Միայնակ հայրեր. 10 տարի առանց մոր. Ես ընտրել եմ  երեխաներին, իրենք էլ՝ ինձ
03/03/2014 21:50

Միայնակ հայրեր. 10 տարի առանց մոր. Ես ընտրել եմ երեխաներին, իրենք էլ՝ ինձ

«Ես ընտրել եմ իմ երեխաներին, իրենք էլ՝ ինձ»,- ասում է 49-ամյա Մարատ Պետրոսյանը, ով 10 տարի է՝ միայնակ հայր է: 7 երեխաներին՝ 2 տղա, 5 աղջիկ, մեծացրել է միայնակ:

Մարատն ամուսնալուծվել է 2004-ին:

«Դատարան եմ գնացել հստակ իմանալով, որ բոլոր երեխաներս ինձ հետ են ապրելու, ինչ էլ որ լինի: Ես չէի կարող ու իրավունք չունեի նրանց ուրիշի խնամքին թողնելու»:

Դատարնը որոշում է 7 երեխաներին, որոնցից ամենափոքրը 2 տարեկան էր, տալ հորը:

Aysor.am -ի «Միայնակ հայրեր» շարքի այսօրվա հերոսը Մարատ Պետրոսյանն է:

«Էտ պահին իմ համար ամենակարևորը երեխաների խնամակալության իրավունքն ստանալն էր, հետո թե ինչ կլիներ, չէի մտածում: Կարևորը տանիք կար: Քչից-շատից ապրում էինք: Ես աշխատել չէի կարողանում, որովհետև երեխաները փոքր էին, բայց ապրում էինք, մինչև մի օր պարզվեց, որ էլ տուն չունենք: «Հույսի ավանում» բնակվելու համար 2 տարին մեկ պետք է պայմանագիր կնքել ու վճարել 40 հազար դրամ: Ես նոր էի ամուսնալուծվել, աշխատանք չունեի, ապրում էինք նպաստով, սրանից-նրանից պարտք անելով, ինձ որտեղի՞ց 40 հազար: Պայմանագիրը չկնքվեց ու ինձ երեխաների հետ վտարեցին տնից: Մնացինք դրսում: Վերցրի երեխաներին ու գնացի նախագահականի դիմաց: Ասացի՝ «ուզում եք` կախեք, չունեմ էտ փողը»:



Մեզ տեղավորեցին անօթևանների կացարանում: Որոշ ժամանակ անց պարզվեց՝ դա ժամանակավոր է: Էլի հայտնվեցինք դրսում:  «Ապրում էինք» քաղաքապետարանի դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Լավ է գոնե ամառ էր: Ես այդ ընթացքում ում ասես դիմեցի, լրագրողների կանչեցի, պայքարեցի ինչով ու ոնց կարող էի: Մեր բախտը բերեց. այդ օրերին Հայաստանում «ֆուտբոլային դիվանագիտություն» էին անում, ինչ էր, դուք կհիշեք. եկան մեզ ասացին, պետք է հեռանանք տարածքից, որովհետև Երևան հյուրեր են գալու ու պետք չի, որ մենք փողոցում լինենք: Ասացի «լավ, ինձ տուն է պետք»:



Համաձայնեցին, որ տուն գտնեմ, իրենք տան վարձը: Ես տուն գտա, որի ամսական վարձը 120 հազար դրամ էր: Տեսան, որ ավելի լավ է 40 հազար դրամի հարցը լուծեն, քան 120 հազար դրամ տան, ու հետ տվեցին այս տունը, որտեղ մինչ այդ ապրում էինք»,- պատմում է Մարատ Պետրոսյանը:

«Էտ օրերն անցան, հիմա ավելի լավ ա չհիշենք»,- ասում է 7 երեխաների հայրը՝ ավելացնելով, որ հիմա էլ նույն բաների միջով կանցներ, բայց կշարունակեր իր երեխաների հետ լինել. «Հիմա կարևորը, որ երեխաները ոչ մի բանում չեն մեղադրում ինձ: Շատ բաներ, իհարկե, հիմա էլ չեմ հասցնում: Տաքսի քշելը ամենալավ գործը չի, բայց էս պահին ուրիշ տարբերակ չունեմ: Էս ամիս 2 ակտ ունեմ: Էս գործի վատն էլ էտա: Աշխատածդ մեկել ակտ ա գալիս, տանում տալիս էս, գալիս նստում: Եթե էտ չլիներ, էլի ոչինչ»:



Մարատի 2 դուստրերն ամուսնացած են: Հարցնում եմ՝ չե՞ն օգնում:

«Դեռ մի բան էլ ես իրենց պետք է օգնեմ, ի՞նչ օգնեն: Մեծ աղջիկս չի էլ կարող օգնել, եթե անգամ ուզենա, հազիվ ապրում է: Իսկ երկվորյակներից մյուսը, որ ամուսնացած է, ոչինչ. վիճակն ավելի բարվոք է:

«Թող իրենք օրվա հաց ստեղծեն, մենք էլ մերը կստեղծենք»,- ասում է Մարատը՝ հավելելով, որ աղջիկները աշխատասեր են, ակտիվ, հատկապես երկվորյակները, որոնից մեկը հիմա տանն է ու ամենաշատն է օգնում հայրիկին՝ մյուսների հարցում:

Փոքրերը խոստովանում են, որ ավագ քույրը խիստ է:



«Ես դեմ չեմ, թող մի քիչ խիստ լինի»,- ասում է հայրն ու պատմում, որ ինքը նույնքան խիստ մեծերի հետ է եղել:

«Դա մեկ-մեկ անզորությունից էլ է: Պատկերացրեք աղջիկ երեխա, ես ո՞նց խոսեմ ու ո՞նց բացատրեմ, որ ճիշտ լինի: Երբեմն, իրոք, չեմ իմացել, ինչ անեմ. շատ ժամանակ նստել խոսել եմ հետները էնպես, ինչպես մայրը կխոսի, փորձել եմ գոնե մի քիչ լրացնել էտ բացը: Հիմա իրենք քույրիկին են վստահում գաղտնիքները, կիսվում, գիտեմ, որ և' մեկի համար է դժվար և' մյուսի, բայց էդպես է ստացվել, ի՞նչ անես»:

Մոր հետ հանդիպելու, շփումը վերականգնելու մասին իմ հարցին և' հայրը, և' աղջիկները պատասխանում են կարճ. չեն փորձել ու չեն ուզում:



«Լավ է՝ գարունն եկավ»,- խոսակցության թեման փոխում է Մարատը՝ ուղղելով կախված խախողի ճյուղերից մեկը:
«Ստեղ հողը լավն ա. ինչ գցես` կաճի: Ես լավ եմ զգում ինձ, որ, օրինակ, իրիկունը գնում եմ պոմիդոր եմ քաղում բերում, հաց ու պանրով ուտում: Լավ բան ա հողը, հող մշակելը, մարդ գոնե մի փոքր տեղ պիտի մշակի»,- ասում է Մարատը:

Աղջիկները պատմում են, որ տան բոլոր ծաղիկները հայրիկն է տնկել ու խնամել. «Իր սիրած գործն ա»:

«Մարդ, որ ջղայնացած ա լինում, գալիս ա, ջրում ա, հողը փորում, հանգստանում ա: Դեռ երիտասարդ ժամանակից սիրել եմ ծաղիկներ, բույսեր աճեցնել: Հա'մ սիրուն ա, հա'մ զբաղվում ես, համ էլ հանգստություն ա բերում մարդուն»,- ասում է Մարատը: 

«Ամառն էլ բակում է աճեցնում: Սիրուն ծաղիկներ ունենք, կգաք կտեսնեք»,- ասում են աղջիկները:

Նախորդող հրապարակումներ` Միայնակ հայրեր. Կողքից աշողն ի՞նչ գիտի, քաշողը կիմանա

 Միայնակ հայրեր. Ուզում եմ ապրել, որ տղաներս մենակ չմնան

Միայնակ հայրեր. Միայնակ թոշակառու ու միայնակ հայր` արդեն 5 տարի

Միայնակ հայրեր. 10 տարի առանց մոր. Ես ընտրել եմ երեխաներին, իրենք էլ՝ ինձ