Սիրիայում խաղաղություն հնարավոր է, եթե լսենք նրանց, ովքեր հասել են դրան
28/02/2014 19:57

Սիրիայում խաղաղություն հնարավոր է, եթե լսենք նրանց, ովքեր հասել են դրան

Օրերս բրիտանական The Guardian պարբերականում լույս է տեսել կոնֆլիկտաբան, վերլուծաբան Թիմ Ֆիլիփսի հոդվածը՝ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Aysor.am-ը նեկայացնում է վերլուծությունը՝ որոշ կրճատումներով:

Ժնևում տեղի ունեցած սիրիական բանակցությունների վերջին փուլից հետո գործընթացը հայտնվել է փակուղում. առաջ գնալու հույսերն անորոշ են: Միջազգային հանրության կողմից գործադրվողվող ճնշումներից բացի, արդյոք կա՞ որևէ այլ տարբերակ, որը կկարողանա կողմերին հետ բերել բանակցային սեղանի շուրջ:

Միջազգային «Beyond Conflict» կազմակերպության համահիմնադիր Թիմ Ֆիլիփսը` 20 տարի աշխատելով այլախոհների, ապստամբների, բռնակալների, ահաբեկիչների, ազատամարտիկների կողքին, նշում է, որ ականատես է եղել այնպիսի անզիջում բանակցությունների, որոնք, ի վերջո, ավարտվել են երկկողմ համաձայնագրով, ինչի արդյունքում վերջ է դրվել բռնություններին, և պատերազմող կողմերը կանգնել են խաղաղության ուղու վրա: Ֆիլիփսի համոզմամբ՝ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը ստիպելն է Սիրիայի ղեկավարներին գիտակցել, որ խաղաղությունը քայլ է՝ առաջ ընթանալու, այլ ոչ՝ թուլության հետևանքով կատարված զիջում: Ըստ նրա՝ խաղաղության հասնելու և ստեղծված փակուղուց դուրս գալու միակ ելքն այն է, որ Սիրիայի իշխանությունները լսեն այն երկրների ղեկավարներին, ովքեր նմանատիպ իրադրությունում արդեն իսկ հայտնվել են, և ընդունեն այն միջոցները, որոնք նրանք կիրառել են խաղաղության հասնելու համար: Բազմաթիվ ոլորտներում լավ մշակված մոտեցում է՝ լսել ուրիշներին, ովքեր նմանատիպ փորձ են ունեցել: Դա օգնում է մարդկանց գիտակցել, որ միայն իրենք չէ, որ հաղթահարում են նման փորձություններ:

Սիրիացիները ներգրավված են արատավոր, սարսափելի պատերազմի մեջ, բայց նրանք միակը չեն, որ տեսել են իրենց երկիրը աղքատության, թշվառության մեջ: Չնայած հասցված վնասը երբեք չի կարող փոխհատուցվել, այնուամենայնիվ, պետք է լսել ուրիշներին, ովքեր անցել են այդ ճանապարհով, և պետք է խաղաղության հասնելու փորձեր ձեռնարկել հակառակորդների հետ:

Ժնևում, դժվարությունները հաղթահարելու ջանքերի փոխարեն, ականատես եղանք երկու կողմերի զգացմունքային կամ հոգեբանական կամուրջների բաժանմանը: Փոխարենը՝ պետք է ականատես լինեինք սրընթաց մի գրոհի` ստուգելու այն «տուփերը», որոնցում առկա են խաղաղությանն ուղղված քայլերը` զինադադարի կնքում, անցումնային կառավարության ստեղծում, ընտրությունների նշանակում, արդարության և հաշտեցման հանձնաժողովների ստեղծում: Բոլոր այդ քայլերն իրենց նշանակությունն ունեն, և դրանցից ամենակարևորը՝ բռնություններին վերջ տալն է: Սակայն կիրառելով այդ ուղենիշները՝ առանց սիրիացիների հետ հարաբերություններ հաստատելու` կտանեն միայն մակերեսային ձեռքբերումների, ինչին ականատես եղանք, երբ Սիրիայի իշխանությունները թույլատրեցին օգնություն հասցնել Հոմսին, մինչդեռ ռմբակոծում էին Հալեպը:

Միջազգային էական ճնշումների ազդեցությամբ՝ Սիրիայի ղեկավարները համագործակցության ինչ-որ քայլերի գնացին, մինչդեռ իրականում մնացին նույն հակառակորդներն՝ առանց առարկայական ներդրումների, որոնք խիստ անհրաժեշտ են բռնությանը իսկապես վերջ դնելու համար: Լսելով ուրիշներին, ովքեր նմանատիպ հակամարտություններում գործելու փորձ ունեն, սիրիցիներն իրապես կկարողանան պատկերացնել փոփոխության հնարավորությունը և գիտակցել, որ դա բխում է հենց իրենց շահերից:

Մի քանի տարի առաջ Բոսնիայում երեք էթնիկ համայնքների (մահմեդական, սերբական և խորվաթ) միջև տեղի ունեցած հակամարտությանը հաջորդեց «Դեյտոնյան խաղաղության համաձայնագիրը», որով վերջ դրվեց ավելի քան 100000 մարդկային կյանքեր խլած պատերազմին:

Հաջորդ օրինակը Կոլումբիայի օրինակն է, որտեղ մարքսիստները տարիներ շարունակ պատերազմում էին կառավարության դեմ: Նման իրավիճակ էր նաև Հյուսիսային Իռլանդիայում, մինչդեռ երեսուն տարի անընդմեջ ընթացող քաղաքացիական պատերազմին վերջ դրվեց` խաղաղ բանակցությունների շնորհիվ: Եվ արդյունքում, ինչպես ցույց է տվել պատմությունը, նման իրադրությունում հայտնված երկրները միշտ հետաքրքրվել են մինչ այդ եղած նմանատիպ գործընթացներով, և նրանց հետաքրքրել են այն ուղիները, որոնցով հաջողվել է խաղաղության հասնել նախկինում:

Ժնևում կարող է կիրառվել այս մեթոդը. նախկինում այն երկրների ղեկավարները, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել նմանատիպ սարսափելի քաղաքացիական պատերազմների հետևանքները, կարող են հանդիպել սիրիական պատվիրակների հետ, որպեսզի ցույց տան նրանց այն ուղին, որը ժամանակին օգնեց իրենց՝ կանգնել խաղաղության ճանապարհին: 

Սիրիայում խաղաղություն հնարավոր է, եթե լսենք նրանց, ովքեր հասել են դրան