.jpg)
Իրանը լուրջ փոփոխությունների է ենթարկել իր պաշտպանական ռազմավարությունը
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի գեներալ Ղոլամ Ռեզա Ջալալին փետրվարի 25-ին հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում Իսլամական Հանրապետության պաշտպանական ռազմավարության որոշ ոլորտներում էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ իրականացված ներխուժման հետևանքով ծագած նոր սպառնալիքների բնույթով, ինչը թույլ է տվել Իրանին՝ ամրապնդել սեփական պաշտպանական հնարավորությունները:
Գեներալի խոսքով՝ իրանցի ռազմական փորձագետների հատուկ խումբը վերջին տարիների ընթացքում մանրամասնորեն հետազոտել է Իսրայելի պատերազմական մարտավարությունը՝ ուսումնասիրելով իսրայելական օդուժի կողմից Լիբանանյան երկրորդ պատերազմի ընթացքում իրականացրած հարձակումների շուրջ 5000 լուսանկարներ: Այդ լուսանկարների հետզոտությունից հետո իրանական պոտենցիալ թիրախները համապատասխան կերպով վերակառուցվել և ամրապնդվել են:
Բացի այդ, փոփոխության է ենթարկվել կարևորագույն օբյեկտների պաշտպանության մարտավարությունը՝ հնարավոր իսրայելական հարձակումներից պաշտպանվելու համար, դրանց մի մասը տեղափոխվել է ստորգետնյա կառույցներ, մյուսները տեղակայվել են ամբողջ երկրի տարածքով:
Ինչ խոսք, բավականին ուշագրավ է իրանցի բարձրաստիճան զինվորականի նման հայտարարությունը, և չի կարելի այն ինքնանպատակ համարել: Դրանով Իրանը մի կողմից փաստում է, որ թեպետ ներկա պահին և կանխատեսելի ապագայում այլևս օրակարգում չէ Իրանի միջուկային խնդրի ռազմական լուծման տարբերակը, այդուհանդերձ, Իրանը լրջագույնս պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Մյուս կողմից, կարևոր է հատկապես հենց Ռեզա Ջալալիի հնչեցրած հայտարարության օրը մի շարք ԶԼՄ-ների՝ իսրայելական օդուժի կողմից սիրիա-լիբանանյան սահմանին «Հիզբալլահի» հենակետերի վրա հերթական անգամ իրականացված հարձակման վերաբերյալ տարածած տեղեկատվության ֆոնին, որ Իսրայելի այդօրինակ մարտավարությունը առնվազն չի ունենա նույնքան արդյունավետություն, իսկ առավելագույնը՝ դատապարտված է ձախողման շատ ավելի պատրաստված, բարձր պաշտպանունակություն և ռազմական հնարավորություններ ունեցող երկրի, տվյալ դեպքում՝ Իրանի դեմ: