.jpg)
Ա. Բաղդասարյան. Պաշտպանում եմ «Որոտանի» գործարքը. Անվտանգության հարց չկա
«Որոտանի» հիդրոէլեկտրակայանների համալիրի հետ կապված գործարքը ես համարում եմ շատ դրական և պաշտպանում եմ այն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը.
«160 մլն դոլարի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ խոսում է երկու բանի մասին, նախ դիվերսիֆիկացվում է մեր տնտեսությունը և հետո՝ մենք ողջունում ենք, որ այսօր Հայաստանում կան ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություններ: Ինչ վա՞տ է, որ նաև ամերիկյան ու եվրոպական ձեռնարկությունները մտնեն Հայաստանի շուկա»,- ասաց Արթուր Բաղադասարյանն՝ ընդգծելով, որ իր կարծիքով՝ սա նշանակում է նոր ներդրումներ ու նոր աշխատատեղերի ստեղծում.
«Սա նշանակում է նաև, որ լրացուցիչ գումարներ կմտնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Անվտանգության որևէ խնդիր այստեղ գոյություն չունի: Խոսքը վերաբերում է այդ համալիրների վրա խոշորածավալ ներդրումներ կատարելուն, երաշխավորելու շահագործումը, երաշխավորելու նոր աշխատատեղերի ստեղծումը: Խնդրեմ, բոլորդ նայեք նույն Ռուսաստանին, նույն Ղազախստանին, չգիտեմ նույն Եվրոպական երկրներում, բոլորն իրենց առաջնորդների շուրթսերով խոսում են իրենց երկրներ ներդրումներ բերելու մասին, որովհետև ամեն մի երկիր հաստատուն ու կայուն է, եթե այն գրավիչ է նաև օտարերկրյա ներդրումների ծավալով»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ օտարերկրյա ներդրումները մեր երկրում նվազել են և սա լուրջ մտահոգության առարկա է.
«Այս նվազման ֆոնի վրա նման խոշորածավալ ներդրումը մենք պետք է միանշանակ ողջունենք»,- ավարտեց ԱԱԽ քարտուղարը: