.jpg)
Անժելա Սարգսյան. Մարդիկ, ովքեր այլևս կողքիս չեն, նշանակում է՝ ընկեր չէին
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Անժելա Սարգսյանը իր ակտիվ նորամուտը որոշել է նշել կանանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպած ռիթմիկ միջոցառմամբ: Life.panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցում Անժելա Սարգսյանը անդրադարձավ նոր ծրագրերին, հին ընկերներին ու որոշ չափով՝ առաջիկա անելիքներին:

-Անժելա, կարծեք թե մարտի 8-ին կանանց համար անակնկալ ունեք այո՞: Ինչի՞ նասին է խոսքը: Դուք ներկայանալու եք որպես հանդիսավա՞ր: Բեմո՞ւմ եք լինելու:
-Այո, մարտի 8-ին ժամը 19:00-ին գեղեցիկ միջոցառում կլինի Amigo latino club-ում: Երեկույթը ես եմ կազմակերպել, ինքս էլ կվարեմ ու, իհարկե, բոլորի հետ միասին լավ ժամանակ կանցկացնեմ…Բեմ չի լինելու, լատինաամերիկյան պարեր են լինելու, սիրով սպասում եմ նրանց, ովքեր սիրում են այդ մշակույթը:
-Հրավիրվածներ լինելո՞ւ են:
-Հրավիրել եմ միայն մոտ ընկերուհիներիս… Իսկ երեկույթին սիրով կսպասեմ իմ հանդիսատեսին, ով միշտ ցանկացել է ինձ հետ շփվել բեմից դուրս... Այստեղ մեր շփումն իրականանալի է, միասին մի լավ կպարենք և կուրախանանք…
-Դուք հիմա այդ ակումբո՞ւմ եք աշխատում:
-Ոչ, ակումբում չեմ աշխատում, պարզապես այնտեղ հաճախ եմ լինում ընկերներիս հետ… Սիրում եմ լատինաամերիկյան ռիթմեր…
-Ինչպե՞ս միտք ծագեց նման փարթի կազմակերպելու:
-Պարզապես փարթիների վերջերս շատ եմ մասնակցում, ինչից ելնելով՝ ինքս էլ ցանկացա կազմակերպել… Հուսամ, սրանով չեմ սահմանափակվի…

-Այսինքն, հնարավո՞ր է ապրիլի 7-ին շարունակություն ունենա…
-Հուսամ՝ զբաղվածությունս կների, որպեսզի ապրիլի 7-ին էլ կարողանամ որևէ բան կազմակերպել… Շատ հետաքրքիր գաղափարներ ունեմ…
-Հավանաբար, օրը անակնկալներով լեցուն է լինելու: Օրվա գլխավոր անակնկալը ո՞րը կլինի:
-Անակնկալի մասին եթե խոսեմ, այլևս անակնկալ չի լինի … Թող իսկապես մնա անակնկալ…
-Դուք փաստորեն մարտի 8-ը անցկացնելու եք ընկերների շրջապատում… Սիրո՞ւմ եք նվերներ ստանալ…
-Այո, փաստորեն անցկացնելու եմ այնպես, ինչպես ուզում եմ(ժպտում է)…Նվերներ սիրում եմ, բայց ոչ ծաղիկներ. ծաղկեփնջեր չեմ սիրում…
-Ինչո՞ւ: որևէ տհաճ միջադե՞պ է հիշեցնում…
-Ոչ-ոչ, նկատի ունեմ՝ «պռճոկած» ծաղիկներ չեմ սիրում… Ծաղիկներ սիրում եմ բնության մեջ, հատկապես դաշտային, վայրի ծաղիկներ…
-Ասում են՝ սկսել եք նաև երգել: Ճի՞շտ է:
-Շա՜տ երջանիկ կլինեի, եթե երգելու տաղանդ ունենայի: Սիրում եմ երգել, բայց չեմ երգում…Ամեն ասածի պետք չէ հավատալ (ծիծաղում է)…
-Անժելա, վաղուց գործնական առումով ձեզանից տեղեկություններ չունեինք: Խոսում էին ամեն ինչի մասին, բացի աշխատանքից…Ինչո՞վ էիք այս ընթացքում զբաղված:
-Իմ զբաղվածությունը բավականին շատ է… Առաջնային տեղում, իհարկե, դուստրս է. նա արդեն 3-րդ գործիքի վրա է սկսել նվագել: Տիրապետում է կիթառին, դաշնամուրին, այժմ թմբուկին է անցել… Նաև հրաշալի երգում և պարում է… Նաև ֆոնդի գործերով եմ զբաղված… Եվ, վերջապես, նոր գործ եմ սկսում, որի մասին ավելի ուշ կխոսեմ…
-Ի՞նչ ֆոնդի մասին է խոսքը…
- Բացի անհատական բարեգործական գործունեությունից համագործակցում եմ նաև «Ագապե» բարեգործական ֆոնդի հետ…
-Իսկ թատրոնում աշխատանքը շարունակո՞ւմ եք:
-Իհարկե շարունակում եմ… Զբաղված եմ մի շարք ներկայացումներում… Իմ հանդիսատեսը կարող է ինձ տեսնել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում…
-Ի դեպ, երբ խնդիրների մեջ հայտնվեցիք, շատ ընկերների «դիմակ պատռվեց»… Արդյոք այսօր հին ընկերներից կան ձեր շրջապատում, թե որոշել եք ձեզ նոր ընկերներով շրջապատել…
-… Հին ընկերներիս մեջ կան շատ որակով մարդիկ, որոնց հետ մինչև այսօր շփում ունեմ…Իսկ այն մարդիկ, ովքեր այլևս կողքիս չեն, նշանակում է՝ ընկեր չէին…Շատ նոր ընկերներ ունեմ, որոնց նույնպես գնահատում և սիրում եմ… Իրենք ինձ համար մեծ արժեք են…
-Եվ վերջում՝ նոր ծրագրերի մասին ի՞նչ կասեք…
-Օյյյյյյյ, ծրագրեր շա՜տ ունեմ, տա Աստված՝ բոլորն իրականացնեմ…
