Հադիջա Իսմայիլովային ներկայացված մեղադրանքներն անհեթեթ են. Ազատություն Ռ/Կ
22/02/2014 12:49

Հադիջա Իսմայիլովային ներկայացված մեղադրանքներն անհեթեթ են. Ազատություն Ռ/Կ

«Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության լրագրող Հադիջա Իսմայիլովան երեք օր անընդմեջ հարցաքննության է ենթարկվել Ադրբեջանի գլխավոր դատախազությունում՝ մեղադրվելով Ադրբեջան այցելած ԱՄՆ կոնգրեսականներին պետական գաղտնիքներ փոխանցելու մեջ:

Ինչպես նշում է «Ազատություն ռադիոկայանը», Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև` ռադիոկայանի տնօրեն Քեվին Քլոզեն այս մեղադրանքները անհեթեթ են անվանել, իսկ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ԱՄՆ հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) համանախագահ, սենատոր Բենջամին Կարդինը մեղադրանքները անվանել է «ակնհայտորեն շինծու և զրպարտիչ»:

Ռադիոկայանի հաղորդմամբ՝ Իսմայիլովայի` երկու ժամ տևող հարցաքննությունը, հիմնականում, կենտրոնացված էր հունվարին նրա և ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների` Բաքվում տեղի ունեցած ընթրիքի շուրջ:

«Ազատություն ռադիոկայանը» նշում է, որ փետրվարի 18-ին Իսմայիլովան հարցաքննության է կանչվել գլխավոր դատախազություն այն բանից հետո, երբ իշխանամետ ԶԼՄ-ները գրել են, որ նա ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև` այլ հայտնի մարդկանց մասին փաստաթղթեր է փոխանցել ԱՄՆ ներկայացուցիչներին, ովքեր, իբրև թե, ԱՄՆ հետախուզության ծառայությունից էին:

«Իսմայիլովան, ով հայտնի էր իր հակակոռուպցիոն նյութերով, անցյալում նույնպես վարկաբեկվել է իշխանությունների կողմից»,- նշում է ռադիոկայանը:

Բացի այդ, «Ազատություն ռադիոկայանի» մեկ այլ լրագրող` Յաֆեզ Հասանովը, մեղադրվել է «օտարերկրյա գործակալ» լինելու մեջ, նրան սպառնացել են սպանել:

Ռադիոկայանի տնօրեն Քեվին Քլոզեն հայտարարել է, որ այս մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և հորինվել են լրագրողներին հետապնդելու համար:

«Իշխանամետ ԶԼՄ-ների մեղադրանքները այլախոհների նկատմամբ լայն տարածում են ունեցել խորհրդային տարիներին: Այժմ մենք տեսնում ենք, որ շատ հետխորհրդային երկրներ օգտագործում են այդ փորձը: Հադիջա Իսմայիլովայի հանդեպ վերջին մեղադրանքները անհեթեթ են և վտանգավոր»,- ասել է Քլոզեն:
 

Հադիջա Իսմայիլովային ներկայացված մեղադրանքներն անհեթեթ են. Ազատություն Ռ/Կ