Թուրքագետ. Սև ծովում Թուրքիայի միակ հակառակորդը Ռուսաստանն է
04/03/2014 13:30

Թուրքագետ. Սև ծովում Թուրքիայի միակ հակառակորդը Ռուսաստանն է

Ղրիմի թաթարներն ունեն թուրքամետ դիրքորոշում և սա է Անկարայի գլխավոր խաղաքարտը Ղրիմի հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների ու դրանցում Թուրքիայի դերի մասին ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«Այս դեպքում Թուրքիայի միակ հակառակորդը Սև ծովում Ռուսաստանն է: Պաշտոնական Անկարան այսօր փորձում է իր ազդեցությունը ամրապնդել Ղրիմում: Այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այցելել է Կիև և հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդների հետ: Սրանով Դավութօղլուն մեսիջ է ուղարկել՝ հայտարարելով՝ Թուրքիան աջակցելու է Ղրիմի թաթարներին և Անկարայի շահերից չի բխում Ղրիմի միացումը Ռուսաստանին»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն էլ ավելացրեց, որ Թուրքիան վաղուց է «աշխատում» Ղրիմի հետ:

«Ղրիմում գործում են թուրքական դպրոցներ: Անկարայում արդեն բողոքի ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն Ղրիմի թաթարների»,- ասաց Կարեն Վրթանեսյանն՝ ընդգծելով, որ Ղրիմն իր բացառիկ լավ ռազմավարական ու տնտեսական դիրքով միշտ էլ եղել է կռվախնձոր ու ցանկալի տարածք շատ պետությունների համար: 

Սրան զուգահեռ Կարեն Վրթանեսյանը քիչ հավանական համարեց Ղրիմի շուրջ պատերազմի սկիզբը.

«Սա, իհարկե, արդեն գուշակությունների շարքից է, բայց ես կարծում եմ, որ Արևմուտքը կարող է սահմանափակվել հակառուսական հայտարարություններով և ինչ-որ սանկցիաներով, սակայն գործը պատերազմին դժվար թե հասնի»,- ասաց քարոզչության ոլորտի հետազոտողը:

Նախորդող հրապարակումներ՝ ՌԴ զորքերը կմտնեն Ուկրաինա. Որոշումն ընդունվեց միաձայն

Թուրքիան առնվազն Ղրիմի հարցում հիմնական հակառուսական դերակատարներից է
 

Թուրքագետ. Սև ծովում Թուրքիայի միակ հակառակորդը Ռուսաստանն է