.jpg)
9 տարի ազատազրկում՝ մորը բռնաբարած հորեղբոր սպանության համար
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ 20-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը) և դատապարտվել ազատազրկման 9 /ինը/ տարի ժամկետով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 03.04.2013թ ժամը 21-ի սահմաններում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզում գնտվող իր տան բակում վիճաբանել է հորեղբոր` Արտուշ Խաչատրյանի հետ, որի ժամանակ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ծալովի շեղբով դանակով 15 հարվածներ է հասցրել Արտուշ Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Դատաքննությամբ և քրեական գործի նյութերով պարզվել է, որ Արթուր և Արտուշ Խաչատրյանների ընտանիքը բնակվել է Արարատի մարզում: 1994 թ. Արթուր Խաչատրյանը ԼՂՀ–ում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է, որից հետո նրա որդին Ռաֆիկ Խաչատրյանը, կնոջ Աստղիկ Թովմասյանի հետ շարունակել են բնակվել Արարատի մարզում գտնվող իրենց տանը, որտեղ բնակվել է նաև Արտուշ Խաչատրյանը:
2002 թ. Աստղիկ Թովմասյանն իր և հանգուցյալ ամուսնու հարազատներին բողոքել է, որ Արտուշ Խաչատրյանն իրեն բռնաբարել է, սակայն կատարվածի մասին իրավասու մարմնին հաղորդում չի ներկայացրել: Վերջինիս և Աստղիկ Թովմասյանի միջև գույքային հարցերի շուրջ տարաձայնություններ են առաջացել, ինչի հետևանքով էլ դատարանի վճռով բնակելի տանից բաժնեմաս է առանձնացվել` երկու սենյակ հատկացվել է Աստղիկ Թովմասյանին ու նրա երեխաներին, մեկ սենյակ` Արտուշ Խաչատրյանին, իսկ կոմունալ հարմարություները թողնվել է ընդհանուր օգտագործման:
Արտուշ Խաչատրյանը հիմնականում բնակվել է արտասահմանում, սակայն մեկընդմեջ, կարճ ժամանակով եկել է հայրենի գյուղ և կրկին վերադարձել: 2013 թ. մարտ ամսի վերջերին, հերթական անգամ այցելել է Հայաստան և Երևան քաղաքում պատահաբար հանդիպելով եղբոր որդուն` Ռաֆիկ Խաչատրյանին, նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հաջորդ օրը մեկնել են Տափերական գյուղ` տատիկի տուն, որտեղ էլ տան վերաբաժանման հարցի շուրջ Ռաֆիկ Խաչատրյանի հետ ընդհանուր հայտարարի են եկել, ինչպես նաև խոսել են Արտուշ Խաչատրյանի կողմից Աստղիկ Թովմասյանին բռնաբարելու շուրջ, ինչը խոստովանել է Արտուշ Խաչատրյանը` նրան անվանելով անբարոյական: Դրանից հետո, 2013թվականի ապրիլի 03-ին, Ռաֆիկ Խաչատրյանն առավոտյան գյուղի խանութից գնելով 5 շիշ գարեջուր վերադարձել է տուն ու խմել 1 շիշ գարեջուրը: Այդ ընթացքում զանգահարել է հորեղբայրը` Արտուշ Խաչատրյանն ու ցանկություն հայտնել նրանց տուն գալ: Նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Արտուշ Խաչատրյանն ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է նրանց տուն, որտեղ էլ Արտուշ Խաչատրյանը, Ռաֆիկ Խաչատրյանն ու Աստղիկ Թովմասյանը միասին հաց են կերել և այդ ընթացքում Խաչատրյաններն օղի և գարեջուր են օգտագործել:
Այնուհետև ժամը 17-ի սահմաններում Արտուշ և Ռաֆիկ Խաչատրյանները գնացել են վերջինիս հոր գերեզմանին ու վերադառնալով շարունակել են ոգելից խմիչք խմել: Սեղանի շուրջ խոսակցության ընթացքում Արտուշ Խաչատրյանը խախտելով բնակելի տան վերաբաժանման հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հայտնել է, որ ինքը փոշմանել է ու չի պատրաստվում ազատել իրեն հատկացված սենյակը, ինչպես նաև կրկին հայտնել է, որ Ռաֆիկի հայրը ոչ թե զոհվել է ԼՂՀ-ում մարտական գործողությունների ընթացքում, այլ ինքնասպան է եղել նրա մոր անբարո վարքագծի հետևանքով և նա անբարոյականի որդի է: Ռաֆիկ Խաչատրյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիրավորվելով մոր հասցեին արված հորեղբոր արտահայտություններից, Արտուշ Խաչատրյանին սպանելու դիտավորությամբ, գոտկատեղից հանել է մշտապես իր մոտ պահվող ծալովի դանակը, սակայն հորեղբայրը հասկանալով ու զգալով, որ Ռաֆիկ Խաչատրյանը ցանկանում է իրեն սպանել, սեղանի վրայից վերցնելով գարեջրի ապակե շիշը, ցանկացել է դրանով հարվածել Ռաֆիկին, բայց վերջինս խույս է տվել հարվածից և գարեջրի տարան դիպչելով սեղանին, ջարդվել է: Ռաֆիկ Խաչատրյանը նստած տեղից բարձրացել ու արագ առաջանալով դեմքով դեպի սեղանի շուրջ նստած Արտուշ Խաչատրյանի թիկունքային մաս, ձախ ձեռքը դրել է նստած վիճակում Արտուշի ճակատին և դանակով 2 անգամ կտրել նրա կոկորդը, որից հետո Արտուշ Խաչատրյանը նստած տեղից վայր է ընկել ու տեսնելով, որ նա դեռևս ողջ է, նրան վերջնականապես ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, Ռաֆիկ Խաչատրյանը կռանալով նրա վրա, դանակի ևս 13 հարվածներ է հասցրել Արտուշ Խաչատրյանի որովայնին, կրծքավանդակին, պարանոցին ու դեմքին, ինչի հետևանքով էլ Արտուշ Խաչատրյանը տրավմատիկ շոկից մահացել է:
Ռաֆիկ Խաչատրյանը հանցագործությունը թաքցնելու նպատակով Արտուշ Խաչատրյանի դիակն ոտքով հրել, գցել է նկուղի մեջ ու դիմել փախուստի: Սպանության ականատես Ռաֆիկ Խաչատրյանի մայրը վախենալով կատարվածից, մտել է տուն ու որոշ ժամանակ անց հեռացել տանից:
Ռաֆիկ Խաչատրյանը դիակը թաքցնելուց հետո հասկանալով որ իր կատարածը կբացահայտվի, նույն օրը ժամը 21:36-ին իր հեռախոսահամարի բջջային հեռախոսով զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել իր կողմից կատարված սպանության մասին:
Ռաֆիկ Խաչատրյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ իր և հորեղբոր հարաբերությունները նորմալ են եղել:
2010 թ. մայրն իրեն պատմել է որ հորեղբայրը` Արտուշ Խաչատրյանը հորից մահից հետո 2002-2003 թ. ընթացքում բռնաբարել է իրեն, ինչի մասին տեղյակ են մորեղբայրներն ու տատիկը: Մոր պատմածը հաստատել են նաև մորեղբայրները, սակայն իր և հորեղբոր միջև թշնամական հարաբերություններ չեն եղել: Հորեղբայրը հաճախակի է վիրավորել մորը, սակայն մորն ուղղված վիրավորական արտահայտություններ անելիս միշտ գինովցած վիճակում է եղել, ինչն էլ հաշվի առնելով, ինքը փորձել է ներել նրան, բացի դա, տարիքով փոքր է եղել և շատ բաներ չի գիտակցել:
2013 թ. մարտ ամսի վերջերին Երևան քաղաքի ավտոկայանում պատահաբար հանդիպելով հորեղբորը, վերջինիս հետ պայմանավորվել են հաջորդ օրը գնալ Տափերական գյուղ` տատիկի տուն: Քանի որ ինքը ցանկացել է ամուսնանալ և ընտանիք կազմել, իսկ այդ վիճակով` առանձնացված բաժնեմասերով, հնարավոր չէր մոր և իր ընտանիքի հետ համատեղ բնակվել միևնույն տանը, ուստի մոր հետ որոշել են հորեղբորն առաջարկել հրաժարվել այդ բնակելի տանից և տեղափոխվել բնակվելու իրենց տանը կից առանձին շինությունում որտեղ եղել են բնակվելու բոլոր պայմանները: Հաջորդ օրն ինքն ու հորեղբայրը զրուցել են իրենց տան վերաբաժանման մասին և հորեղբայրը համաձայնվել է իր առաջարկած տարբերակին այն է` նա ազատի իրեն հատկացված սենյակը և տեղափովի տանը կից առանձին շինությունում բնակվելու:
Այդ օրը խոսել են նաև հորեղբոր կողմից մորը բռնաբարելու համագամանքի շուրջ, ինչը խոստովանել է հորեղբայրը, ասելով որ նման բան իրականում եղել է, սակայն իրենց միջև որևէ կոնֆլիկտ չի եղել: Դրանից հետո ինքն Արտուշ Խաչատրյանին հանդիպել է 2013 թ. ապրիլի 03-ին, երբ վերջինս զանգահարել ու ցանկություն է հայտնել իրենց տուն գալ: Այդ օրն առավոտյան խանութից 5 շիշ գարեջուր է գնել, որից մեկ շիշը խմել է:
Ժամը 15:30-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում իրենց տուն է եկել հորեղբայրը և նրա առաջակով շարունակել են ոգելից խմիչք օգտագործել, որի ընթացքում էլ Արտուշ Խաչատրյանը մեկ անգամ ևս հաստատել է մորը բռնաբարելու փաստը, մանրամասնել կատարվածը, ասել, որ մայրն անբարոյական է և հայրը մահացել է ոչ թե մարտի դաշտում այլ տեղեկանալով մոր պահվածքի մասին, ինքնասպան է եղել, սակայն իրենց միջև վեճ չի եղել:
Այնուհետև միասին գնացել են հոր գերեզմանին, որտեղ էլ նա իրեն «անբարոյականի» տղա է անվանել, ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինքը անբարոյականի տղա է, որ հայրը մահացել ոչ թե մարտի դաշտում այլ մոր անբարո վարքագծի հետևանքով ինքնասպան է եղել և շուրջ 40 րոպե անց վերադարձել ու իրենց տանը հաց են կերել, որի ընթացքում հորեղբայրն ասել է, որ ինքը փոշմանել է և չի ցանկանում իրեն հատկացված սենյակն ազատել ու տունն ամբողջությամբ թողնել իրենց տնօրինությանը: Խոսակցության ընթացքում ինքը մի քանի րոպե սեղանից բացակայել է, չի հիշում թե ինչու, ապա վերադարձել ու տեսել է մորը արտասվելիս, իսկ Արտուշին իրենց հասցեին հայհոյելիս, իր հարցին մայրը չի պատասխանել, սակայն հասկացել է, որ հորեղբայրը կրկին վիրավորել է մորը:
Ինքը պահանջել է որ նա դադարեցնի մոր հասցեին ուղղված վիրավորանքները, սակայն վերջինս շարունակել է իր հայհոյանքները, դարձյալ ասել, որ հայրն ինքնասպան է եղել անբարոյական մոր պատճառով, մայրն անբարոյական է, մայրն իր «ք.ն» է, իրեն անվանել է դարձյալ «անբարոյականի» տղա, ինչն էլ իրեն հունից հանել է, համբերության բաժակն արդեն լցվել է և տարիների կուտակված ցավն ու վիրավորանքն այլևս չտանելով, այդ պահին իր մոտ միտք է ծագել հորեղբոր արտահայտությունների համար գոտկատեղում եղած դանակով նրան վնաս պատճառել:
Երբ ձեռքը տարել է գոտկատեղ` դանակը հանելու, Արտուշը զգալով որ ինքը դանակ է հանում, վերցրել է սեղանին դրված գարեջրի շիշն ու նետել իր ուղղությամբ: Այդ պահին իր աչքերը մթագնել են և առանց հասկանալու, հանելով դանակը, նրան վնասելու նպատակով արագ վեր կենալով տեղից, անցել է սեղանի շուրջ նստած Արտուշի թիկունքային մաս և ճակատից բռնելով դանակով երկու անգամ կտրել նրա կոկորդը: Այնուհետև դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, սակայն դանակի քանի հարված է հասցրել և ինչու, չի հիշում, չի հասկացել թե ինչու է այդքան հարվածել նրա որովայնին, ինքնաբերաբար դադարեցրել է հարվածելը: Այնուհետև փորձել է դիակը թաքցնել, սակայն այն ինչպես է հայտնվել բակի աստիճանների վրա դարձյալ չի հիշում: Այդ ընթացքում որևէ մեկի, հատկապես մոր ձայնը չի լսել: Ինքն այդ պահին ու դրանից մի քանի օր ևս ստրեսի մեջ է եղել:
Դատաքննության ընթացքում նա՝ իր նախաքննական ցուցմունքների վերաբերյալ ասել է, որ դրանցում նշել է դանակի 15 հարվածների մասին, բայց այդ ժամանակ ինքը ստրեսի մեջ է եղել և ցուցմունքի որոշ պահեր իրեն հուշել է քննիչը, այդ թվում նաև դանակի հարվածների թիվը:
Համաձայն դատաբժշկական փորձագետի թիվ 46 եզրակացության, Արտուշ Խաչատրյանի մահը վրա է հասել պարանոցի կրծքավանդակի, որովայնի կտրած– ծակած թափանցող, չթափանցող վնասվածքներից, դեմքի, աջ ուսահոդի քերծվածքներից առաջացած, տրավմատիկ շոկից։
Դատաքիմիական ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արտուշ Խաչատրյանը մահվան պահին եղել է ալկոհոլային ուժեղ հարբածության վիճակում:
Դատարանը դատավճիռ կայացնելիս հաշվի է առել այն, որ Ռաֆիկ Խաչատրյանն արարքը կատարելով ալկոհոլային հարբածության ֆոնի վրա, չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, սակայն հուզական տևական լարվածության կուտակումն էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա:
Դատարանը՝ գնահատելով ձեռք բերված ապացույցները, գտնում է, որ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքի այն մասը, որը վերաբերվում է տուժողին դիտավորյալ ապօրինի կյանքից զրկելու ցանկություն չունենալուն և արարքը կատարելու պահին չի հասկացել թե ինչի է կատարվում իր հետ, այսինքը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, հավատ չի ներշնչում և նպատակ է հետապնդում խուսափելու ավելի ծանր հանցագործության կատարման համար պատասխանատվության ենթարկվելու, տուժողին կյանքից զրկելու նրա դիտավորությունը հաստատվում է իր իսկ նախաքննության ընթացքում տված ցուցմունքով և ժխտվում է ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձագիտական եզրակացությամբ, համաձայն որի, Ռաֆիկ Խաչատրյանն իրավախախտումը կատարելու պահին չի գտնվել որևէ ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, այլ գտնվել է սովորական հարբածության վիճակում, ինչն էլ հաշվի առնելով դատարանը գտնում է, որ հանցագործությունը կատարելիս Ռաֆիկ Խաչատրյանը չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: