Եհովայի վկան մորն ու անչափահաս քրոջը վռնդում է տնից
27/02/2014 20:23

Եհովայի վկան մորն ու անչափահաս քրոջը վռնդում է տնից

Մարմարաշենի բնակչուհի Վարդուհի Բարսեղյանը Life.panorama.am-ին է դիմել՝ օգնության խնդրանքով: Զրույցի ընթացքում անօգնական կինն անընդհատ լացում էր: Դուստրը՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության Բանգլադեշի տարածքի քարոզիչներից Սեդա Մարգարյանը մոր ժառանգությունը խարդախորեն իր վրա գրանցելով՝ այժմ ցանկանում է մորն ու 17-ամյա քրոջը տանից դուրս հանել, տունը վաճառել ու նրանց թողնել փողոցում…

-Տիկին Վարդուհի, այժմ ձեր ընտանիքում ի՞նչ խնդիր է առաջացել, ինչո՞ւ է ձեր դուստրը ուզում տանից հանել ձեզ:

-Որպեսզի տունը վաճառի… Իր ասելով՝ աշխարհի վերջն է, պետք է 10-10 հոգով միանան, 9-ը տները վաճառեն, այդ գումարին սննդամթերք գնեն և ապրեն 10-րդի տանը: Ու հիմա ինքն ուզում է տունը վաճառի, որ մթերքով գնա 10 հոգանոց խմբի մեջ ապսպարվի աշխարհի կործանման ժամանակ…Ինքն ասում է՝ Աստված ասել է՝ «Եհովայի վկաները» մնալու են, իսկ մյուսները պետք է այրվեն: Իմ երեխան է, միշտ ներել եմ, բայց հիմա չգիտեմ ինչ անեմ: Նույնիսկ համաձայնել եմ, որ չնայած կատարած խարդախությանը՝ տունը ծախի, գումարի մի մասը ինձ տա, որ փոքր աղջկաս հետ ապրել: Բայց հիմա էլ ուզում է գաղտնի վաճառել ու ոչ մի գումար էլ չտա:Մի ժամանակ էլ տունը ուզում էր դարձնել «Եհովայի վկաների» սրահ, բայց լավ էր, գոնե դա չհաջողվեց…

-Քանի՞ տարի է, ձեր աղջիկը իրենց մոտ է գնում: Ինչպե՞ս սկսեց գնալ…

-Արդեն 10 տարի… 34 տարեկան է: Սկսեց այդ հավաքներին գնալ հորաքրոջ և հորեղբոր կնոջ միջոցով: Հիմա հորաքույրը մեկնել է Ֆրանսիա, այստեղ համալսարանում դասախոսում էր՝ Փառանձեմ Մարգարյան…

-Երբևէ փորձե՞լ եք ձեր աղջկան այդ ճանապարհից ետ կանգնեցնել:

-Չեմ կարողացել… Այս ընթացքում «ռահվիրա դառնալու համար» լքել է իր ամուսնուն և երեխային, 8 տարեկան երեխային թողել է ամուսնու վրա ու գնացել… Հիմա արդեն 16 տարեկան է այդ երեխան, ամուսինն ամուսնացել է, ընտանիք ունի:

-Իսկ չի՞ ասում, որ ձեզ դուրս հանի, որտե՞ղ պետք է ապրեք:

-Ասում է՝ մեկը պետք է լինի, որ զգոն դարձնի մարդկանց, որ աշխարհի կործանումը եկել է: Աստվածաշնչում գրված է, որ աշխարհի կործանման ժամանակ մայր ու մանուկ կուրանան իրար…Ասում է՝ ուր ուզում եք գնացեք, դա ինձ չի հետաքրքրում: Միևնույն է, կրակների մեջ պետք է այրվեք… Փոքր աղջիկս, որը 17 տարեկան է, ամբողջ օրը լացում է, ասում է՝ ես բոմժ չեմ դառնա, ինքնասպան կլինեմ…Երկու անգամ ինքնասպանության փորձ է արել, մեկը օրեր առաջ էր…

-Տունն ո՞ւմ սեփականությունն է:

-Դա իմ ծնողների տունն է: Նրանք 1976 թվականին բաժանվել են: Մորս մասը մեխանիկորեն ինձ է անցել, որովհետև իր հետ եմ ապրել, իսկ հայրս կտակել է իր մասը մեծ աղջկաս: Ունեմ դատարանի վճիռ, թե տան որ մասը, քանի սենյակն է իմը, ունեմ նաև հորս կտակը, որտեղ նշված է, որ կտակում է իրեն պատկանող սեփականությունը, ոչ թե ընդհանուր տունը…

-Ինչպե՞ս է ձեր բաժինը տարածքը իր անունով դարձել:

-Չգիտեմ, այնքան բաներ կան, որ չեմ կարողանում բացատրել…Խարդախությունը մեր գյուղապետի՝ Հակոբյան Էդիկի միջոցով է կատարել: Քանի որ ես դատարանի, դատապաշտպանի գումար չեմ ունեցել, չեմ կարողացել իրավունքներս պաշտպանել…

-Դուք ձեր աղջկա հետ հավաքների չե՞ք մասնակցել:

-Ստիպված եմ եղել երկու տարի գնալ, որ թողնի հանգիստ ապրեմ… Անձնագիրս վերցրել էր, վառել: Ասում էր՝ դու կամ կաս, կամ չկաս, բանջար ես, բույս ես… Երկու տարի ստիպված գնացի, որ թողնի գոնե փաստացի գրանցվեմ…Իրենից բոլորը վախենում են…

-Ձեր փոքր դուստրը չի՞ գնում:

-Չէ, ասում է՝ ինքը ինձ չի կարող կոտրել, ես եկեղեցու պատմություն եմ ուսումնասիրում, եթե հարցեր ունենամ, կդիմեմ իմ ուսուցչուհուն…

-Տան՝ ձեր ասած խարդախության հարցով պատկան մարմիններին դիմե՞լ եք:

-Չեն լսում, ոչինչ չեն անում, որովհետև իրենց մեջքին մինիստր կա կանգնած: Արդեն մեկ շաբաթ է, քննություն է անցկացվում՝ ինձ տանից դուրս հանելու համար… Աղջիկս ինձ ամեն կերպ հալածանքի է ենթարկում… Իրենք միշտ ասում են՝ տուր դատարան, ո՞վ ես դու, որ քեզ լսեն… Մի անգամ դիմել եմ իրենց կառույցի ղեկավարներին, երկու ժամ հետո հարձակում են գործել տան վրա և վախեցրել … Իմ գյուղացիները հիմա պատրաստ են ինձ աջակցել, գումար հավաքել, դատապաշտպան վարձել… Կուզեի, երբ դատը սկսվի, լրատվամիջոցները միշտ ներկա լինեն: Գուցե իրե՞նք կարողանան այս հարցը արդար ձևով լուծելու մթնոլորտ ստեղծեն 

Եհովայի վկան մորն ու անչափահաս քրոջը վռնդում է տնից