Փոքր խանութները` բախտի ու սուպերմարկետների քմահաճույքին
28/02/2014 20:43

Փոքր խանութները` բախտի ու սուպերմարկետների քմահաճույքին

2013 թվականին Հայաստանում իրականացված մանրածախ առևտրի 63 տոկոսը բաժին է ընկել սուպերմարկետներին, մանրածախ առևտրի 90,1 տոկոսը իրականացվել է Երևանում:

2012 թվականին Հայաստանում գործել են 14 հազար 163 հատ խանութներ, որոնցից 145-ն եղել սուպերմարկետ: 2013-ին Հայաստանում գործել է 12 հազար 652 խանութ, որից 11 հազար 597-ը եղել են փոքր խանութներ, սուպերմարկետների թիվը 2013-ին եղել է 155-ը, որոնցից 150-ը գործում է Երևանում: 2013-ին նախորդ տարվա համեմատ խանութների թիվը նվազել է 1511-ով, բայց սուպերմարկետների թիվն ավելացել է 10-ով:

Սուպերմարկետների կողմից փոքր իրացման կետերին կլանելու կամ իրենց դիրքը փոքր իրացման կետերի նկատմամբ չարաշահելու առնչությամբ Տնտեսական մրցակցության պետական հանձաժողովը որոշակի քայլեր կանի, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, խնդրի առանչությամբ նշեց, որ առևտրի կետերի խոշորացումը իր ազդեցությունը թողնում է փոքր ընկերությունների վրա, ՏՄՊՊՀ-ն գերիշող դիրք ունեցողներին հստակեցրել է` «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», «Էվրիկա»:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ իրենք պայքարում են ոչ թե գերիշխող դիրք ունեցողների, քանի որ օրենքը թույլ է տալիս ունենալ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, այլ այդ ընկերությունների չարաշահումների դեմ:

Սուպերմարկետների դեպքում, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, գործում է տնտեսագիտության մեջ հայտնի մասշտաբի էֆեկտը. նրանք կարողանում են մեծածավալ գնումների իրականացման միջոցով նվազեցնել իրենց ծախսերը և ապրանքների ինքնարժեքը: 

«Սուպերմարկետներում տարբեր ապրանքատեսականեր կենտրոնացված են մի վայրում, ինչը ևս հարմարավետության առումով կարևոր է սպառողի համար»,- ասաց Արտակ Շաբոյանը: Նաև չբացառեց, որ կարող են որոշակի մրցակցային խնդիրներ առաջանալ նման ցանցերում, այդ իսկ պատճառով ՏՄՊՊՀ-ի կողմից այսուհետ առավել խիստ վերահսկողություն է իրականացվելու և ՏՄՊՊՀ-ը հետևողական է լինելու խոշոր ցանցերի կողմից հնարավոր չարաշահումները կանխելու ուղղությամբ:

Սակայն ի՞նչ գործիքների միջոցով է ՏՄՊՊՀ-ն վերահսկելու գերիշխող դիրք ունեցող իրացման կետերի չարաշահումները, նախագահը չմանրամասնեց:

Aysor.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 2013 թ-ի փոքր իրացման կետերի, այլ կերպ ասած՝ փոքր ու միջին բիզնեսների փակվելու առնչությամբ ասաց, որ նման իրավիճակը բերում է գործազրկության, քանի որ զգալի թվով մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ փոքր խանութների դեպքում՝ աշխատակցիները տան անդամներն են, այս դեպքում` ընտանիքն է զրկվել ապրուստի միջոցներից, որն էլ բերել է աղքատության ավելացման:
Բացի դրանից, Գ. Մակարյանը փոխանցեց, որ փոքր ու միջին իրացման կետերի փակվելը բերում է բիզնեսի ամայացման: Նա օրինակ բերեց, երբ անտառի մեծ ու փոքր ծառերը կտրում են, փոխարենը՝ մեծ ծառ են տնկում, որը պարզապես մեծ ծառ է, սակայն անտառ արդեն չկա:

Ինչ վերաբերում է խոշոր ընկերությունների կողմից փոքր ընկերությունների նկատմամբ չարաշահումները կանխելու՝ ՏՄՊՊՀ-ի դիրքորոշմանը, Մակարյանը նշեց, որ խոշորների կողմից փոքրերի հանդեպ չարաշահումները երբեմն կարող է այդքան ակնհայտ չլինել:

Գագիկ Մակարյանը ներկայացրեց այն պատճառները, որոնք Հայաստանում խանգարում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը` անհավասար մրցակցություն, ֆինանսական ռեսուրսների անհասանելիություն, ենթակառուցվածքների խնդիր, էներգակիրների թանկություն, նաև՝ բիզնեսներն ունեն խելացի կառավարման խնդիր:

Ինչ վերաբերում է փոքր բզինես սկսելուն, ապա փոխանցեց, որ բանկերը պահանջում են վեցամսյա գործունեության պատմություն, որից հետո են գումար տրամադրում, սակայն անգամ բանկից գումար վերցնելուց հետո տնտեսվարողները ոչ կայուն եկամուտների պարագայում հայտնվում են ծանր վիճակում` չեն կարողնում տոկոսներն ու մայր գումարը վերադարձնել, պարտքեր են կուտակում, որին գումարվում է անշարժ գույքի նկատմամբ բանկի պահանջները. Այս ամենը բերում է նրան, որ տնտեսվարողները զգուշանում են բիզնես սկսել, իսկ գործող բիզնեսները` փակվում են:

Հավելենք, որ ըստ ԱՎԾ-ի, մանրածախ առևտրում զբաղված մարդկանց թիվը 2013-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 2 հազար 298 հոգով: Եթե պաշտոնական թվերին գումարենք զբաղվածների թիվը, որոնք տան անդամներ են ու չեն գրացնվել որպես աշխատողներ, նաև ստվերում աշխատողների քանակը, ԱՎԾ-ի տվյալները պետք է մի քանի անգամ ավելացնել: Անհավասար մրցակցության, հարկային դաշտի, փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ անտարբերության հանրագումարի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը շուկայում ապավինում է սուպերմարկետների «մեծահոգությանը»:

Փոքր խանութները` բախտի ու սուպերմարկետների քմահաճույքին