Ինչպե՞ս խաղալ թվերի հետ ու ջրից չոր դուրս գալ
01/03/2014 18:07

Ինչպե՞ս խաղալ թվերի հետ ու ջրից չոր դուրս գալ

Հայաստանի տարածքի 81 տոկոսը ենթակա է անապատացման. Այս երևույթն առավել նկատելի է Արարատյան դաշտավայրում, որն ապահովում է Հայաստանի բանջարեղենի արտադրության շուրջ 75 տոկոսը:

Վերջին տարիներին նկատվում էր մշակված հողատարածքների նվազում, այդ թվում՝ Արարատի և Արմավիրի մարզերում, որի պատճառները մի շարք են` նախ ոռոգման ջուրը (ոռոգման սակագինը 11 դրամ է, թեև պատասխանատուների հաշվարկներով Արարատի և Արմավիրի մարզերում մեխանիկական եղանակով ջրամատակարարման համար ինքնարժեքը 20 դրամի շրջանակներում է), թանկ, երբմեն էլ ոչ արդյունավետ մեխանիզացիան, պարարտանյութերի թանկացումը, ոչ հավասարակշիռ էլեմենտներով պարարտացումը, նաև արտագաղթը:

Նշենք, որ 2010թ-ին ՀՀ վարելահողերի օգտագործման մակարդակը կազմել է 63.2 տոկոս, 2011թ-ին Արարատի մարզում չէր մշակվում 17 տոկոսը, իսկ Արմավիրում` 32 տոկոսը. պաշտոնապես: 2012թ-ին Արարատի մարզում չէր օգտագործվում 15.6 տոկոսը, Արմավիրում` 29 տոկոսը:

Գտնվելով կիսանապատային պայմաններում, դաշտավայրը պահանջում է ինտենսիվ ջրամատակարարում, իսկ վերջին տարիներին` կապված Արարատյան դաշտավայրի ջրային հորիզոնների շուրջ 9 մետր նվազման հետ, ըստ հետազոտության, Արարատյան դաշտավայրում շուրջ 24.4 տոկոսով ավելացել է ոռոգման ջրի պահանջը:

Եթե ոռոգման պահանջն ավելացել է, նշանակում է մշակովի հողատարածքների անգամ նույն մակերեսների պահպանման պարագայում, ջրամատակարարումը այս երկու մարզերում շուրջ 24 տոկոսով պետք էր ավելանար, որին զուգահեռ պետք է ավելանային նաև էլեկտրաէներգիայի ծախսը: Պաշտոնապես նշվում է, որ մշակովի հողատարածքներն ավելացել են 10-13 տոկոսով, նաև Արարատի և Արմավիրի մարզերում, սակայն ոռոգմանն ջրի մատակարարումը չի փոխվել:

Նշենք, որ 2013թ. ՋՕԸ-ների միջոցով ջրօգտագործողներին է մատակարարվել 472մլն խ.մ ջուր, 2012թ. մատակարարվել է գրեթե նույն ծավալի ջուր:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից փոխանցում են, որ ջրօգտագործման ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 50 տոկոսով կրճատվել է վերջին տարիներին: ԾԻԳ-ի տրամադրած թվերի համաձայն` 2008թ-ին Արարատի և Արմավիրի մարզերում օգտագործվել է 77. 162 հազար կվ ժ էլեկտրաէներգիա, 2012թ-ին 70.662 հազար կվ ժ, իսկ 2013թ-ին 68,883 հազար կվ ժամ. Այսինք անգամ ջրի պահանջարկի շուրջ 24.4 տոկոս ավելացման պարագայում, էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել է, որը նաև հնարավոր է բացատերլ մեխանիկական եղանակից անցում` ինքնահոս եղանակի. Ի վերջո ամեն ինչ հնարավոր է բացատերլ:

Կարելի է նկատել, որ տարիների հետ կրճատվել են մշակելի հողատարածքները, սակայն վերջին երեք տարիներին մշակվող հողատարածքենրի որոշակի աճ է արձանագրվում պաշտոնապես:

Ինչպե՞ս հասկանալ եռակողմ խնդիրը

Յուրաքանչյուր գերատեսչություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Ջրային տնտեսության պետական կոմիտեն, նաև Գյուղնախարարության կողմից պատվիրված հետազտությունը, ներկայացնում են իրենց ճշմարտությունները, որոնք չեն խաչվում:

Լավ, ի վերջո, որտե՞ղ է թաղված շան գլուխը. Գյուղնախարարության, թե՞ ՋրՊետԿոմ-ի տվյալների մեջ:

ՋրՊետԿոմը, օրինակ, շահագրգիռ է էլեկտրաէներգիան ավելի ցույց տալ, ինչը լրացուցիչ սուբսիդիա է պետությունից, հնարավոր է թվերի հետ խաղալ, սակայն մի փոքր դժվար է, ոչ անհնարին, գյուղնախարարությունը` հենվելով համայնքների ու մարզպետարանների տվյալների վրա շահագրգռված է մշակովի ցանքատարածությունների ավելացում ֆիքսել, որի ձևակերպումը դարձյալ անհնար չէ գործնականում. մնաց հետազոտությունը, որի հավաստիության տոկոսի հետ կարելի է դիտարկումներ անել` 24.4 տոկոս չէ, այլ 20 կամ 25:

Քանի որ խոստովանահոր դերում չենք կարող հանդես գալ` լսելու միայն ճշմարտությունը, մնում է բարձրաձայնել, որ պարոնայք գերատեսչություններ կամ ձեզ են խաբում, կամ մեզ եք խաբում` առանց անմեղության կանխավարկածի:

Մի դիտարկում ևս. Որոշակի ծրագիր կա Արարատյան դաշտավայրում փորձարկել ոռոգման կաթիլային համակարգը, եթե ջերմոցային տնտեսություններում դա արդարացված կլինի, ապա ընդհանուր ոռոգման պարագայում` ոչ: Իսրայելում օգտագործվում է այս համակարգը, որտեղ հողը քիչ ու անորակ է, ջուր չկա, իսկ Հայաստանի բերրի հողերը կաթիլային ջրամատակարարման պարագայում կորակազրկվեն. Կա բարեբեր հող, ոռոգման ջուր նույնպես, եթե ջուրը մենք չօգտագործենք, այն կօգտագործեն մեր հարևանները. և եթե այսօր հարևանները Հայաստանից դուրս հոսող ջրերը մասամբ են օգտագործում, հեռանկարում կարող ենք ամբողջը նվիրել նրանց:

Ինչպե՞ս խաղալ թվերի հետ ու ջրից չոր դուրս գալ