Միայնակ հայրեր. Կողքից աշողն ի՞նչ գիտի, քաշողը կիմանա
24/02/2014 21:40

Միայնակ հայրեր. Կողքից աշողն ի՞նչ գիտի, քաշողը կիմանա

12-ամյա Արթուրն ու հայրը հաճախ են զբոսայգի գնում: Սարգիսը՝ Արթուրի հայրը կատակում է. «Արթուրին տնից դուրս հանելն էլ է մի բան, «զակատ արած կռիվ ա»:

Aysor.am -ի «Միայնակ հայրեր» շարքի այսօրվա հերոսը Սարգիս Գևորգյանն է:

Ազատամարտիկ Սարգիս Գևորգյանը երեք երեխա ունի՝  երկու տղա,  մեկ աղջիկ: Նրանց մեծացնում ու դաստիարակում է միայնակ: Ասում է՝  ավելի բարդ է փոքրի հետ.

«Անընդհատ հետևել ու ուշադիր լինել է պետք: Ակտիվ երեխա է, զգացմունքային, իմպուլսիվ: Մի փոքր բանից կռիվ է սարքում»:

Արթուրը թեև դեռ չի որոշել ինչ է դառնալու, բայց հայրը կարծում է, որ սպորտային հնարավորությունները կօգտագործեն. տղան կարատեում արդեն լուրջ հաջողություններ ունի:



Սարգիսը «Միայնակ հայրեր» շարքի ամենազրուցասեր հերոսներից է, բայց կան հարցեր, որոնց անդրադառնալ չի ուզում:
«Կողքից աշողն ի՞նչ գիտի, քաշողը կիմանա»,- ասում է նա՝ հավելելով, որ կան բաներ, որոնց մասին խոսելն ավելորդ է՝ այդպես էլ չցանկանալով մեզ պատմել ազատամարտից, մարտական ընկերներից.

«Ես իմ ամենալավ ընկերներին եմ կորցրել: Երբեմն նախընտրում ես ուղղակի քեզ պահել այն ամենն, ինչ եղել է, կորցրած ընկերներիդ, այդ օրերը, չպատմել ոչինչ, չհիշել, որ մենակ մնացիր»:



Սարգիս Գևորգյանը կնոջը կորցրել է 7 տարի առաջ: Չի ամուսնացել: Երեխաներին խնամում է մենակ, օրը նվիրում է նրանց, ազատ ժամանակ, իր ասելով, «մտածում հետագայի մասին»:

«Ես ուղղակի մի բան գիտեմ. ցանկացած իրավիճակում պետք է կամքի ուժ ունենալ ու մտածել ապագայի մասին: Այն, ինչ եղել, եղել է: Պետք է առաջ շարժվել, մտածել երեխաների ապագայի մասին»,- ասում է Սարգիսն ու ավելացնում, որ ժամանակին ու ճիշտ որոշումներ ընդունելուց, իրականությանը բաց աչքերով նայելուց շատ բան է կախված.

«Ես իմ երեխաներին այդպես էլ սովորեցնում եմ: Ժամանակն ուրիշ է, անարդարություն՝  ինչքան ասես: Եթե այդ պահին կոտրվես ու ոչ մի քայլ չանես առաջ գնալու համար, հետո ուշ կլինի»:



«Ժամանակների» մասին էլ Սարգիսը շատ խոսել չի ուզում. «Ինչ ասեմ. ինչքան բենզինի բուտկի վաճառող կար, երկրի տեր դառավ»:

Մեր խոսակցությունից պարզ է դառնում, որ նրան հատկապես Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկների հանդեպ վերաբերմունքն է վիրավորել:

«Էն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ սենց օր կգա: Ազատամարտիկը գնացել է փողոցում նստացույց է անում, մեկ-երկու հոգի էլ իրենց իրավունք են վերապահում արհամարհական արտահայտվել, ասել, որ նրանք իզուր տեղն են բողոքում և այլն, և այլն»,- ասում է Սարգիսը ու հավելում, որ ազատամարտիկը նախկին չի լինում.

«Աստված չանի, եթե մի օր պետք լինի, էլի նրանք են ոտքի կանգնելու ու զենք վերցնելու»:

Մի բան էլ կա, որի մասին Սարգիսը ցավով է խոսում. սահմանային միջադեպերը:

«Մեր ծաղիկը թուրքի բոստան պիտի արժենա»,- ասում է Սարգիսը` երկու ապագա զինվորների հայրը:

 Նախորդող հրապարակումներ՝ Միայնակ հայրեր. Ուզում եմ ապրել, որ տղաներս մենակ չմնան

Միայնակ հայրեր. Միայնակ թոշակառու ու միայնակ հայր` արդեն 5 տարի

Միայնակ հայրեր. Կողքից աշողն ի՞նչ գիտի, քաշողը կիմանա