«Ղրիմի դեպքերից պետք է դաս քաղենք՝ երկրի անվտանգության երաշխավորը բանակն է»
04/03/2014 16:30

«Ղրիմի դեպքերից պետք է դաս քաղենք՝ երկրի անվտանգության երաշխավորը բանակն է»

Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակից Հայաստանն առաջին հերթին պետք է մեկ դաս քաղի՝ ցանկացած երկրի անկախության ու ընդհանրապես՝ գոյության երաշխավորը՝ մարտունակ բանակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քարոզչական ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենախաղաղ ու ամենահաստատուն տարածաշրջանում իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:

«Եթե, օրինակ, կես տարի առաջ ինչ-որ մեկին ասեին, որ Ուկրաինայում կարող է զորակոչ հայտարարվի ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմի պայմաններում, այդ մարդուն երևի խելագար կհամարեին, բայց ընդամենը մի քանի ամսում իրավիճակն այնպես փոխվեց, որ այսօր Ուկրաինայում փորձում են զինակոչ հայտարարել ու Ուկրաինայի փորձը ցույց տվեց, որ դա իրենց մոտ չի ստացվում»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Քարոզչական ոլորտի հետազոտողի կարծիքով՝ Ուկրաինան` լինելով համեմատաբար խաղաղ ու կայուն, տարածաշրջանում աչքաթող է արել իր բանակը, որը հիմա, մեղմ ասած, մարտակունակ վիճակում չէ.

«Անցյալ տարի օգոստոսին Ուկրաինան հայտարարեց, որ անցնում է պայմանագրային բանակի, այսինքն` այն, ինչ այսօր Հայաստանում ընդունված է անվանել պրոֆեսիոնալ բանակ: Վերջին զորակոչը եղավ 2013թ.-ի աշնանը: Բայց այսօր վիճակն այնպես է փոխվել, որ ֆորմալ առումով ինչ-որ անհայտ ուժեր են մտնում Ղրիմ, զբաղացնում են ռազմական օբյեկտներ ու Ուկրաինան, փաստորեն, չի կարողանում վերահսկել իր ճանաչված տարածքը: Այլ հարց է, որ բոլորս էլ գիտենք, թե դրանք ինչ ուժեր են՝ ռուսական բանակի համազգեստով ու զրահամեքենաներով»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ կան մի քանի գործոններ, որոնք ծանրացնում են Ուկրաինայի վիճակը.

«Նախ ուկրաինական բանակի հրամանատարների համար հասկանալի չէ, թե ում ենթարկվել, որովհետև իրավական առումով շատ մշուշոտ իրավիճակ է: Յանուկովիչը, կարծես թե, դե յուրե նախագահ է, որովհետև իրեն այս պաշտոնից զրկելու օրինական ընթացակարգը չի պահպանվել: Մի այսպիսի գործոն էլ կա, որ ուկրաինական բանակի սպայակազմի մի զգալի մասը ռուսներ կամ ռուսախոսներ են ու մեծ հարցական է՝ արդյոք նրանք պատրա՞ստ են կռվել Ռուսատանի դեմ: Երրորդ հարցը՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինայում վերջին 20 տարվա ընթացքում ընդհանրապես որևէ մեկը լրջորեն չի մտածել, որ կարող է կարիք լինի երկրի տարածքն ու սահմանները պաշտպանեն: Փաստացի այսօր ուկրաինական բանակը տեխնիկապես պատրաստ չէ պատերազմի և շատ վատ վիճակում է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նա առանձնացրեց ևս մեկ գործոն՝ շատ կարևոր է ռազմական ռեզերվ ունենալը.

«Ուկրաինայի փորձը մեզ ևս մեկ բան սովորեցրեց: Երբ այդ երկրում զորակոչ հայտարարվեց, նախ՝ ոչ ոք չարձագանքեց և երկրորդ՝ հենց Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը հայտարարեց, որ պետությունն ուղղակի չունի զորակոչված զինվորների զինելու կամ տարրականը՝ համազգեստ տալու հնարավորություն: Մենք պետք է սրանով ևս մեկ անգամ համոզվենք՝ երկրի անվտանգության երաշխավորն այդ երկրի մարտական բանակն է: Երբեք չեն գալու բարի «ձյաձյաներ» ու չեն պաշտպանելու մեր երկրի անվտանգությունը»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նախորդող հրապաարկում՝ Թուրքագետ. Սև ծովում Թուրքիայի միակ հակառակորդը Ռուսաստանն է
 

«Ղրիմի դեպքերից պետք է դաս քաղենք՝ երկրի անվտանգության երաշխավորը բանակն է»