.jpg)
Ակնարկ՝ Իրանի հայկական գաղթօջախների պատմության (Մաս 2)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը Իրանի հայկական գաղթօջախների վերաբերյալ պատմական ակնարկների շարք է պատրաստել. Ներկայացնում ենք շարքի երկրորդ հատվածը:

Պարսկաստանի հայ բնակչության թիվը 19-րդ դարի առաջին կեսին հասնում էր 35-40 հազարի. Իսկ 20-րդ դարի սկիզբներին այն արդեն կազմում էր 180-200 հազար: Իրանահայերի գերակշռող մասը գյուղացիներ էին, զգալի թիվ էին կազմում նաև արհեստավորները:

Պարսկահայերը բավականաչափ աշխույժ առևտուր էին ծավալում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 19-րդ դարի 2-րդ կեսին առևտրի հետ զարգանում էր նաև արդյունաբերությունը: Մեծահարուստ առևտրա-արդյունաբերողներից էին Լիանոզովները, որոնք իրենց ձեռքում էին պահում Կասպից ծովի հարավային մասի ձկնաարդյունաբերությունը:
Իրանահայերը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև երկրի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում:
Պարսկական արքունիքում շատ հայեր դիվանագիտական պատասխանատու պաշտոններ էին վարում: 19-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում, Ֆրասիայում, Ավստրիայում Պարսկաստանի դեսպանները հայեր էին:

Անգլիայում Իրանի դեսպան Մելքոն խանը Լոնդոնում հրատարակեց Կանուն (օրենք) պարբերականը, որը պարսկական իրականության մեջ դեմոկրատական գաղափարներ քարոզող առաջին ամսագիրն էր: 1905-1911թթ. Սահմանադրական հեղափոխության ժամանակ Եփրեմ խանը դարձավ սահմանադրական շարժման առաջնորդներից մեկը: Հայերը ստեղծեցին ազգային խորհուրդ, որը միջնորդի դեր էր կատարում բարձրադիր իշխանությունների և հայ համայնքների միջև:

Իրանահայերը նկատելի հաջողությունների հասան լուսավորության և առհասարակ մշակույթի ասպարեզում:

1838թ. հայկական դպրոց է բացվում Նոր Ջուղայում: Հետագա տասնամյակներում դպրոցներ են հիմնվում Թավրիզում, Թեհրանում և այլուր: Սալմաստ գավառի 11 հայկական դպրոցներում 1904-1905թթ. սովորում էր 800 աշակերտ, Սալմաստի գյուղերում կար թատրոնի սրահ: 1880-ական թվականներին հայկական տպարաններ են հիմնվում մի շարք քաղաքներում: Ստեղծվում են թատերասերների, բարեգործական և այլ հասարակական ընկերություններ: Իրանի հայկական կենտրոններում հրատարակվում էին շուրջ երկու տասնյակի հասնող պարբերականներ:
Նախորդող հրապարակում՝ Ակնարկ՝ Իրանի հայկական գաղթօջախների պատմության (Մաս 1)