«Ջրծաղիկից մահացած զինվորի գործով դատարանը շարժվում է տուժողի քմահաճույքով»
28/02/2014 19:39

«Ջրծաղիկից մահացած զինվորի գործով դատարանը շարժվում է տուժողի քմահաճույքով»

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2011թ. բանակում զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահանալու գործով դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմը հրաժարվեց համաներում կիրառելու մասին իրենց ներկայացված միջնորդությունից:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրանք այս որոշումը ընդունել են այն պատճառով, որովհետև մյուս կողմը սկսել է շահարկել այդ հանգամանքը:

«Ես համաներում կիրառելու միջնորդություն ներկայացրել եմ իմ պաշտպանյալի կամքով, քանի որ իրավունք չունեմ միայն իմ մասնագիտական սկզբունքներով առաջնորդվելու: Ընդհանրապես այս գործում հանցակազմ չկա և իմ պաշտպանյալը պետք է արդարացվի, սակայն նա խնդրեց, որ մյուս կողմի լուտանքները և անեծքները չլսելու համար համաներմամբ ազատվեն, բայց երբ տեսանք, թե ինչպես է շահարկում մյուս կողմը այդ հանգամանքը, մենք որոշեցինք ևս 1 տարի պայքարել, սակայն հասնել արդարացման»,- աասց նա:

Վ. Էլբակյանը ասաց, որ չի հասկանում, թե ինչի համար պետք նշանակվեր երրորդ հանձնաժողովային փորձաքննությունը, և այդ փորձաքննությունը նշանակելով՝ դատարանը այսօր դուրս եկավ մեղադրանքի ծավալից: «Ընդամենը հերթական անգամ դատարանը առաջնորդվում է տուժողի քմահաճույքով, իսկ տուժողը չի հասկանում, որ իր տղայի ճակատագիրն է այդպիսին: Ես շատ եմ ցավում դրա համար, սակայն դա նրա ճակատագիրն էր: Մեղադրողն անգամ ասաց, որ արարքի և հետևանքի միջև չկա պատճառահետևանքային կապ, այս գործով այդ մարդիկ տուժող չեն: Մեղադրողը պետք է հրաժարվեր մեղադրանքից, սակայն որևէ մեկը մահացած զինվորի հոր հետ առճակատման գնալ չի ուզում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
 

«Ջրծաղիկից մահացած զինվորի գործով դատարանը շարժվում է տուժողի քմահաճույքով»