.jpg)
Սերոն գիտի, որ իրենից այն կողմ ես որևէ մեկին չեմ նկատում. Ալլա Լևոնյան
Life.panorama.am-ը առաջիկա տոնական անցուդարձի, կանանց սիրելի նվերների, նաև համերգային շրջագայությունների շուրջ զրուցել է երգչուհի Ալլա Լևոնյանի հետ: Ի դեպ, վերջինս գեղեցիկ գարնանային համերգային ծրագրով շուտով կողջունի և կուրախացնի իր հանդիսատեսին:

-Կարծեք թե գարնանային նորություններ ունեք մեզ համար, այո՞:
-Այո, մարտի 6-ին «Yans Music Hall»-ում իմ մենահամերգն է: Նվագախմբով, բեկ վոկալով, 6 հոգուց բաղկացած բենդ է: Նոր երգերով, գարնանային, հետաքրքիր ծրագրով համերգ է լինելու: Այնուհետև մարտի վերջին մեկնելու եմ ԱՄՆ: Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում մեծ մենահամերգներ ունեմ: Մոտ 25 օր կբացակայեմ Հայաստանից:
-Ընտանիքի հե՞տ եք մեկնելու:
-Ընտանիքից միայն ամուսինս կլինի ինձ հետ, մենք միշտ միասին ենք մեկնում:
-Իսկ երեխանե՞րը: Ամենափոքրիկը ինչպե՞ս է առանց ձեզ մնալու:
-Երեխաները մայրիկիս մոտ կմնան: Իհարկե, դժվար է, բայց ես երեխաներիս չեմ թողնում, գնում ծովափ՝ հանգստանալու: Սա իմ կարիերան է, որը միայն հաճույքի համար չի, նաև իմ աշխատանքն է, ապրելակերպը:
.jpeg)
-Ալլա, ամսի 6-ի համերգը կանանց մեկամսյակի՞ն է նվիրված:
-Ավելի շուտ գարնան գալուստին: Քանի որ մեզ մոտ մարտի 1-ը մի քիչ ավելի տխուր հիշողությունների օր է: Թեև շատ կցանկանայի, որ գարնան առաջին օրը լիներ ավելի ուրախ: Իսկ մարտի 8-ին ավելի զբաղված եմ լինելու՝ տարբեր միջոցառումներ, համերգներ, այդ պատճառով որոշեցի ամսի 6-ը:
-Թեև շատերն ասում են, որ տարին 12 ամիս կանանց տոնն է, սակայն շուտով ոտք ենք դնում կանանց պաշտոնական մեկամսյակ: Սիրո՞ւ եք այդ տոնը:
-Այո, հրաշալի եմ տրամադրված տոնի նկատմամբ: Շատ ծաղիկներ են լինում կանանց ձեռքին, տղամարդկանց ձեռքին: Դա արդեն իսկ աչք է շոյում: Որքան էլ ասենք, որ կնոջ համար չկա կոնկրետ օր, միշտ նրա տոնն է, բայց հավատացեք՝ սպասում ենք այդ օրերին: Հաճելի է շատ:
-Ի դեպ, արդեն գիտե՞ք, թե մարտի 8-ը որտեղ և ինչպես եք անցկացնելու:
-Ամեն տարի ամուսնուս, իր ընկերների և նրանց կանանց հետ ենք անցկացնում: Այս տարի ևս բացառություն չի լինի: Իսկ կիրակի օրը՝ մարտի 2-ին, ես և Սերոն մեծ որդուս և աղջկաս հետ գնացինք Գառնիի տաճար, Գեղարդ: Երեխաներին ծանոթացրեցինք պատմությանը: Ամուսնուս հետ որոշեցինք շաբաթը մեկ անգամ երեխաներին տանել էքսկուրսիայի և ծանոթացնել մեր երկրի արժեքներին: Ուզում ենք իրենք շատ բան իմանան մեր և՛ բնության, և՛ ճարտարապետության, և՛ եկեղեցիների մասին:
-Նվերներ ստանալ սիրո՞ւմ եք, արդեն իսկ մարտի 8-ից այդ տեսանկյունից ունե՞ք ակնկալիքներ:
-(Ծիծաղում է) Ճիշտն ասած անակնկալներ շատ եմ ունենում: Առաջինը ամուսնուցս եմ սպասում, բայց երկրպագուներս և ընկերներս ևս միշտ ինձ շրջապատում են այդ հաճելի նվերներով: Օրինակ, գարնան առաջին օրը Հայկը, Ժանուլիկն ու Սերոն իմ սիրած կակաչներն ու նարգիզները ինձ նվիրեցին:
-Ամուսնուց ի՞նչ նվերի սպասելիք ունեք:
-Գիտեմ, որ մարտի 8-ին գեղեցիկ նվեր կստանամ, բայց ինչ՝ չգիտեմ: Ինքը սիրում է նվիրել օծանելիքներ, թանկարժեք զարդեր, և պարտադիր՝ ծաղիկներ:
.jpeg)
-Երկրպագուներից անակնկալներ շա՞տ եք ունենում:
-Այո: Ինձ մոտ շատ է տպավորվել, երբ մեկն ինձ ուղարկել էր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը.. Շատ հաճախ անհատական, անձամբ ինձ համար գրված բանաստեղծություններ եմ նվեր ստանում, ասեղնագործած խաչեր, տարազ, որը նվեր ստացա իմ «Հայաստան» երգի կատարման ժամանակ: Այդ տարազը հին ու նոր Հայաստանն է խորհրդանշում: Ես նաև 4 տարբեր հեղինակներից գրքեր եմ նվեր ստացել, որտեղ իմ անունով բանաստեղծություններ են ներառված: Դա երևի ամենաթանկն է ինձ համար:
-Ալլա, իսկ այդ նվերները, գեղեցիկ խոսքերը, այն էլ տղամարդ երկրպագուների կողմից, խանդի առիթ չե՞ն դառնում:
-Ամենևին: Ես այդ մտավախությունը միշտ եմ ունեցել, բայց դա կարող էր լինել մեր հանդիպման, կամ ամուսնության առաջին շրջանում: Սերոն գիտի, որ իրենից այն կողմ ես որևէ մեկին չեմ նկատում, անվերապահորեն եմ նվիրված: Բնականաբար, երբեմն թեթևակի խանդեր լինում են, բայց ոչ այն ծակող խանդը, որի պատճառով ես կունենայի հոգեբանական խնդիրներ: Ասեմ նույնիսկ, որ շատ դեպքեր են եղել արտասահմանում, որ սփյուռքահայ տղամարդիկ սեր են խոստովանել, բայց այնքան անկեղծ ու ճիշտ, որ խնդիր չի առաջացրել: Սերոն հասկացել է, որ իր կնոջը ոչ միայն որպես կնոջ են նայում, այլև որպես երգչուհու, արվեստագետի: Այնպես որ դա երբեք խնդիր չի առաջացրել:
-Բայց դժվար է լինել երգչուհու ամուսին:
-Իհարկե դժվար է, քանի որ ես միշտ ուշադրության կենտրոնում եմ: Երբ ընկերներով կամ երկուսով մի տեղ նստած ենք լինում, ինձ անպայման ծաղիկներ, խմիչք են ուղարկում: Բայց նորից ասեմ, որ դրան ձև կա: Երբ դա արվում է գեղեցիկ և հարգանքով, ապա ոչ մի խնդիր առաջացնել չի կարող: Շատ է եղել, որ մոտեցել են Սերոյին, ձեռքը սեղմել և ինձ ծաղիկներ նվիրել: Եվ հասկացել է նա, որ դա բնական երևույթ է և խուսափել հնարավոր չէ (ժպտում է):
.jpeg)
-Ձեր ընտանիքում իգական սեռի արդեն 3 ներկայացուցիչ կա: Մեկ ամսյակի ընթացքում դժվար է լինելու ձեր տան տղամարդկանց վիճակը:
-Իսկապես: Մարտի 8-ին ամուսինս ու տղաս և՛ ինձ, և՛ Ժանուլիկին պարտադիր ծաղիկներ են նվիրում, այս տարի մեզ միացավ նաև Շաղիկը: Տղաս տեսնելով, որ հայրը ծաղիկներ է նվիրում իր մայրիկին, կնոջը, դստրիկին, իր մոտ էլ այդ կուլտուրան ձևավորում է: Հիմա և՛ Հայկն է հասկանում, որ տղան պետք է իր շրջապատի կանանց ուշադիր լինի, և՛ Ժանուլիկն է գիտակցում, որ պետք է ուշադրության կենտրոնում լինի: Դա պարտադրովի չի, երեխաները պետք է իրենց ընտանիքում տեսնեն ու սովորեն:
-Ձեր ամուսնու նվերները լինում են ըստ ձեր ցանկության կամ անհրաժեշտությա՞ն, թե՞ ըստ իր ճաշակի:
-Ըստ իր ճաշակի: Իմ ցանկությունը իր ճաշակի հետ միշտ համընկնում է: Մեծամասամբ, ինչ ինձ անհրաժեշտ է, ես գնում եմ, նամանավանդ, երբ միասին դրսում ենք լինում, մեզ ինչ պետք է, գնում ենք: Իսկ տոնական օրերին ինչ առնում է, իմ ճաշակով է լինում և երկուսս էլ գոհ ենք լինում:
-Շնորհակալ եմ Ալլա, և շնորհավորում եմ:
-Ես ևս շնորհավորում եմ ձեզ և բոլոր կանանց: Թող միշտ ժպտան, բարեկեցիկ կյանքով ապրեն, գեղեցիկ նվերներ ստանան: Կարևոր չէ նվերի գինը: Կան կանայք, որոնց իրենց ամուսինները թանկարժեք ու ճոխ նվերներով են զարդարում, բայց իրենք երջանիկ չեն: Կարևոր են խոսքերը, ծաղիկներն ու ուշադրությունը: Դա թող պարտադիր լինի, մնացածն իրենց հնարավորության չափով թող անեն: Կարևորն այն է, որ իրենց կանանց միշտ սիրեն: