Վարչապետ. Բարենպաստ միգրացիոն միջավայր ստեղծող պայմանագրեր կստորագրվեն
26/02/2014 18:38

Վարչապետ. Բարենպաստ միգրացիոն միջավայր ստեղծող պայմանագրեր կստորագրվեն

Մաքսային միության թեման Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման առանցքային թեման էր: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում, շարունակեց խոսքը վարչապետը, մանրամասն քննարկվել են ՄՄ անդամակցությանն ուղղված մինչև այսօր իրականացված աշխատանքները:

«Պայմանավորվել ենք, որ աշխատանքը լինելու է բաց ու թափանցիկ: Հայաստանում կկազմակերպվեն սեմինարներ-քննարկումներ բիզնեսի մասով, որպեսզի նրանց համար հասկանալի լինի, թե ինչ է նշանակում Մաքսային միությանն անդամակցելը և ինչպիսի նորմատիվային դաշտում են նրանք հայտնվելու»,- ասաց Տ. Սարգսյանը` ավելացնելով, որ Եվրասիական հանձնաժողովի մասնագետները կժամանեն Հայաստան, կհանդիպեն մասնավոր հատվածի հետ` ներկայացնելու Մաքսային միության գործող ռեժիմները և այն իրավիճակը, որում հայտնվելու են տնտեսվարող սուբյեկտները:

«Բացի այդ, պայմանավորվել ենք, որ լինելու է գրանտային օգնություն Հայաստանի կառավարությանը, որպեսզի այդ անցումը լինի մեզ համար անցավ և մեր բիզնեսը լինի հնարավորինս պատրաստ»,- մանրամասնեց նա:

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր «ճանապարհային քարտեզի» 2 պայմանագիր, որոնց մենք պետք է միանանք այն բանից հետո, երբ պատրաստ կլինի ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագիրը, մինչև այդ կստորագրենք այդ պայմանագրերը, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն միջավայր, որ նրանք չառնչվեն այն դժվարությունների հետ, որոնք հունվարի 1-ից առաջացել են Ռուսաստանում», -ասաց Տ. Սարգսյանը:
 

Վարչապետ. Բարենպաստ միգրացիոն միջավայր ստեղծող պայմանագրեր կստորագրվեն