ՀՕՊ մասնագետ. Միշտ պատրաստ ենք մեր երկինքն անվտանգ ու պաշտպանված պահել
26/02/2014 21:07

ՀՕՊ մասնագետ. Միշտ պատրաստ ենք մեր երկինքն անվտանգ ու պաշտպանված պահել

«Մասնագիտությունը՝ Զինվոր» Ավագ սերժանտ Գուրգեն Այվազյան, Հակաօդային պաշտպանության մասնագետ

Գուրգեն Այվազյանը սովորում է Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի Հակաօդային պաշտպանության բաժնում: Չորրորդ կուրսում է ու մի քանի ամսից որպես սպա կգործուղղվի ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկը:

«Պապան էլի ՀՕՊ մասնագետ է, մաման՝ պայմանագրային, եղբայրս էլ՝ ժամկետային զինծառայող»

Ավիացիոն ինստիտուտ Գուրգենն ընդունվել է 17 տարեկանում. «Բայց զինվորական որոշել էի դառնալ շատ ավելի վաղուց՝ 7-րդ դասարանում»,- ասում է Գուրգենն ու հիշում, որ ընտանիքից իր այդ որոշմանն ընդիմացել է հատկապես հայրը.

«Պապան սկզբում դեմ էր, խորհուրդ էր տալիս այլ՝ քաղաքացիական մասնագիտություն ընտրել, բայց երբ հասկացավ, որ լուրջ եմ տրամադրված՝ համաձայնեց: Երևի դեմ էր, որովհետև ինքն էլ է զինվորական՝ ՀՕՊ մասնագետ, ու լիովին գիտի այս մասնագիտության բարդությունները»,- պատմում է Գուրգենը:

Հարցնում եմ՝ իսկ մայրը դեմ չեղա՞վ ընտրությանը. «Մաման…»,- ասում է սերժանտն ու մի պահ լռում. «Մաման էլ ա զինվորական»,- պատասխանում է ու ժպտում՝ կապավոր է, պայմանագրային զինծառայող:

«Զինվորականների ընտանիք եք փաստորեն»,- ասում եմ:

«Ավելին՝ հարազատ եղբայրս էլ հիմա ժամկետային զինծառայող է, ծառայում է սահմանապահ զորամասում»,- հպարտությամբ ավելացնում է Գուրգենը:

«ՀՕՊ ոլորտում հզոր անձնակազմ ունենք, հուսանք՝տեխնիկական հարցերն էլ շուտ կլուծվեն»

«Եթե ոչ հակաօդային պաշտպանություն, երևի դրա հակառակ մասնագիտությունը կընտրեի՝ օդաչու կլինեի»,- ասում է Գուրգենն ու խոստովանում, որ ՀՕՊ մասնագետ և ոչ թե օդաչու է դարձել առողջական խնդիրների պատճառով.

«Հետո, երբ գործնականում շփվեցի հակաօդային պաշտպանության տեխնիկայի հետ, արդեն շատ հետաքրքրվեցի հենց այս մասնագիտությամբ»,- ասում է Գուրգենը:

Ավիացիոն ինստիտուտում ՀՕՊ մասնագետները գործնական պրակտիկա անցնում են 2-րդ, 3-րդ կուրսերում՝ դաշտային ու իրականին հնարավորինս շատ մոտեցված պայմաններում.

«Մեկ ամսով գնում ենք հատուկ տեղակայման վայրեր, որտեղ արդեն գործնականում ենք կատարում առաջադրանքները՝ իրական տեխնիկայով և սա հնարավարություն է տալիս մեզ, որ տեսականորեն ստացած գիտելիքները կիրառենք գործում»,- ասում է Գուրգենն ու ավելացնում.

«Գործնական առաջադրանքները բավականին հետաքրքիր էին: Մեզ տալիս էին օդային նշանակետ, որին էլ մենք ՀՕՊ-ի լեզվով ասած՝ պետք է «ուղեկցենք»»:

Ավագ սերժանտից հետաքրքրվում եմ՝ ի՞նչ խնդիրներ ու ինչ ձեռքբերումներ ունենք ՀՕՊ ոլորտում:

«Ձեռքբերումներից, իմ կարծիքով, առաջնայինը մեր անձնակազմն է: Հակաօդային պաշտպանության համակարգում հզոր անձնակազմ ունենք ու այդ առումով խնդիր չկա: Եթե խնդիր առանձնացնեմ, կասեմ, որ լավ կլիներ տեխնիկապես այս ոլորտում ավելի զարգացած լինեինք: Այս խնդիրն էլ, հույս ունեմ ժամանակի հետ կլուծվի»,- ասում է ապագա սպան:

«Ռազմական ինստիտուտուտում ամենաբարդը կարոտն էր: Իսկ ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ ամուր ընկերությունը»

Ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո՝ ամսիներ անց, Գուրգենը ՀՀ Զինված ուժերի հետ պայմանագիր է կնքելու ու որպես սպա աշխատանքի է անցնելու ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում: Հետաքրքրվում եմ՝ արդյոք ուսման այս 4 տարվա ընթացքում, երբևէ չի զղջացե՞լ զինվորական դառնալու իր որոշման համար.

«Չէ: Երբեք չի եղել: Հա՝ բարդություններ եղել են, օրինակ սկզբում անսովոր էր, կարոտ կար: Բայց ավիացիոն ինստիտուտն ու զինվորականի կյանքն ինձ շատ-շատ բան տվեցին»,- ասում եմ է սերժանտն ու բացատրում.

«Նախ, ոնց բացատրեմ... Մեծացա, ինքնուրույն մարդ դարձա այստեղ: Եթե հետ եմ նայում՝ 4 տարի առաջ ես շատ հարցերի լրիվ այլ կերպ էի նայում, շատ բաներ՝ չէի հասկանում կամ ոչ ճիշտ էի հասկանում, իսկ ռազմական կյանքի այս 4 տարիներն ամեն բան դրեցին իրենց տեղերով: Բացի այդ այս ինստիտուտում ես ձեռք բերեցի զինվորական մասնագիտություն ու ինչն ամենակարևորն՝ լավ ընկերներ, իսկ զինվորական ընկերությունը գիտեք՝ ամենաամուրն է»,- ասում է Գուրգենն ու ժպտալով նայում սենյակում նստած իր մյուս կուրսանտ-ընկերներին:

«Բոլոր զորամասերը պետք է ապահովված լինեն այն ամենով, ինչն իրոք ՊԵՏՔ Է»

Գուրգենից հետաքրքրվում եմ՝ ի՞նչը կարելի է փոխել, ավելացնել մեր բանակում, այն ավելի լավը դարձնելու համար:
Ապագա սպան պատասխանում է.

«Կարծում եմ առաջին հերթին բոլոր զորամասերը պետք է լիովին ապահովված լինեն այն ամենով, ինչն իրոք ՊԵՏՔ է: Նկատի ունեմ՝ համապատասխան գույք, դեղորայք, կադրեր ու, իհարկե, ռազմական տեխնիկա: Սա ժամանակի հետ լուծվող խնդիր է, բայց երևի հենց սա կառանձնացնեմ: Թվում է, թե փոքր խնդիր է, բայց եթե զինվորի ինչ-որ տեղը ցավում է, պետք է լինի հենց այդ ցավը կասեցնող դեղամիջոց, պետք է զորամասում լինի համապատասխան որակավորման մասնագետ, ով լիովին կհասկանա ու անմիջապես կլուծի խնդիրը»,- ասում է Գուրգենը:

Ինչ վերաբերում է սպա-զինվոր հարաբերություններին, նա կարծում է, որ լավ սպան խիստ է ու պահանջկոտ, ընդ որում՝ առաջին հերթին պահանջկոտ է ինքն իր նկատմամբ.

«Եթե ես սպա եմ ու ինչ-որ բան ցույց չեմ տվել, չեմ սովորեցրել զինվորին, ինչպե՞ս դա իրենից պահանջեմ»,- ասում է Գուրգենն ու որպես ՀՕՊ մասնագետ՝ ավելացնում.

«Սա հարաբերությունների առումով, իսկ մասնագիտական հարցերում՝ կասեմ, մարդիկ թող հանգիստ լինեն՝ հակաօդային պաշտպանությունը միշտ պատրաստ է նրանց երկինքն անվտանգ ու պաշտպանված պահել»:

Նախորդող հրապարակումներ՝ Հետախույզ-դիպուկահար. Զինվորն ուժեղ է մարդկանցով, ովքեր իրեն հետ են սպասում

ԶՈՒ պարաշյուտիստներ. Մի թռիչքն անգամ, հզոր հարված է «պուզատիյ» համակարգին

Մասնագիտությունը` զինվոր. Մայոր Համբարձումյան. Աշխարհի ամենահզոր մարդը

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ. Ընտանիքս ստորագրել է ինձ հավերժ սպասելու տակ

ՀՀ ԶՈՒ հրետանավոր. Մարդկանց մի խնդրանք ունեմ` միշտ վստահեք հայ զինվորին

ՀՀ ԶՈՒ «նվագախմբի տղաները». Մեր թմբուկով զինվորներին դիրք ենք ճանապարհում

ՀՀ ԶՈՒ հետախույզ. Ցեխ ու ջրի մարդ եմ, պոստերում եմ ազատ շնչում

ՀՀ ԶՈՒ տեխնիկ. Օդաչու ընկերդ քեզ է վստահում, դու` վերանորոգած ինքնաթիռիդ

ՀՀ ԶՈւ օդաչու. Պինդ պահած երկնքի, հավատարմության ու արյանը խառնած օդի մասին

ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատար. Դու ես, քո զինվորն ու՝ վերջ

ԶՈւ վիրաբույժ. Սահմանին ես, թե՝ ոչ, միշտ սահմանով, դանակի սայրով ես քայլում

ՀՀ ԶՈւ ուղղաթիռի օդաչու. Պետք է չստես նաև ինքդ քեզ. Երկինքը սուտը չի տանում

ՀՀ ԶՈւ օդաչու. Պաշտպանված երկինք ունենք, քանի որ սա ՄԵՐ երկինքն է
 

ՀՕՊ մասնագետ. Միշտ պատրաստ ենք մեր երկինքն անվտանգ ու պաշտպանված պահել