ՀԲ. Կուտակային համակարգը անձանց համար ապահովում է մեծ ճկունություն
26/02/2014 20:00

ՀԲ. Կուտակային համակարգը անձանց համար ապահովում է մեծ ճկունություն

Համաշխարհային բանկի կողմից վերջերս հրապարակվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կենսաթոշակային համակարգի խնդիրների մասին ծավալուն աշխատություն: Այն վերնագրված է «Շրջվող բուրգ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կենսաթոշակային համակարգերը ժողովրդագրական մարտահրավերների առաջ» վերնագրով:

Համաձայն աշխատության համահեղինակների` այս աշխատության մեջ հատկապես շեշտադրված է այն, որ վրա հասնող ժողովրդագրական խնդիրները փոխում են առկա իրավիճակը, հետևաբար եվրոպական և կենտրոնասիական երկրներն ավելի երկարաժամկետ, կայուն կենսաթոշակային քաղաքականություն մշակելու կարիք ունեն, որի վրա ազդեցություն չեն ունենա գոյություն ունեցող և սպասվող ճգնաժամերը:

Աշխատության հեղինակներից Անիտա Շվարցի մեկնաբանմամբ` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրներում 90-ական թվականների վերջերին և 2000-ականներին իրականացվեցին կենսաթոշակային համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ: Վերոնշյալ երկրների տնտեսություններն այդ ժամանակածրջանում սկսեցին արագ աճել, իսկ մարդիկ պահանջեցին, որ ավելի շատ կենսաթոշակ ստանան: Եվ քանի որ կառավարություներն էլ այդ ժամանակ ունեին միջոցներ` սկսեցին բարձրացնել կենսաթոշակները: Սակայն վրա հասած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով կառավարությունները ստիպված եղան առկա միջոցներն ուղղել ընթացիկ մարտահրավերների չեզոքացմանը:

Հեղինակներից մյուսը` Օմար Արիասը, նշում է, որ գոյություն ունեն երկու հիմնական գործոններ, որոնք ներկայումս գործող համակարգը գրեթե անկենսունակ են դարձնում. մի կողմից դա մարդկանց կյանքի տևողության ավելացումն է, իսկ մյուս կողմից կենսաթոշակային տարիքում գտնվող մարդկանց տեսակարար կշռի մեծանումը` ընդհանուր բնակչության կազմի մեջ, որոնք հավելյալ ֆինանսական միջոցների կարիք են ունենում:

Չնայած այս երկրները ժամանակի ընթացքում կենսաթոշակային համակարգում որոշ բարեփոխումներ կատարել են, սակայն խնդիրը չի վերացել: Կառավարությունները կատարել են կենսաթոշակային բարեփոխումներ, որոնց շրջանակներում բարձրացրել են կենսաթոշակային տարիքի շեմը, ինչը չի հանդիսացել խնդրի երկարաժամկետ լուծում, ուստի ժամանակի ընթացքում ավելի կայուն և երկարաժամկետ բարեփոխումների իրականացման սուր կարիք է առաջացել:

Անիտա Շվարցը ընդգծում է, որ կենսաթոշակային տարիքի բարձրացման խնդրի հետ կապված գոյություն ունի մեծ թյուրըմբռնում, ըստ որի տպավորություն է ստեղծվում, որ տարեց աշխատողները կզբաղեցնեն երիտասարդների աշխատատեղերը: Իսկ իրականում հակառակն է. բոլոր այն երկրներում, որտեղ գրանցվել է տարեց աշխատողների բարձր զբաղվածության մակարդակ, առկա է նաև երիտասարդների բարձր զբաղվածություն: Որպես կանոն այն երկրները, որտեղ կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացվել է, չունեն գործազրկության բարձր մակարդակ, ինչպես որ ներկայացվում է, և հետևաբար, տարեց աշխատողները աշխատաշուկայում չեն խոչընդոտում երիտասարդների աշխատանք գտնելուն:

Ըստ մասնագետների` կուտակային համակարգը անձանց համար ապահովում է մեծ ճկունություն ակտիվների կառավարման և դրանց նկատմամբ հասանելիության հարցում, ինչպես նաև տալիս է բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորություն: Տարածաշրջանի շատ երկրներ, գիտակցելով այս, կազմակերպել են աշխատունակ բնակչության եկամուտներից կուտակային հաշիվներում հատկացումներ կատարելու արդյունավետ մեխանիզմներ: Նույնիսկ վրա հասած ճգնաժամի պարագայում երկրները կարևորում էին կուտակումների նշանակությունը և շարունակում էին եկամուտներից մասհանումների կատարումը:

Օմար Արիասը նաև որոշ խորհուրդներ է տալիս նման խնդիրներ ունեցող երկրների կառավարություններին. «Այս առումով կան որոշակի հստակ հանգամանքեր, որոնք երկրները պետք է հաշվի առնեն: Առաջինը, որ պետք է երկրները հաստատակամ լինեն` շարունակելու բարեփոխումները: Կարևոր է նաև այնպիսի հարկային և աղքատության կանխարգելման քաղաքականության իրականացում, որը հնարավորություն կտա տարեց աշխատողներին ավելի երկար մնալ աշխատաշուկայում»: 

ՀԲ. Կուտակային համակարգը անձանց համար ապահովում է մեծ ճկունություն