Գյուղատնտեսության փոխնախարարի «Ոչինչը»
24/02/2014 21:18

Գյուղատնտեսության փոխնախարարի «Ոչինչը»

Այսօր շուրջ 11 հազար տոննա ձուկ է արտադրվում և իրացվում Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում, 2020 թ-ին նախատեսում ենք  այդ քանակը հասցնել 70 հազար տոննայի: Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխանախարար Գրիշա Բաղյանը:

Դիտարկմանը, որ Արարտյան դաշտավայորւմ ձկնաբուծարանների բուռն գործունեության հետևանքով Արմավիրի և Արարատի մարզրում ջրային հորիզոնները նվազել են շուրջ 9 մետրով, իսկ մոտ 1 մլրդ լիտր ջուր ուղղակի հոսում-թափվում է Արաքսը, ինչպե՞ս են այս պայմաններում զարգացնելու ձկնաբուծությունը, Գ. Բաղյանը պատասխանեց, թե Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի խնդրով կառավարություն զբաղվում է և ձկնաբուծարանները անցնելու են աշխատանքի կիսափակ ու փակ ցիկլերի:

Փոխնախարարը չասաց, թե դա կոնկերտ երբ կլինի, քանի որ այդ համակարգերը 100 հազար եվրոյից ավելի արժեն, դրանք ձեռք բերելու ցանկություն հայտնողներ դեռ  չկան:

Փոխնախարարը հիշեցրեց, որ բացի Արարատյան դաշտավայրից, այլ ռեսուրսներ ևս ունի Հայաստանը` գետերն ու գետակները, ջրամբարները:

Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, թե, եթե այլ ռեսուրսներ կային ձկնարտադրության զարգացման, ինչո՞ւ էին նախատեսվածից ավելի ջրօգտագործման թույլտվություն տրվել Արարատյան դաշտավայրում, փոխնախարարը միայն պատասխանեց. «Մեր Սևանը դեռ ձկնաբուծության հարցում չենք օգտագործել»:

Ինչ վերաբերում է ջրամբարները ձկնաբուծության նպատակով օգտագործելու հարցին, Գ. Բաղյանն ասաց, Հայաստանում կան ջրամբարներ, որոնք միշտ լիքն են և ոռոգման նպատակով չեն օգտագործվում, որոնցից է, օրինակ, Կեչուտը:

Նշենք, որ երկու տարի առաջ գյուղնախարարությունը հայտարարեց, որ տարին երաշտային է, իսկ ՋրՊետԿոմը իր հերթին հայտարարեց, որ ջրամբարներում ջուր չի հավաքվել, և կառավարությունը Սևանից լրացուցիչ ջրառ կատարեց, այսօր պարզվում է, որ կան ջրամբարներ, որոնք միշտ լիքն են, փոխնախարարի նշած Կեչուտի ջրամբարը Սպանդարյանի ջրամբարի հետ միասին սնուցում է Սևանա լիճը, բացի դրանից Կեչուտի ջրամբարից սնվում է Արփա գեռտ, որի վրա Փոքր ՀԷԿ-եր են կառուցված, որոնք մշտապես ջրի կարիք ունեն. ինչպե՞ս են զարգացնելու ձկնաբուծությունը մի ջրամբարում, որի ջրի կարիքն ունեն թե ՓՀԷԿ-երը, թե Սևանը: Գրիշա Բաղյանը պարզապես պատասխանեց. «Ոչինչ»:

Գյուղատնտեսության փոխնախարարի «Ոչինչը»