Իրանի, Իրաքի և Կատարի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդիպում են ունեցել
27/02/2014 19:42

Իրանի, Իրաքի և Կատարի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդիպում են ունեցել

Թեհրանում կայացել է Սիրիայի հարցով Իրանի, Իրաքի և Կատարի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները կարևորել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ տարածաշրջանային երկրների ակտիվացման անհրաժեշտությունը:

«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Դամասկոսում կայացել է նաև Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալղիի և Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հանդիպումը:
Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալղին նշել է, որ առանց բարեկամ երկիր Իրանի աջակցության և հովանավորության Սիրիան չէր կարող դիմակայել թշնամների սադրանքներին:

Վաիլ ալ Հալղին Բորուջերդիին շնորհակալություն է հայտնել ԻԻՀ Մեջլիսում Իրան-Սիրիա տնտեսական կապերի զարգացմանն աջակցելու համար և հավելել, որ իր երկիրը ցանկանում է, որպեսզի իրանական ընկերությունները վերակառուցեն երկրի կարևոր տնտեսական ենթակառուցվածքները:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին նշել է, որ Սիրիային ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունն իրականանում է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ցուցումով: 

Իրանի, Իրաքի և Կատարի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդիպում են ունեցել