.jpg)
31-ամյա տեսուչը ահազանգի հետքերով չի գնացել. Հարուցվել է քրգործ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 31-ամյա տեսուչ Էդգար Մելքոնյանի դեմ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով իր ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Է. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և որպես այդպիսին հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր ծառայողական պարտականությունները չի կատարել, որն էական վնաս է պատճառել անձի իրավունքներին ու օրինական շահերին և պետության օրինական շահերին, ինչպես նաև կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող և որպես այդպիսին պաշտոնական հանդիսացող փաստաթղթեր, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
2013թ. հուլիսի 4-ին Երևան քաղաքի թիվ 7 փոստային բաժանմունքում Երևան քաղաքի բնակիչ Գ. Չոբանյանը հավաքված մարդկանց միջից դուրս գալու ժամանակ հրել և գետնին է գցել Երևան քաղաքի բնակչուհի 76-ամյա Լիդա Կաթրջյանին, որի հետևանքով վերջինս կոնքազդրի կոտրվածքի ձևով ստացել է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառած մարմնական վնասվածք ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի Լիդա Կաթրջյանը: Ահազանգը գրանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի թիվ 2 մատյանում և ստացված տեղեկության ստուգումը հանձնարարվել է էդգար Մելքոնյանին:
էդգար Մելքոնյանը, ստանալով հանցագործությունների և պատահարների մասին այլ տեղեկություն հանդիսացող վերը նշված հաղորդումը, ժամանակ և միջոցներ չծախսելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու կամ բացակայությունը պարզելու համար անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել:
Մասնավորապես նա չի կատարել ՀՀ գլխավոր դատախազի և ՆԳ նախարարի 1999թ. սեպտեմբերի 1-ի թիվ 12/354 համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ստորաբաժանումներում հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ և այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու, ընթացք տալու կարգի մասին» հրահանգի 35-րդ կետի պահանջները, չի մեկնել դեպքի վայր, հետքերի պահպանման ուղղությամբ միջոցառումներ չի ձեռնարկել, դատաբժշկական փորձաքննություն չի նշանակել բացատրություններ չի վերցրել և այլ անհրաժեշտ գործողություններ չի կատարել:
էդգար Մելքոնյանի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և պետական կազմակերպության օրինական շահերին հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է նշված հիմնարկում հանցագործությունների գրանցման և հաշվառման սահմանված կարգն ու պայմանները, ինչպես նաև քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով անմիջականորեն ֆիզիկական վնաս ստացած Լիդա Կաթրջյանը տևական ժամանակ զրկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված տուժողի իրավունքներից օգտվելու հնարավորությունից, որով էական վնաս է պատճառվել նրա իրավունքներին և օրինական շահերին:
Բացի այդ, էդգար Մելքոնյանը, Լիդա Կաթրջյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ ստացված տեղեկության ստուգմանն ուղղված գործողություններն ամբողջական և սահմանված կարգով կատարելու պատրանք ստեղծելու և այդ կերպ իր պաշտոնեական դիրքի չարաշահումը թաքցնելու անձնական դրդումներով կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող և որպես այդպիսին պաշտոնական հանդիսացող կեղծ փաստաթղթեր «Արմենիա» ԲԿ-ի կրիմինալ մատյանի զննութան մասին 2013թ. հուլիսի 4-ի արձանագրությունը, Լիդա Կաթրջյանից բացատրություն վերցնելու մասին 2013թ. հուլիսի 5-ի արձանագրությունը և Ալիսա Համբարձումյանից բացատրություն վերցնելու մասին 2013թ. հուլիսի 6-ի արձանագրությունը, որոնցում ամբողջությամբ կեղծ տեղեկություններ է մտցրել, իբրև հիշյալ բժշկական կենտրոնում Լիդա Կաթրջյանը հայտարարել է, թե նշված մարմնական վնասվածքը ստացել է Գ.ՆԺդեհի փողոցում գտնվող փոստում սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով, իբրև Լիդա Կաթրջյանն իր բացատրությունում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ոտքերը թուլանալու և վայր ընկնելու արդյունքում, ինչպես նաև իբր Ա. –ն հանդիսանում է Լիդա Կաթրջյանի դուստրը և հաստատում է մոր կողմից մարմնական վնասվածքները վայր ընկնելու հետևանքով ստանալու հանգամանքը:
Այնուհետև էդգար Մելքոնյանը կազմել է «Արմենիա» ԲԿ-ից ստացված ահազանգով ստեղծված նյութերի փաստերի ստուգման արդյունքների վերաբերյալ 2013թ. հուլիսի 7-ի կեղծ եզրակացություն, որում նույնպես կեղծ տեղեկություններ է մտցրել թե կատարված ստուգմամբ պարզել է, որ Լիդա Կաթրջյանը մարմնական վնասվածքը ստացել է իր անզգուշության պատճառով, որի հիման վրա էլ նյութերը հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով կցվել են ոստիկանության բաժնի թիվ 2 մատյանին առընթեր թղթապանակին:
Է. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 Հոդվածի ( Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314 Հոդվածի 1 Մասի ( Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: