.jpg)
ՄԱԿ-ն ու իսլամական ծայրահեղականները համագործակցում են Սիրիայում
Ս.թ. փետրվարի 18-ին հեղինակավոր «Foreign Policy» պարբերականը հրապարակել է մի նյութ, որտեղ խոսվում է այն մասին, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները կապեր են հաստատել սիրիական ահաբեկչական խմբերի հետ: Հրապարակումը մեկնաբանելու համար Aysor.am-ը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:
Ըստ արաբագետի՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կապերը Սիրիայում կռվող ծայրահեղ իսլամական խմբավորումների՝ այդ թվում նաև «Ջաբհաթ ալ-Նուսրա» (ՋՆ) իսլամական խմբավորման ղեկավար շրջանակի հետ նպատակ են հետապնդել համոզել իսլամականներին թույլ տալ, որպեսզի ապահովվի հումանիտար օգնության անվնաս բաշխումն ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ անցած տարածքներում, համենայն դեպս, հնչեղություն ձեռք բերած այդ տեղեկությունն այդպես են մեկնաբանել ՄԱԿ-ի որոշ պաշտոնատար անձիք: Ս. Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց «Foreign Policy» պարբերականում հրապարակված նյութում ՄԱԿ-ի և «Ջաբհաթ ալ-Նուսրա» իսլամական ծայրահեղական կառույցի միջև հաստատված կապերի վերաբերյալ հիշատակումներին, որոնք չափազանց կարևոր են:
«ՄԱԿ-ՋՆ կապն արդեն խոսում է այն մասին, որ իսլամական ծայրահեղ արմատական կառույցը՝ ՋՆ-ն, փորձում է ստեղծված ներսիրիական ծանրագույն իրողության պայմաններում ներկայանալ սիրիական ժողովրդի առավել չափավոր պատկերացումներ ունեցող պաշտպանի լույսի ներքո, ում համար խորթ չեն մարդասիրական նկրտումները, ի հակակշիռ իսլամական ծայրահեղական այլ ուժերի, ովքեր առաջնորդվում են ծայրահեղ գաղափարներով, վարում են ջիհադական պայքար այլադավանների, ինչու չէ, նաև մուսուլմանների նկատմամբ՝ ցանկանալով ստեղծել իսլամական խալիֆայություն: Այս կոնտեքստում «Ջաբհաթ ալ-Նուսրան», որը սիրիական հակամարտության մեջ ներքաշվելու մասին հայտարարել էր դեռևս 2012 թ-ի հունվարի 24-ին, մնում է ազդեցիկ ծայրահեղ իսլամական ուժերից մեկը, և պատահական չեն այդ կառույցի հետ ՄԱԿ-ի ներկայացուցիչների առնչությունները»,- ավելացրեց արաբագետը:
Արաբագետը հավելեց, որ հրապարակման մեջ արծարծված այն միտքը, որ ՋՆ-ի զինյալները չեն հարձակվում ՄԱԿ-ի մարդասիրական շարասյուների վրա, խոսում է նաև այն մասին, որ կառույցի ղեկավար շրջանակը տիրապետում է ինչպես Սիրիայում իրենց վերահսկողության տակ անցած տարածքների, այնպես էլ ՋՆ-ում տիրող իրավիճակին՝ վերահսկելով իր անդամների գործողությունները հենց տեղերում, ինչը չի կարելի ասել սիրիական ընդդիմադիր ինչպես չափավոր, այնպես էլ արմատական շատ կառույցների մասին, որոնց գործողություններն անվերահսկելի են իրենց իսկ ղեկավար շրջանակների կողմից:
«Սիրիական հակամարտության ընթացքում լսվող տեղեկատվության մեջ ՋՆ-ի փորձերը համագործակցել ներսիրիական ուժերի, իսկ «Foreign Policy» պարբերականում հրապարակված նյութում արդեն նկատվող համագործակցությունն արտասիրիական ուժերի հետ վկայում են, որ ՋՆ-ն անտարբեր չի մնում Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին, ի զորու է ազդել վերջիններիս վրա՝ Սիրիայի հետագա ճակատագրում ունենալով հեռու գնացող նպատակներ, ինչը չափազանց վտանգավոր է»,- եզրափակեց Ս. Գրիգորյանը: