.jpg)
Վարչապետ. Եղբայրս «Նաիրիտից» 42 մլն. դրամ չի ստացել, սուտ է
«Բացարձակ սուտ է այն տարածված տեղեկությունը, թե իմ եղբայրը` «Նաիրիտ» գործարանից աշխատանքից ազատվելիս, ստացել է նման գումարներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով լուրերը, թե իր եղբայրը աշխատանքից ազատվելիս ստացել է 42 մլն դրամ, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Շարունակելով խոսքը` վարչապետը նշեց, որ չի համապատասխանաում իրականությանը նաև այն, թե գործարանի հասարակայնության հետ կապերի բաժինը չի պատասխանել հրապարակմանը: Վարչապետի խոսքով` պատասխանել է և մեկնաբանել, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերին, ապա վարչապետը կոչ արեց դիմել ՀՀ էնեգրետիկայի և բնական պաշարների նախարարին, ով իրավասու է պատասխանել գործարանի հետ կապված բոլոր հարցերին:
Խոսելով «Նաիրիտի» հետագա ճակատագրի մասին` վարչապետն ասաց, որ «Ռոսնեֆտ» ընկերության հետ ուսումնասիրվում է, թե ինչպիսին են գործարանի հնարավորությունները, դրա մոդերնիզացիայի հարցը: