.jpg)
Շարմազանովը` ԱԺ քառօրյայի, հանձնաժողովների, ԲՀԿ-ի և Ր. Հովհաննիսյանի մասին
Ազգային ժողովի քառօրյան ավարտվեց: Այն, այս անգամ բուռն էր, քանի որ միանգամից քննարկվում էին մի քանի` «Մարտի 1-ի», «Նաիրիտի» և «Գազային» հարցերով ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու նախագծերը: Aysor.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-Ինչպիսի՞ն էր ԱԺ քառօրյան, ինչպե՞ս կամփոփեք այն, հատկապես, որ ընդդիմությունն այս քառօրյան բնորոշեց իր տեսակով եզակի:
-Բնականաբար, ընդդիմությունը պետք է ասի, որ եզակի էր, որպեսզի հանրության մեջ իր դերակատարությունը ցույց տա: Ես դրան հանգիստ եմ վերաբերում, որովհետև ընդդիմությունը բացի խոսելուց, այլ գործիք չունի, նրանք պետք է իրենց ասածները կամ արածները շատ բուռն ներկայացնեն: Քառօրյան նորմալ էր, աշխատանքային քառօրյա էր, որը հագեցած էր տարբեր քննարկումներով, ի վերջո սա այն քառօրյան էր, որտեղ կային մի քանի հանձնաժողովներ ստեղծելու առաջարկություններ` թե’ ընդդիմության, թե’ իշխանության կողմից, սա այն քառօրյան էր, որի ժամանակ ինչքան ընդդիմությունն էր խոսում, նույնքան փաստարկներ էլ ներկայացնում էր իշխանությունը: Դասական քաղաքական դեբատներ էին, որոնք զերծ չէին, ինչպես ցանկացած երկրում, պոպուլիստական և ամբոխահաճո հայտարարություններից:
-Գազային հանձնաժողով ստեղծելու՝ չորս ոչ իշխանական խմբակցությունների առաջարկը մերժելը և մեծամասնության կողմից նույնանման հանձնաժողով ստեղծելու առաջարկ ներկայացնելն արդյոք ծա՞ղր չէր խորհրդարանական 4 ուժերի նկատմամբ:
-Մենք հարգանքով ենք վերաբերում մեր քաղաքական գործընկերներին և դա այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք: Դա ծաղր չէր, խնդիրը նրանում է, որ մեր առաջարկությունն ավելի լայն լիազորություններ է տալիս հանձնաժողովի աշխատանքներին, և երկրորդ` ի տարբերություն ընդդիմության, մենք ոչ թե թաքուն էինք անում առաջարկությունը, այլ հայտարարել էինք, որ պատրաստ ենք ցանկացած ձևաչափով ցանկացած քննարկման և մեզ համար կարևորը ոչ թե ձևն է, այլ` բովանդակությունը, և եթե հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն կա, մենք դա անում ենք: Մենք որևէ մեկին ծաղրելու խնդիր չունենք, որովհետև քաղաքական իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, պետք է շատ ավելի պատասխանատու լինի:
-Փաստորեն, կարծում եք, որ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի համախմբումը չի կարող լուրջ քաղաքական գործընթացների բերել, լուրջ առաջընթաց ապահովել:
-Սա սովորական գործընթաց է, ես չգիտեմ՝ իրենք ինչից են ոգևորվել, թե ինչ դարակազմիկ բան է տեղի ունցեցել, բայց կրկնեմ էլի, ես զարմանում եմ, որ նրանք դեռ զարմանում են: Ամբողջ աշխարհում հակաիշխանական ուժերի բանուգործն է` քննադատել իշխանություններին, կառավարությանը:
-Իշխանությունը չպե՞տք է լսի ընդդիմությանը, նրանց առաջարկները:
-Իշխանությունն ականջալուր է ընդդիմությանը, բայց մենք բոլոր կարծիքները լսում ենք, սակայն իրականցնում ենք մեր ծրագրերը` իհարկե հաշվի առնելով նրանց կարծիքը: Առհասարակ, եթե մշտապես անենք այն առաջարկությունները, որոնք առաջարկում է ընդդիմությունը, ապա ընդդիմությունը կլինի իշխանություն: Ընդդիմություն նշանակում է փոքրամասնություն, և նրանք պետք է գիտակցեն, որ իրենց ոչ բոլոր առաջարկությունները կարող են անցնել, որովհետև իշխանությունն իր քաղաքական օրակարգով է եկել իշխանության, իշխանությունն իրականացնում է ոչ թե ընդդիմության քաղաքական ծրագրերը, այլ` իր, որին ձայն է տվել հասարակության մեծամասնությունը: Նոնսենս է քաղաքականության մեջ, երբ ընդդիմության ներկայացուցիչները զարմանում են, որ իշխանության ներկայացուցիչները կարող են իրենց այս կամ այն նախաձեռնությանը դեմ քվեարկել: Կարո՞ղ է ԱՄՆ Սենատում Հանրապետականները մշտապես կողմ են քվեարկում Դեմոկրատների օրինագծերին, օպոնենտի օրինագծերին միշտ էլ ավելի շատ դեմ են քվեարկում, քան` կողմ, սա է քաղաքականությունը: Հայաստանում միակուսակցական համակարգ չէ, այդ ժամանակներն անցել են, որ բոլորը բոլորին կողմ քվեարկեն: Այլ բան է, որ ընդդիմությունը սա հասկանում է, սակայն ժողովրդին փորձում է ցույց տալ, թե տեսեք իշխանությունը մեզ հետ համամիտ չէ, դա դասական պոպուլիզմ է: Քաղաքականության և առհասարակ ընդդիմության աշխատանքը զերծ չէ պոպուլիզմից, և ցանկալի է, որ ծրագրերում քաղաքական շունչ լինի, բայց դժբախտաբար ընդդիմության մեջ կան գործիչներ, ովքեր ոչ թե քաղաքական ծրագիր են ներկայացնում, այլ գնում են վիրավորանքների ճանապարհով, ու նրանց համար մեծ պատիվ կլինի, որ ես նրանց անդրադառնամ:
-Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձանաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին, որ հանցագործությունը չի բացահայտվի, մինչև իշխանոփոխություն չլինի, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Հանրապետականի կարծիքը շատ հստակ է, եղել է, կա ու կմնա նույնը. Հանրապետականը կողմ է դժբախտ էջի բացահայտմանը, ամբողջական բացահայտմանը, բայց Հանրապետականն անթույլատրելի և անբարոյական է համարում, երբ ցանկացած նման դժբախություն` այս դեպքում Մարտի 1-ը, շահարկվում է: Այսինքն` մենք կողմ ենք ամբողջական բացահայտմանը, սակայն նրանք, ովքեր շահարկումներ են անում, գործում են անբարոյականության դաշտում:
-Հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցությունում քննարկվի և հանձնաժողովի նախագծի ստեղծմանը ՀՀԿ-ն կողմ քվեարկի:
-Ես կոռեկտ չեմ համարում դրա մասին խոսելը, բայց քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավարը կհայտարարի: Հստակ է` մենք բացահայտման կողմնակից ենք, և որևէ մեկը, մեզնից շատ, բացահայտման կողմնակից չէ:
Իշխանափոխություն են ուզում, թող սպասեն 2017-ի ընտրություններին, բայց սպասում են, հետո չեն մասնակցում ընտրություններին: Իսկ առանց ընտրություններին մասնակցելու, ինչպե՞ս են իշխանափոխություն ցանկանում: Նորմալ ժողովրդավարական երկրնրում իշխանափոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով:
-Ուկրաինայի դեպքե՞րը:
-Ես չեմ համարում, որ ուկրաինական դեպքերը հարիր են ժողովրդավարական երկրներին: Ես ընդունում եմ այն դեպքերը, որոնք կան ժողովրդավար երկրներում` Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա: Օրինակ ենք վերցում կայացած երկրներից. Այնտեղ, որտեղ մի կաթիլ արյուն է թափվում, ռադիկալ գործողություններ են արվում, այնտեղ ժողովրդավարությունից խոսելն անիմաստ է: Խղճում եմ բոլոր նրանց, ովքեր ոգևորվում են, որ Հայաստանում կարող է լինել ուկրաինական սցենար: Բոլորը պետք է հասկանան, որ մենք դա անցել ենք և նույն գետը երկրորդ անգամ չենք մտնի, և այդ փուլը մենք անցել ենք, որը նորագույն պատմության մեջ եղել է ամենադժբախտ էջերից մեկը: Բոլորս պիտի գիտակցենք, որ Հայաստանի ապագան ոչ թե իրար դեմ հայհոյախառն կռիվներ տալն է, այլ` նորմալ ժողովրդավարական դեբատներն են, սուր քննադատությունները:
-ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ի՞նչ եք կարծում, մտել է փակուղի:
-Ես բնական եմ համարում, որ ոչ իշխանական ուժերը խոսում, դժգոհում են կառավարությունից: Ես կիսում եմ Տիգրան Սարգսյանի տեսակետը, որ չկա մի երկիր, որտեղ չեն պահանջում կառավարրության հրաժարականը: Դա բնական գործընթաց է, ընդդիմությունը դրա համար է, որպեսզի քննադատի և հրաժարական պահանջի: Պարզապես, այդ ուժերը, կարծես, խճճվել են և խճճվել են ոչ միայն իրենց միասնական պայքարում կառավորւթյան դեմ, այլև` քվեարկությունների ժամանակ, որովհետև մեկը հայտարարութում է, որ դեմ է գազի հանձնաժողովին, բայց կողմ է քվեարկում, մյուսը հայտարարում է, որ եթե իրենց առաջակությունն ընդունվի, կողմ կքվեարկեն, սակայն ձեռնպահ են քվեարկում: Այս ամենում քաղաքական տրամաբանություն չեմ տեսնում, իսկ որտեղ տրամաբանություն չկա, այնտեղ քաղաքական գործընթաց և քաղաքական ուժեր տերմիններին պետք է վերապահումներով մոտենալ:
-Վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագումար արեց, հնչեցին կոշտ քննադատություններ, կարո՞ղ է այդ ուժն այսուհետ կոնսոլիդացնել մյուս քաղաքական ուժերին:
-Միգուցե ԲՀԿ-ն կոնսոլիդացնի ինքն իր թիմակիցներին` իր թիմի ներսում, բայց կոնսոլիդացնում է այն ուժը, որն ամենազդեցիկն է և ընտրություններին ամենից շատ ձայնն է հավաքում, այլ ոչ թե այն ուժը, որ ընտրությունների ժամանակ չի մասնակցում, 3 ամիս ձայն չի հանում, այնուհետ մասնակցում է քաղաքապետի ընտրություններին և պարտվում: Այն ուժը, որը չի մասնակցում նախագահական ընտրություններին, որը չունի մեծամասնություն, չի կարող կոնսոլիդացում կատարել, թող իրենք իրար մեջ խնդիրները լուծեն ու կոնսոլիդացվեն:
-ԲՀԿ համագումարից հետո արդյոք համանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթով վարչապետի հայտ չներկայացրե՞ց:
-Վարչապետին և կառավարությանը ներկայացնում և նշանակում է Հանրապետության նախագահը, որովհետև ընտրությունների արդյունքում վստահության քվեն մեր հանրությունը տվել է նրան, ինչպես նաև` Սահմանադրությամբ նրան է վերապահված այդ լիազորությունները: Այնպես որ` տղաները պետք է մինչև 2017-ը սպասեն:
-Ի՞նչ կասեք Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, քանի որ երկար դադարից հետո օրեր առաջ նա տարեկան զեկույց ներկայացրեց` խոստանալով, որ իր պայքարը շարունակելու է:
-Հովհարային անջատումներով ամենահայտնի քաղաքական տուրիստին մեկնաբանելն անիմաստ է: