ՀՀ վարչապետ. ՄՄ-ին անդամակցելը դրական կազդի մեր երկրի վրա. Azatutyun.am
01/03/2014 18:34

ՀՀ վարչապետ. ՄՄ-ին անդամակցելը դրական կազդի մեր երկրի վրա. Azatutyun.am

Տարիների ընթացքում մաքսատուրքերի բարձրացումը ցավոտ չի լինելու և գնաճային ճնշումներ չեն լինելու կամ լինելու են մինիմալ, «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ վերջնական պատկերը, այդուհանդերձ, պարզ կլինի բանակցություններից հետո:

«Եթե որևիցե բանակցային գործընթաց չլինի, և ընդհանրապես մաքսատուրքերի վերանայումներ չլինեն, առավելագույն գնաճը, որ կարող է լինել, եթե մենք կիրառենք Մաքսային միության մաքսատուրքերը, դա 1.4 տասնորդական տոկոսն է», - պարզաբանել է գործադիրի ղեկավարը, - «Հայաստանը բանակցում է աշխատանքային խմբի հետ, որում ներառված են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մասնագետները, որպեսզի Հայաստանի համար լինի անցումնային փուլ և մաքսատուրքերը մեզ համար ավելի սահուն կերպով փոփոխվեն»:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո կտրուկ գնաճ չի լինի: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ ներկայացնելով կառավարության գնահատականը, ասել էր, որ անդամակցության պատճառով առաջացող գնաճը չի գերազանցի 1.5 տոկոսը:

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ քաղաքական շրջանակներում մտահոգություն կա, որ այդպիսով մեր երկիրը կկորցնի ինքնիշխանությունը: Ավելին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել էր, որ Եվրամիության հետ առևտրային բանակցություններ հետայսու Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը:

«Ազատության» հարցին՝ վարչապետը նման մտահոգություն չունի՞, Տիգրան Սարգսյանը արձագանքել է․ - «Իսկ եթե դուք դառնայիք Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի պայմանագրի անդամ, այդ դեպքում մեր փոխարեն ո՞վ էր բանակցություններ վարելու, չէ՞ որ դուք ստանձնում էիք միջազգային պարտավորություններ և դա նշանակում է, որ սահմանափակում էիք ձեր ազատ ընտրության հնարավորությունը: Ցանկացած միության մեջ մտնելը ենթադրում է, որ դուք սահմանափակում էիք ձեր գործողությունները, քանի որ այսուհետև ձեր գործողությունները պետք է համաձայնեցված լինեն այդ միության մնացած բոլոր անդամների հետ»:

Բնականաբար, մինչև նման որոշում կայացնելը կշռադատել ենք դրական ու բացասական կողմերը, հավելել է գործադիրի ղեկավարը․ - «Նպատակահարմա՞ր է արդյոք գնալ ազատության որոշակի սահմանափակումների՝ ստանալով առավելություններ, թե՞ նպատակահարմար չէ: Հիմա մեր բոլոր քննարկումները և ուսումնասիրությունները բերեցին միանշանակ այն եզրահանգման, որ Մաքսային միության անդամակցությունը ընդհանուր առմամբ դրական է ազդելու մեր երկրի զարգացման վրա»:

Որոշակի զիջումների ու սահմանափակումների մասին խոսելով, վարչապետը բերում է Եվրամիության անդամ երկրների օրինակը․ - «Ինչո՞ւ հրաժարվեցին եվրոպական պետությունները իրենց ազգային արժույթը ունենալուց, ինչո՞ւ հրաժարվեցին ինքնուրույնաբար դրամավարկային քաղաքականության իրականացման լիազորությունից, որովհետև նրանք քաջ գիտակցում էին, որ միավորվելով՝ բոլորը կշահեն: Դրա համար մարդիկ գիտակցաբար գնում են այդ քայլերին, որովհետև բոլորն էլ մտածում են իրենց պետության, իրենց քաղաքացիների շահերի մասին»:

Վարչապետը համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցելու քաղաքական որոշումը բխում է ժողովրդի շահերից:

Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

ՀՀ վարչապետ. ՄՄ-ին անդամակցելը դրական կազդի մեր երկրի վրա. Azatutyun.am