.jpg)
«Հայաստանում ամենաշատ թմրանյութ օգտագործում են Երևանում»
Հայաստանում ամենաշատ թմրանյութ օգտագործվում է Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
Նրա խոսքով՝ մարզերից ամենաշատը թմրանյութ օգտագործում են Արմավիրում, ինչը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, քանի որ նշված վայրերում կանեփը հեշտությամբ է աճում:
Ա. Մինասյանը նշեց, որ ոստիկանությունը կազմել է թմրամիջոցներ պարունակող նյութերի և բույսերի ցանկ, որոնք կարող են ներկրվել Հայաստան, քանի որ համապատասխան կարգ չկա:
Նրա խոսքով՝ այս առումով կատարված հանցագործությունների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
«Չի բացառվում, որ դրանք ներկրվեն համացանցով պատվիրելու և փոստի միջոցով: Եթե 2012-ին առգրավվել է 23 կգ, ապա 2013-ին՝ 95 կգ-ից ավելի թմրանյութ։ Հիմնականում՝ Հայաստանում օգտագործվում է կանեփ տեսակի բույսից պատրաստված թմրանյութ, եղել են նաև հարևան Իրանից թմրանյութ ներկրելու փորձեր: Գրանցվել է նաև մոտ 1 կգ.-ի չափով հաշիշ-ափիոն տեսակի նյութերի առևանգում»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանն ասաց, որ ավելացել է նաև ապօրինի կերպով թմրամիջոցներ օգտագործողների թիվը, և եթե 2012 թ. հայտնաբերվել է նման 1009 քաղաքացի, ապա 2013 թ. արձանագրվել է 1523 նման անձ:
Նրա խոսքով՝ թմրամոլները հիմնականում 25-40 տարեկան են, նրանց 20%-ը բուժվում են, իսկ 80%-ը ինչ-որ պահի նորից վերադառնում են թմրանյութերի:
Պ. Սեմիրջյանը նաև նշեց, որ Հայաստանում կա իրականում մոտ 30 000 թմրամոլ, սակայն հաշվառված են 4332-ը, որոնցից 55-ը՝ կին: