք է բերեն թատրոն: Նրանք այնտեղ կտեսնեն իրական արվեստը` գեղեցիկն ու ճշմարիտը:

-Սերիալներն այսօր ավելի մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման վրա: Դուք մարդկանց ուղղորդում եք որևէ կոնկրետ քայլի. սա պարտավորեցնող չէ՞:

-Ես այժմ նկարահանվում եմ «Կյանքի կարուսել» նախագծում: Մենք, որքանով կարողանում ենք, ներկայացնում ենք այսօրվա խնդիրները, դրանց լուծում ենք տալիս, կամ թողնում ենք` հեռուստադիտողը դրանց լուծումը տա: Սակայն, կարծում եմ, որ կիրթ և գրագետ հեռուստադիտողը սերիալներին նայում է իբրև ժամանցի միջոց: Մեղմ ասած` սերիալը հիմնված է կենցաղի վրա. դա այդպիսի ժանր է. ոչ մի պարտավորեցնող բան չպետք է լինի:

-Եթե ֆինանսի կարիք չունենայիք, սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Այո, դա իմ մասնագիտությունն է. դերասանը պետք է զբաղվի այդ գործով, ոչ թե ամեն պատահական մարդ:

-Հայկական սերիալների մեկ դրական և մեկ բացասական բնորոշիչ գիծ կասե՞ք:

-Դրականն այն է, որ նոր ենք անցնում սերիալների դպրոցը, բացասականն այն է, որ դեռ չենք ավարտել այն:

-Եթե դրանք համեմատենք, օրինակ, ռուսական կամ ամերիկյան սերիալների հետ, ինչո՞վ են տարբերվում և ինչո՞վ են նման:

-Ամերիկյան և ռուսական սերիալների սցենարային դպրոցը, տեխնիկական ապահովվածությունը բարձր մակարդակի վրա է: Նրանք առանց խնայելու մեծ գումարներ են ծախսում սերիալներ նկարահանելու վրա: Դրանցում ոչ դերասաններ չեն խաղում: Բայց, հայկական սերիալներն էլ մի առավելություն ունեն. հայկական սերիալներում հայ դերասանների խաղը մի քանի անգամ ուժեղ է ամերիկյան դերասանների խաղից:

-Կինոյում նկարահանվելու առաջարկ, նպատակ կա՞: Դրա համար ի՞նչ է պետք Հայաստանում: Ձեզ չե՞ն հրավիրում ֆիլմերում խաղալու:

-Նպատակ կա, բայց առաջարկ դեռ չունեմ: Մի քանի անգամ հրավեր եղել է, սակայն ֆինանսներին առնչվող պայմանները չբավարարեցին, և ես հրաժարվեցի:

-Ձեր կինը նույնպես դերասանուհի է. միայն ձեր մասնագիտությամբ աշխատելով Հայաստանում հնարավո՞ր է նորմալ ապրել:

-Ոչ, հնարավոր չէ. պետական աշխատավարձով նույնիսկ պատգամավորներն են վատ ապրում, էլ ուր մնաց` մենք (ծիծաղում է):

-Հետևու՞մ եք հայաստանյան ներքին իրադարձություններին: Ինչպե՞ս եք արտահայտում ձեր վերաբերմունքը այս կամ այն խնդրին:

-Այո, հետևում եմ, բացասական եմ վերաբերվում կուտակային պարտադիր կոնսաթոշակային համակարգին. ջահելությունս թողած` ծերությանս մասին են մտածում: Այսպես որ շարունակեն, ծերությանը դժվար էլ հասնենք (ծիծաղում է):

-Ձեր տղային թատրոն տանու՞մ եք: Երեխաներին արվեստին մոտ բերելու ձեր տարբերակը ո՞րն է:

-Այո, տանում եմ: Երեխաներին արվեստին մոտ պահելու տարբերակը շատ պարզ է. սերիալներից դժգոհող մարդիկ պետք է բռնեն իրենց երեխաների ձեռքից և բերեն թատրոն: 

Աշխատավարձով պատգամավորներն են վատ ապրում, էլ ուր մնաց`մենք. Ն. Հայկազյան