Սիրիացի հակերները կոտրել են Barcelona ֆուտբոլային ակումբի Twitter-ի էջը
02/03/2014 13:48

Սիրիացի հակերները կոտրել են Barcelona ֆուտբոլային ակումբի Twitter-ի էջը

Բաշար ալ-Ասադի վարչակարգին աջակցող, բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած սիրիացի երիտասարդների մի խումբ սիրիական ճգնաժամի հենց սկզբում երկրի դեմ իրականացվող տեղեկատվաքարոզչական պայքարին դիմագրավելու, ինչպես նաև պատասխան հակահարվածներ հասցնելու նպատակով ստեղծել էր «Սիրիական էլեկտրոնային բանակ» կոչված կառույցը:

Երիտասարդները պարբերաբար հակերային հարձակումներ էին իրականացնում սիրիական գործընթացների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող տարբեր լրատվամիջոցների, միջազգային կառույցների, որոշ պետական գործիչների, արևմտյան տրանսնացիոնալ ընկերությունների և այլ բնույթի կազմակերպությունների դեմ. «Սիրիական էլեկտրոնային բանակի» համար թիրախ են դարձել CNN –ը, The New York Times-ը, The Washington Post-ը, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, Forbes-ը, Microsoft-ը, Skype –ը և այլն: Իսկ օրերս սիրիացի հակերները կոտրել են իսպանական Barcelona ֆուտբոլային ակումբի թվիթերյան միկրոբլոգերը:

Նման հարձակաման պատճառաբանությունն այն է, որ իսպանական ակումբի հովանավորն է հանդիսանում Qatar Airways կատարյան ավիաընկերությունը: Հակերերը միկրոբլոգերում տեղադրել են Barcelona-ի ղեկավարությանն ուղղված կոչեր՝ հրաժարվելու «Կատարի արյունատ փողերից», ինչպես նաև «հատուկ ողջույն ուղարկել» իսպանական ակումբի գլխավոր մրցակից Real Madrid-ին:

Բանն այն է, որ Կատարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան Սիրիայում իշխող վարչակարգի դեմ գործող տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների տարածաշրջանային գլխավոր հովանավորներն են:

Սիրիացի հակերները կոտրել են Barcelona ֆուտբոլային ակումբի Twitter-ի էջը