.jpg)
Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է տեղի ունեցել. Լուսանկարներ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ, որի ընթացքում նաև կատարվել է քահանայական ձեռնադրություն: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում են ստացել Գևորգյան հոգևոր ճեմարանի չորս և Քահանայից լսարանի վեց շրջանավարտ սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը քահանայության կոչել է նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, և շնորհել նրանց հոգևոր նոր անուններ:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր ուրախությունն է հայտնել Ս. Վարդանանց տոնին կատարած ձեռնադրության առիթով և շնորհավորելով նորընծա քահանա հայրերին, իր քարոզում անդրադարձել է քահանայության կարևորությանը:
Քարոզի ավարտին Մուշեղ Սրբազանը Հայ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասի և հավատավոր ժողովրդի անունից շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա առիթով` մաղթելով Ս. Վարդանանց բարեխոսությամբ երկար տարիների անսասան գահակալություն:
Այնուհետև Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացել են Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալու առաջին «Ողջույնը»:
Նորընծա քահանա հայրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: