.jpg)
Թուրքիայում նոր սկանդալ է հասունանում. 3-7 հազար մարդու գաղտնալսել են
Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները գնալով առավել հետաքրքիր են դառնում: Իշխանամետ ԶԼՄ-ներից մի քանիսը տեղեկատվություն են հրապարակել հերթական զանգվածային գաղտնալսումների վերաբերյալ, որի համաձայն` կառավարության ղեկավարի, անդամների, կառավարությանը մոտ կանգնած գործարարների, լրագրողների, քաղաքական գործիչների շրջանում մոտ 3-7 հազար մարդու գաղտնալսել են մի քանի տարի շարունակ: Ըստ նախնական տեղեկությունների` գաղտնալսումներն իրականացվել են ոստիկանության կողմից: Սրա հետ կապված՝ փաստաթղթեր են ի հայտ եկել Ստամբուլի նախկին դատախազի գրասենյակում:
Կառավարությունը, նախկին գաղտնալսումների փաստերի հետ կապված, սլաքն ուղղեց դեպի գյուլենականները կամ այլ կերպ ասած` «զուգահեռ պետությանը»: Ինչպես այս փաստերը, այնպես էլ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ կառավարությունը չի կարողանում կամ մասամբ է վերահսկում երկրի անվտանգության համակարգը: Արդեն մի քանի փաստեր կան հստակ, որոնք ցույց են տալիս այդ իրողությունը:
Չնայած Էրդողանի կողմից ոստիկանության ու դատական համակարգում ծառայողների ու պաշտոնյաների իրականացրած փոխատեղումներով փորձ է արվում այդ ոլորտներում մեծացնելու վերահսկողությունը, սակայն դա մեծ հաշվով արդյունավետ չի կարող լինել: Անվտանգության համակարգում գյուլենականների ազդեցությունն ու լծակները վերջին տարիներին զգալիորեն աճել է, որով էլ կարողանում են ազդել ներքաղաքական գործընթացների վրա:
Էրդողանը ցանկանում է բացել այսպես ասած «խորքային կծիկը», ինչը դեռևս չի հաջողվում: Էրդողանի մտերիմը համարվող Հ. Ֆիդանի ղեկավարող կառույցի` Ազգային հետախուզական կազմակերպության լիազորությունների մեծացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Էրդողանը սրանով փորձում է անվտանգության մարմիններում, և ոչ միայն, սկսել «մաքրազատման» գործողությունը` արդյունքում հասնելով այդ ոլորտների նկատմամբ կառավարության լիարժեք վերահսկողությանը: