.jpg)
Կարեն Նալբանդյան. «Մեր մրցավարները պատրաստ են»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 10-23-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Անթալիայում: Հավաքի շրջանակներում մրցավարները նաև ֆիզիկական թեստ ու քննություններ են հանձնել: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանն անդրադարձել է հավաքի հետ կապված մանրամասներին:
«Հավաքին մասնակցում էին Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների հանդիպումներն սպասարկող 24 մրցավարներ,- նշել է Կ. Նալբանդյանը:- Պարապմունքները վարում և համակարգում էինք ես և ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հավաքի նպատակը նախ և առաջ անցյալ տարի կայացած խաղերի վերլուծությունն էր և սխալների շտկումը: Օրական 2 անգամ անցկացնում էինք տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում մրցավարները ծանոթանում էին խաղի կանոնների հետ կապված փոփոխություններին, բարելավում իրենց ֆիզիկական որակները՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին: Մրցավարները հնարավորություն ստացան սպասարկել նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի բարձրագույն խմբի թիմերի մասնակցությամբ ընկերական 32 հանդիպում: Սպասարկման մակարդակը բավականին լավ, համենայնդեպս մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք: Բոլոր խաղերը տեսագրվում էին, ինչի շնորհիվ մենք յուրաքանչյուր խաղից հետո հնարավորություն ունեինք քննարկել և վերլուծել վիճելի դրվագները:
Ինչ վերաբերվում է մեր մրցավարներին, ասեմ, որ 24 հոգուց 22-ը հաջողությամբ հանձնեցին քննությունները: Միայն երկուսը չկարողացան հանձնել, այն էլ` վնասվածքների պատճառով: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ թե բարձրագույն, թե առաջին խմբերի մրցավարները պատրաստ են մրցաշրջանի երկրորդ հատվածին»: