.jpg)
Տարածաշրջանային բլոգ. Լիբանանյան «Հիզբալլահի» հեռահար ծրագիրը
Փետրվարի 24-ին Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, 2013 թ. սկզբից ի վեր արդեն 6-րդ անգամ օդային հարված է հասցրել, իսրայելական հետախուզության տվյալներով, Սիրիայից դեպի Լիբանան զենք տեղափոխող ավտոշարասյանը: Միջադեպն այս անգամ արդեն գրանցվել է սիրիա-լիբանանյան սահմանագծի՝ Լիբանանի հատվածում, ինչի հետևանքով ոչնչացվել է բեռնատարներում եղած ժամանակակից սպառազինությունը, սպանվել են ուղեբեռի հասցեատեր «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության մի քանի զինյալներ: Միջադեպից հետո «Հիզբալլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն սպառնացել է անպատասխան չթողնել ««սիոնիստական տարածքային միավորի» իրականացրած հարձակումը՝ հարված հասցնելով այնտեղ և այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի»:
Այսուհանդերձ, Թել Ավիվը փետրվարի 28-ին արդեն իսկ պատասխանել է Հասան Նասրալլահի սպառնալիքին՝ նախազգուշացնելով լիբանանյան իշխանություններին, որ «Հիզբալլահի» հնարավոր հակաիսրայելական գործողությունների դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց նորաստեղծ կառավարության վրա, իսկ իր հերթին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն էլ կոչ է արել շիայական կառույցի ղեկավարներին՝ զերծ մնալ ռազմական պատասխանից՝ պատճառաբանելով, որ նման քայլը կարող է տարածաշրջանում առկա լարվածության սրման և ի վերջո լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հանգեցնել:
Ինչ խոսք, համարժեք, կամ գոնե որևէ ռազմական պատասխան ակնկալել «Հիզբալլահից» այնքան էլ ճշմարտանման չի լինի՝ հատկապես կազմակերպության համար բավականաչափ կարևոր տվյալ ժամանակաշրջանում, երբ այն լրջորեն ներգրավված է սիրիական հակամարտության մեջ՝ համագործակցելով Արաբական Հանրապետության կառավարական ուժերի հետ մասնավորապես` երկրի արևմտյան և հարավային շրջանների համար մղվող և մարտավարական առանցքային նշանակություն ունեցող ռազմական գործողություններում:
Եվ ահա, այս համատեքստում, Հրեական պետության հետախուզական ծառայությունների տվյալներով՝ «Հիզբալլահը» կազմակերպության ղեկավարության ամենաբարձր մակարդակում որոշում է կայացրել և մանրակրկիտ կերպով մշակել հեռահար նպատակներ ունեցող հատուկ մի ծրագիր՝ ուղղված Իսրայելի բնակչության բարոյազրկմանը, անվտանգության, ֆինանսատնտեսական ոլորտներում երկրի ապակայունացմանը՝ երկիրը տարատեսակ թմրանյութերով հեղեղելու ճանապարհով:
Այդ նպատակով, արդեն մոտ ժամանակներս շիայական կառույցի զինյալները նպատակ ունեն լիբանանաիսրայելական սահմանով սկսել մի քանի տեսակի թմրանյութերի, առաջին հերթին՝ հաշիշի առաքումը հարևան պետություն, որի առաջին խմբաքանակն արդեն իսկ ստացվել է Սիրիայից:
Ըստ իսրայելական հատուկ ծառայությունների՝ «Հիզբալլահի» հատուկ գործողությունը երեք հիմնական նպատակ է հետապնդում. նախ` խաթարել Իսրայելի ներքին կայունությունը, ֆինանսական շահույթ ստանալ թմրանյութերի վաճառքից, և գլխավորը՝ Հրեական պետության տարածքում բնակվող թմրավաճառներից ստանալ ռազմական օբյեկտների լուսանկրաներ, բանակային ստորաբաժանումների տեղակայման, տարաբնույթ ռազմավարական ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ և այլ հետախուզական տվյալներ, ինչպես նաև՝ ձևավորել գործուն ահաբեկչական ցանց՝ Իսրայել պետության ողջ տարածքում:
Տեղեկության համաձայն՝ լիբանանյան կազմակերպության այս գործողությունն իրականացնելու նպատակով ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, իսկ համակարգողը, ոչ այլ ոք է, քան «Հիզբալլահի» օպերատիվ-ռազմական բաժնի ղեկավար Մուստաֆա Բադր ալ-Դինը:
Ասվածի համատեքստում, կարելի է հավաստել, որ «Հիզբալլահի» նման ծրագրի օգտակար գործողության գործակիցն արդեն իսկ հասնում է նվազագույնի՝ հաշվի առնելով գործողության վերաբերյալ այսօրինակ մանրամասն տվյալների հրապարակումը իսրայելական հետախուզական ծառայությունների կողմից:
Մյուս կողմից, չի բացառվում նաև իսրայելական ԶԼՄ-ների կողմից ծրագրի առկայության մասին ընդհանրապես ապատեղեկատվության տարածումը, ինչի գլխավոր նպատակը Լիբանանում Իսրայելի առանցքային հակառակորդ «Հիզբալլահի» և նրա տարածաշրջանային դաշնակիցների հեղինակազրկումն է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ կառույցի որդեգրած գործելաոճն իր իր բովանդակությամբ ոչ այլ ինչ է, քան միջազգային բնույթի քրեական հանցագործություն և բացարձակապես այն չէ, ինչ ներկայացնում են հենց կազմակերպության ղեկավարները, նրա տարածաշրջանային հովանավորներ Իրանն ու Սիրիան: