Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է
03/03/2014 18:18

Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է

Դատելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի վերջին ուկրաինական այցից՝ այս երկիրը լրջագույն հավակնություններ ունի Ղրիմի հարցում:

Թերակղզու թաթարների սադրիչ բնորոշումը՝ որպես «մեր ցեղակիցներ», շատ կասկածելի հայտարարությունները Թուրքիայի համար Ղրիմի կարևորության մասին՝ իբր թերակղզու թուրքական մշակութային ժառանգության առկայության տեսանկյունից, թաթարներիև և ուկրաինական ծայրահեղ աջերին զենքով և զինամթերքով գաղտնի օգնության տրամադրումը, ինչի մասին տեղեկատվական արտահոսք եղավ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ղըրըմօղլուի հետ էլեկտրոնային նամակագրության հաքերային հրապարակումից հետո, որևէ կասկած չեն թողնում, որ Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է:

Ընդ որում, հաշվի առնելով անկախությունից ի վեր ուկրաինական պետականության համարյա անընդմեջ ճգնաժամերի մեջ գտնվելու հանգամանքը և դրանց տեսանելի ապագայում լուծման հեռանկարի չափազանց մշուշոտ բնույթը, Թուրքիային Ղրիմից հեռու պահող միակ իրական ուժը եղել և մնում է Ռուսաստանը:

Մյուս կողմից՝ տարօրինակ զուգադիպությամբ հենց 2013թ. նոյեմբերին ստեղծված և Մայդանի դեպքերը լայնորեն լուսաբանած ուկրաինական «Еспресо TV» համացանցային հեռուստատեսության կայքը, թուրքական «Հյուրրիյեթի» հետ ձայն ձայնի տված, «վերլուծական» նյութ է հրապարակել, ըստ որի՝ Ղրիմի անկախության հնարավոր հռչակման դեպքում, իբր, միջազգային իրավունքի տեսանկյունից թերակղզին ինքնաբերաբար պետք է վերադառնա Թուրքիայի տարածքային ինքնիշխանության ներքո:

Միևնույն ժամանակ, տարբեր ուկրաինական ԶԼՄ-ներ լուրեր են տարածում «ռուսական ագրեսորների» դեմ Թուրքիայում անցկացված զանգվածային ցույցերի մասին՝ տեղադրելով նաև լուսանկար, որում երևում են ցուցարարներ Թուրքիայի և Ղրիմի թաթարների դրոշներով:

Ասվածի համատեքստում ակնհայտ է, որ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցը ուկրաինական մայրաքաղաք ամենևին էլ սովորականներից չի եղել և հստակորեն տեղավորվում է Ռուսաստանի դեմ իրականացվող առնվազն քարոզչական բնույթի պատերազմական գործողությունների տրամաբանության մեջ: 

Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է