Հայ ըմբիշները վերադարձան 7 մեդալով
25/02/2014 18:27

Հայ ըմբիշները վերադարձան 7 մեդալով

Երեկ ուշ երեկոյան Բուլղարիայից Երևան վերադարձան հայ ըմբիշները, ովքեր փետրվարի 20-23-ը մասնակցում էին Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի «Գրան Պրի» միջազգային մրցաշարին: Յուրաքանչյուր մրցաձևում մեր հանրապետությունը ներկայացնում էր 8-ական մարզիկ: Եռօրյա համառ պայքարում տարբեր քաշային կարգերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում անպարտելի էին Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Երկրորդ տեղ գրավեց Կարեն Ասլանյանը՝ 59 կգ քաշային կարգում: Երրորդ տեղեր գրավեցին Կարապետ Չալյանը (74 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Ազատ ոճի ըմբշամարտից երրորդ տեղը գրավեց 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: Ցավոք, աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկ հաղթանակից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մրցապայքարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր պատվիրակությունը գլխավորում էր օլիմպիական չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճինը` ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը:

Այս մրզաշարը մեր մարզիկների համար յուրահատուկ ստուգատես էր Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ: Հիշեցնենք, որ այն կկայանա ապրիլի 1-6-ին, Ֆինլանդիայում:

Հայ ըմբիշները վերադարձան 7 մեդալով