.jpg)
Կստեղծվի հանձնաժողով` մթերատու կենդանիների ներկրումը վերահսկելու համար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել ոլորտի ճանաչված գիտնականների և մասնագետների՝ քննարկելու օրախնդիր մի հարց՝ 2007-2015 թվականների համար նախատեսված տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը: Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարի հանձնարարությամբ նախարարության աուդիտի բաժինը ներկայացրել է համապատասխան ուսումնասիրություն՝ տարաժամկետ վճարման պայմանով տոհմային երինջների ձեռքբերման համար կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման մասին։
Նշվել է, որ ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրված 1811 գլուխ տոհմային երինջները տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների, որոնց մեծ մասը սահմանված ժամկետներում կատարել է պայմանագրային վճարումները։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոհմային բազայի բարելավման ուղղությամբ կատարվող ծրագրային աշխատանքներն շարունակում են արժանանալ տարաբնույթ, երբեմն ծայրահեղության հասնող մեկնաբանությունների, խորհրդակցության մասնակիցներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց հիմնավորումներն ու առաջարկությունները խնդրի առարկայի մասին։
Շահագրգիռ քննարկման ընթացքում միակարծիք էին՝ ծրագիրը օգտակար է, այն մեծ արդյունքներ է ենթադրում և անպայման պետք է շարունակություն ունենա, միաժամանակ նշելով այն անհրաժեշտ պայմանները, որոնք կնպաստեն ծրագրի իրականացմանն ու արդյունավետությանը:
Ելնելով արտահայտված կարծիքներից և առաջարկներից նախարարը հանձնարարել է՝
Ստեղծել հատուկ հանձնաժողով բարձր մթերատու կենդանիների ներկրման ողջ գործընթացը վերահսկելու համար։
Ներկրվող կենդանիների համար ստեղծել նախնական կարանտինային պահվածքի հատուկ պահատեղեր։
Կտրուկ փոփոխություններ կատարել բաշխման գործընթացում։ Կենդանիները տրամադրել միայն ընտրողաբար և այն տնտեսվարողներին, որոնք կապահովեն պահվածքի և տոհմաբուծական աշխատանքների համապատասխան պայմաններ։
Հատուկ ուշադրություն դարձնել համապատասխան կադրերի վերապատրաստմանը։ Խորհրդատվական աշխատանքների համար բոլոր մարզերում կազմակերպել սեմինարներ՝ այդ աշխատանքներում ընդգրկելով ոլորտի ճանաչված գիտնականների ու մասնագետների։
Գույքագրում կատարել այն բոլոր տնտեսություններում, ուր ներկրված կենդանիների սերունդներ կան։ Պարզել բաշխման ենթակա նման կենդանիների գլխաքանակը հանրապետությունում և օժանդակել տնտեսվարողներին վերջիններիս վաճառքի գործում։