Քննարկվում է Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը
25/02/2014 17:15

Քննարկվում է Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

«Մարտյան դեպքերից անցել է ուղիղ վեց տարի, սակայն չի բացահայտվել ոչ մի սպանություն, չի բացահայտվել մի քանի հարյուր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր: Տուժած քաղաքացիները չեն օգտվել դատական պաշտպանության իրավունքից, և տուժողները չեն ստանում դրամական փոխհատուցում»,- Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացրած 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Այս գործի նախաքննության շրջանակներում, Գ. Ջհանգիրյանի խոսքով, այժմ որևէ օպերատիվ-հետախուզական աշխատանք չի կատարվում, իսկ քրեական գործը չեն կասեցնում, որպեսզի ստիպված չլինեն տուժողներին տրամադրել քրեական գործի նյութեր:

«Ոչ մի քայլ չարեցինք գոնե մեր խղճի առաջ հանգիստ լինելու համար, այդ քաղաքացիներին օգնելու համար: Ավելին` այս ընթացքում մարտի 1-ին զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի հայրը ինսուլտից մահացավ, մեկ այլ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրն ու եղբայրը քաղապաստան ստացան Բելգիայում, իսկ մյուս քաղաքացիները պաշտպանություն չգտան մեր երկրում: Այս գործը չբացահայտելը ոչ թե թերի մասնագիտական գործունեության արդյունք է, այլ այս գործը տաբուի տակ է դրված»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:

Դիմելով ԱԺ նախագահին` ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց նախկինում տված նրա խոստումը. «Պարոն Աբրահամյան, դուք առաջինն եք խոստացել մարտի 1-ի գործերով հանձնաժողով ստեղծել, բա ո՞ւր է ձեր խոստումը, չի կատարվում: Սա մեր բոլորի խնդիրն է»:

Ի պատասխան ԱԺ նախագահն արձագանքեց. «Դուք ընդհանուր հայտարարի չէիք եկել նախորդ անգամ, պարոն Հարությունյանի (նկատի ունի ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին) հետ քննարկեք, եթե կգաք համաձայնության, ես խնդիր չեմ տեսնում»:
 

Քննարկվում է Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը