«Եկել ենք գործելու». Ազատամարտիկները նոր կազմակերպություն հիմնեցին
25/02/2014 18:12

«Եկել ենք գործելու». Ազատամարտիկները նոր կազմակերպություն հիմնեցին

Այսօր մի խումբ ազատամարտիկների կողմից հիմնվեց «Վահագն» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Aysor.am-ը զրուցեց կազմակերպության խորհրդի անդամ Տարոն Վասիլյանի հետ, ով նշեց՝ իրենց գլխավոր նպատակը ոչ թե բողոքելը, այլ՝ «գործ անելն է»:

«Մենք որոշեցինք հիմնել այս կազմակերպությունը, քանի որ տղաներն առանձին-առանձին իրենց ուժերի չափով փորձում էին օգնել թե՛ կարիքավոր ազատմարտիկների ընտանիքներին, թե՛ կարիքավոր ընտանիքներին առհասարակ: Իսկ հիմա՝ մենք արդեն միասին կշարունակենք այդ գործը»,- ասաց Տարոն Վասիլյանը:

Հիմնադիր խորհրդի անդամի խոսքով՝ կազմակերպության պաշտոնական բացումը որոշել են այսօր անել, քանի որ փետրվարի 25-ը հայ հզորագույն զորավարներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է.

«Մեր կազմակերպության անդամների մեծ մասն ազատամարտիկներ են, ովքեր Արցախյան ազատամարտին են մասնակցել առաջին օրերից: Իրենցից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ վատ վիճակում են այսօր մեր ազատամարտիկները, բայց մեր նպատակը բողոքելը չէ, մենք եկել ենք, որ գործենք»,- ասաց Տարոն Վասիլյանը՝ ավելացնելով, որ իրենց կազմակերպության անդամներն առանձին-առանձին մասնակցում են նաև Ազատության հրապարակում տեղի ունեցող ազատամարտիկների ցույցերին:
 

«Եկել ենք գործելու». Ազատամարտիկները նոր կազմակերպություն հիմնեցին