.jpg)
«Արաբկիրի» 2 մանկաբույժները մեղադրվում են 2-ամյա Լ. Միսակյանի մահվան գործով
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով մեղադրվող բժշիկների դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 1985 թ. ծնված Լիլիթ Վ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ՝ «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։
Ըստ 1985 թ. ծնված Զարինե Ա.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ՝ «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 Հոդվածի 2 Մասի ( Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լ. Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր երեխան մահացել է Արաբկիր ԲԿ-ի բժիշկների մեղքով:
«Դեկտեմբերի 31-ի երեկոյան երեխաս ջերմությունից ցնցումների մեջ ընկավ, շտապօգնություն կանչեցի, նրանք էլ առաջարկեցին երեխային հիվանդանոց տեղափոխել: Արդեն Արաբկիր ԲԿ-ում բժշկուհին լսեց երեխայիս թոքերը, ասեց, ամեն ինչ մաքուր է, կաթիլային միացրեցին: Հունվարի 1-ի առավոտյան մեկ ուրիշ բժշկուհի եկավ, ուղղակի ներկա ստացավ ու գնաց: Ասեց, կաթիլայինը շարունակեք, 3-4 ներարկիչով ջերմիջեցնող բերեցին, որ մենք երեխայի ջերմությունը չափենք, ու եթե բարձրանա, տանք երեխային: Ընթացքում բժիշկները ո՛չ գալիս էին, ո՛չ մտնում հիվանդասենյակ: Այդ օրվա բժշկուհուն ասեցի, որ երեխաս նորմալ չի շնչում, ասեց հասարակ վիրուս է, և սիստեմայով կանցկացնենք: Հունվարի 2-ին երեխաս արդեն հազիվ էր շնչում, կանչեցի այդ օրվա բժշկուհուն, լսեց, ասեց, որ երեխայի մոտ աջակողմյան թոքաբորբ է, ուղարկեց հետազոտությունների: Հետո, երբ երեխային տարանք պրոցեդուրաների սենյակ, երեխայի կոկորդից արյան հետ խառնված թարախ էր դուրս գալիս: Սակայն բժիշկներն ասում էին, որ կոկորդին ձեքռ տալ չի կարելի: Դրանից հետո երեխային բարձրացրեցինք քիթ կոկորդի բժշկի մոտ, ով ասաց, որ երեխայի վիճակը շատ վատ է, նա արդեն հազիվ էր շնչում: Առանց պրոբա դնելու՝ հակաբորբոքիչ ներարկեցին, ինչը, այլ բժիշկների խոսքով, կարող էր փակել նրա շնչառությունը»,- պատմել էր Գ. Միսակյանը:
Գ. Միսակյանի խոսքով՝ երեխան միայն հունվարի 2-ին է անցել այն անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, որոնք պետք է անցներ դեռ դեկտեմբերի 31-ին:
«Մեզ մեզի և կղանքի անալիզի սրվակներ էին տվել, որոնք այդպես էլ մնացին սենյակում, որովհետև ասեցին, որ լաբորատորին չի աշխատում, և իզուր ենք վերցրել անալիզները: Երեխան առաջին օրը ավելի լավ էր, քայլում էր բուժքույր Լարիսայի ձեռքը բռնած, սակայն գնալով՝ նրա վիճակը վատացավ, հունվարի 2-ին արդեն ոչինչ չէր ուտում, գլյուկոզա միացրեցին: Նրանք անգամ վերջին պահին անտարբեր էին, երբ երեխային թթվածնային դիմակ էին միացրել, դարձյալ կինս էր պահում, թեև բուժքույրը սենյակում էր կանգնած»,- ասել էր նա:
Գ. Միսակյանի խոսքով՝ ինքն է նկատել, որ երեխայի բիբերը լայնացել են, և բժիշկ է կանչել, որից հետո փոքրիկին տարել են վերակենդանացման բաժանմունք:
«Վերակենդանացման բաժանմունքում 2-3 ժամ պահելուց հետո ասեցին, որ երեխայի մոտ սրտի կանգ է եղել, և նրա կյանքը չի հաջողվել փրկել: Կենտրոնական դիահերձարանի եզրակացության համաձայն՝ երեխայիս մահվան պատճառը երկկողմանի թոքաբորբը, նշիկների թարախային բորբոքումն է եղել, որ արյան վարակ է առաջացրել: Չնայած՝ կենտրոնի եզրակացության համաձայն, երեխայի մոտ արձանագրվել է աջակողմյան պլևրոպնևմանիա, սպեցիֆիկ անգինա, հանկարծակի սրտի կանգ»,-ասել էր նա:
Նախորդող հրապարակում՝ 2-ամյա երեխան մահացել է հիվանդանոցում. Հայրը մեղադրում է բժիշկներին